Թխկի գեղեցիկ
Թխկի գեղեցիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ենթաընտանիք | Hippocastanoideae |
Ցեղ | Թխկի (Acer) |
Տեսակ | Թխկի գեղեցիկ (A. laetum) |
Միջազգային անվանում | |
Acer laetum |
Թխկի գեղեցիկ (լատին․՝ Acer laetum), թխկազգիների ընտանիքի, թխկիների ցեղի բույս։ Էկոլոգիական խումբը` V: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ ծառ է, 13-14 մ բարձրությամբ և մինչև 30-40 սմ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները մերկ են, կանաչ կամ կարմրավուն, երբեմն ծածկված կապտավուն խավով։ Բողբոջները մերկ են, կանաչ։ Տերևները բարակ են, բայց ամուր, 5 (հազվադեպ՝ 3-9) բլթականի, 6-12 (հազվադեպ՝ 1,7) սմ երկարությամբ և 8-14 (հազվադեպ՝ 18) սմ լայնությամբ, մերկ կամ ներքևից ջղերի ուղղությամբ մազմզուկապատ, կտրված, կլորասեպաձև կամ խոր սրտաձև հիմքով։
Բլթակները ձվաձև են, լայն կամ երկարավուն եռանկյունի, ամբողջաեզր։ Տերևակոթունը հավասար է տերևի երկարությանը։ Ծաղկաբույլը վահանաձև հուրան է, մերկ ծաղիկներով։ Ծաղիկները կանաչավուն են, մանր։
Բաժակաթերթիկները նեղ էլիպսաձև են, պսակաթերթիկները' համեմատաբար լայն։ Երկթևիկ-պտուղները մեկը մյուսից հեռանում են բութ, հազվադեպ' ուղիղ անկյան տակ, 2,5-3,8 սմ երկարությամբ։ Սերմնարանները տափակ են, մերկ։
Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում (Արևմտյան Նախակովկաս, Արևմտյան Կովկաս, Արևելյան Կովկաս, Չերքեզիա, Կոլխիդա, Թալիշ)։ Հայաստանի տարածքում հանդիպում է Թումանյանում, Նոյեմբերյանում, Կապանում և Գորիսում, ստորին անտառային գոտում, գետերի և առուների ափերին, ծովի մակերևույթից մինչև 800 մ բարձրությունների վրա, որտեղ աճում է խիստ հազվադեպ, հատ ու կենտ ծառերի ձևով։
Լավ մեղրատու է։ Գարնանը հավաքած հյութը պարունակում է մինչև 1,5 % շաքար։ Ջերմասեր բույս է, ցրտահարվում է 18—20 °C-ի սառնամանիքների դեպքում։
Խոնավասեր է, պահանջկոտ է հողային պայմանների նկատմամբ, բավականին ստվերատար է։ Բազմանում է սերմերի միջոցով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղեցիկ ծառ է։ Ուշադրության արժանի է բնակավայրերի կանաչապատման բնագավառում օգտագործելու համար։ Հայաստանում կարող է կիրառվել միայն ցածրադիր, տաք շրջաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
|