Թուրլոու Քերոլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրլոու Քերոլան
Բնօրինակ անունիռլանդերեն՝ Toirdhealbhach Ó Cearbhalláin
Ծնվել է1670[1][2]
Միտ, Լենստեր
ԵրկիրԻռլանդիա
Մահացել էմարտի 25, 1738(1738-03-25)[2][3]
Ballyfarnon, Ռոսքոմոն, Կոննախտ, Իռլանդիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ և տավղահար
Գործիքներտավիղ և վոկալ
 Turlough Carolan Վիքիպահեստում

Թուրլոու Քերոլան (իռլանդերեն՝ Toirdhealbhach Ó Cearbhalláin, անգլ.՝ Turlough Carolan, 1670[1][2], Միտ, Լենստեր - մարտի 25, 1738(1738-03-25)[2][3], Ballyfarnon, Ռոսքոմոն, Կոննախտ, Իռլանդիա), իռլանդացի կույր թափառական տավղահար, երգիչ, պոետ և կոմպոզիտոր, ով իռլանդական տավղային երաժշտության մեջ մտցրեց բարոկկո երաժշտության ոճը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրլոու Քերոլանը ծնվել է 1670 թվականին, ֆերմերի ընտանիքում, Միթ երկրամասի Նոբբեր գյուղից ոչ հեռու, սակայն շուտով նրա հայրը աշխատանքի անցավ Ռոսկոմոն երկրամասի Բալլիֆարնան գյուղում, ինչը հնարավորություն տվեց Թուրլոուին կրթություն ստանալ։ 18 տարեկան հասակում նա կուրացավ ծաղիկից, և, հոր գործատուի աջակցությամբ դառնալով թափառական երաժիշտ, 1691 թվականից սկսեց ձիով ճամփորդել Իռլանդիայով մեկ և իրեն հյուրընկալածների համար երգեր ստեղծել։ Նրա արվեստի երկրպագուների շարքում կային նաև իռլանդացի նշանավոր հասարակական գործիչներ, որոնց թվում նաև Ջոնաթան Սվիֆթը։ 1720 թվականին Քերոլանը ամուսնացավ Մերի Մագուայրի հետ և հաստատվեց Լիտրիմ երկրամասի Մոհիլլոմ գյուղում, նրանք ունեցան 6 աղջիկ և 1 տղա։ Կնոջ մահից հետո, 1733 թվականին նա վերադարձավ Բալլիֆարնան, որտեղ էլ մահացավ 1738 թվականին, թաղվեց ընտանեկան գերեզմանատանը։ Մահվանից քիչ առաջ նա ստեղծել էր իր վերջին՝ գործիքային երաժշտությունը՝ «Carolan's Farewell to Music», որն ավելի մոտ էր ժողովրդական երաժշտությանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլանը փորձում էր ավանդական տավղային հեղինակային երաժշտությունն ու այդ ժամանակների եվրոպական պրոֆեսիոնալ երաժշտության հաջողությունները համատեղել։ Նրա երաժշտության մի մասը ստեղծվեց Կորելիի, Վիվալդիի և Ֆրանչեսկո Ջեմինիանիի ազդեցությամբ, սակայն հարմոնիզացիան, այնուամենայնիվ, պահպանեց ազգային տարրերը։ Իր արվեստում Քերոլանը մոտեցրեց ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտությունները, որոնք իրարից հեռացել էին միջնադարում։ Իրեն վերագրվող 213 մեղեդիներից շատերի համար գրված են նաև տեքստեր հենց Քերոլանի կողմից։ Դրանք բոլորը իռլանդերեն են, բացի մեկ անգլերենից, և վերնագրված են այն մարդկանց պատվին, ով այդ օրը հյուրընկալել է Քերոլանին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլանի մեղեդիները մեզ են հասել որդու կողմից Դուբլինում 1748 թվականին հրատարակված գրքի շնորհիվ։ 20-րդ դարի կեսերին Քերոլանի երաժշտությունը, որը մինչ այդ պահպանված էր միայն ժողովրդի մեջ, ունեցավ հանրային և պաշտոնական ընդունելություն։ 1986 թվականին Մոհիլլում նրա հիշատակին կանգնեցվեց հուշարձան։ Կիդյուում, նրա գերեզմանից ոչ հեռու ամենամյա փառատոն է անցկացվում և տավղահարների ամառային դպրոց։ Քերոլանը պատկերված է իռլանդական 50 ֆունտանոց թղթադրամի, ինչպես նաև մի շարք նամականիշների վրա։ Նրա արվեստը մեծ հռչակ է վայելում Իռլանդիայում և աշխարհի տավղահարների շրջանակում, այժմ նա համարվում է իռլանդացի մեծագույն կոմպոզիտորներից մեկը։ Քերոլանը դարձել է ժողովրդական առասպելների և անեկդոտների սիրված կերպար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրլոու Քերոլան» հոդվածին։