Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյան
Ծնվել էմայիսի 9, 1837(1837-05-09)[1]
ԾննդավայրՅաշ, Մոլդովական իշխանություն
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1897(1897-09-12) (60 տարեկան)
Մահվան վայրՅաշ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտություննկարիչ
 Theodor Buiucliu Վիքիպահեստում

Թեոդոր֊Աստվածատուր Բրյըկլյան (մայիսի 9, 1837(1837-05-09)[1], Յաշ, Մոլդովական իշխանություն - սեպտեմբերի 12, 1897(1897-09-12), Յաշ, Ռումինիա), ռումինահայ գեղանկարիչ, մանկավարժ, լրագրող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանը ծնվել է 1837 թվականի մայիսի 9-ին Յաշ քաղաքում։ Նա հայրը՝ Հակոբ Բրյըկլյանը (1809-1881), մեծ ավանդ է ունեցել ռումինահայ գաղութի պատմության մեջ։

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանը նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Հայկազյան դպրոցում, որից հետո երեք եղբայրների՝ Հովհաննեսի, Գրիգորի ու Արտաշեսի հետ մեկնել է Փարիզ՝ Սամուել-Մուրատ վարժարանում ուսումը շարունակելու որտեղ էլ ստացել է առաջին գեղարվեստական դաստիարակությունը[2][3][4]։ Վարժարանում եղբայրները ցուցաբերելեն գովելի առաջադիմություն[5]։ Վարժարանն ավարտելուց հետո նա Փարիզում գեղանկարչության դասեր է ստացել։ Նախնական շրջանում նա զբաղվել է Փարիզի թանգարաններում գտնվող հայտնի նկարիչների գործերի պատճենահանման աշխատանքներով։ Նկարչական հարուստ փորձ ձեռք բեելուց հետո նա անցել է ստեղծագործական ինքնուրույն աշխատանքի[6]։

Յաշ վերադառնալուց հետո նա սկսել է նկարել գեղանկարներ։ Նա և մի քանի անվանի նկարիչներ Յաշում սենյակ են վարձել և այն վերածել նկարչական արվեստանոցի։ Կարճ ժամանակ անց Թեոդոր֊Աստվածատուր Բրյըկլյանը դարձել է քաղաքի հայտնի գեղանկարիչներից մեկը[6]։

Մշակույթի և լուսավորության նախարար, փիլիսոփա Վասիլե Կոնտան (որը նույնպես հայկական ծագում է ունեցել), 1881 թվականին Բուխարեստում կազմակերպել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Թեոդոր֊Աստվածատուր Բրյըկլյանի հինգ արժեքավոր նկարներ, որոնցից մեկը հեղինակը նվիրել է պետությանը և դրա համար հատուկ շնորհակալագիր ստացել։ 1883 թվականին գրող, թատերագիր, բանահավաք, հրապարակախոս Վասիլե Ալեքսանդրիի հրավերով Բրյըկլյանը նկարել է նրա ամառանոցի պուրակը։ Այդ կտավի հռչակն այնքան մեծ է եղել, որ Յաշի քաղաքային խորհուրդը գնել այն, որպեսզի նրանով զարդարի քաղաքապետարանի մեծ դահլիճը։

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանը զբաղվել է նաև գրքերի ձևավորման աշխատանքներով, կատարել է ռումինացի հայտնի հեղինակների գործերի նկարազարդումները։ Նրա պատճենահանած ստեղծագործությունների մեծ մասը գտնվում են տարբեր ընտանիքներում, իսկ ինքնուրույն աշխատանքները պահվել են նրա կրտսեր եղբոր՝ բարձր վճռաբեկ ատյանի խորհրդական և հայտնի բանասեր Գրիգորի Բրյըկլյանի մոտ։ Վերջինս եղբոր 5 կտավ՝ «Նորվեգական բնանկար» (ձմեռային տեսարան), «Հավաբուն» «Գոթական ավերակները», «Լվացարարուհիները», «Ծառերի տակ» նվիրաբերել է Յաշի պատկերասրահին։ Գրիգորի Բրյըկլյանը Բուխարեստի պատկերասրահին է նվիրել եղբոր «Նոթեր ծառերի տակ», «Ժայռը», «Հեռանկար Լամարի միջով», «Ծառեր մի կանալի եզրին» նկարները։ Գրիգորին իր բարեկամ Անաստասե Սիմունին, որի անունով Բուխարեստում կա թանգարան, նվիրաբերել է «Պրուտի ափին», «Ուռիների ծառուղին» նկարները։

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանի հոր՝ Հակոբ Բրյըկլյանի լուսանկարը (1874) և մոր՝ Մարիա Բրյըկլյանի մանրանկարը (1851)

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանը երկար տարիներ զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ Նա գծագրություն է դասավանդել Յաշում, որից հետո՝ նկարչություն՝ զինվորական վարժարանում[7], Յաշի առևտրական վարժարանում, իսկ 1880 թվականից մինչև մահը աշխատել Է Յաշի Գեղարվեստների վարժարանում՝ որպես նկարչության ամբիոնի ղեկավար, տպարանի տնօրեն։

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանը եղել է Յաշի հայտի լրագրողներից մեկը։ Ռումին քաղաքական գործիչ, պատմաբան, աղբյուրագետ, գրականագետ, հրապարակախոս, գրող, հայագետ Նիկոլայե Յորգան Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանին համարել է Ռումինիայի ամենանշանավոր հայերից մեկը[8]։ Իր մանկավարժական երկարամյա պաշտոնավարության ընթացքում, որպես գծագրության ուսուցիչ պաշտոնավարեել է նաև Յաշի գործող նշանավոր հայ մանկավարժ Խաչերես Գարագաշյանի գիշերօթիկ դպրոցում, որտեղ աշակերտները սովորել են հայերեն, ռումիներեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանն իր եղրայրների հետ Յաշում գործող գրական և արվեստագիտական շրջաններում կապեր է հաստատել ռումինացի նշանավոր գրողների՝ Միհայ Էմինեսկուի, Տոն Կերեանգըյի, Վասիլե Ալեքսանդրիի, Յոն Լուկա Կարաջալեի, Յոհան Սլավիչի և ուրիշների հետ։ Բրյըկլյանները սերտ կապեր են ունեցել նաև հայտնի հայ մտավորականներ Միխայիլ Չերքեզի, պրոֆեսոր Յ. Մելիքի և այլոց հետ։

Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանը մահացել է 1897 թվականի սեպտեմբերի 12-ին, իր ստեղծագործական կյանքի ծաղկման շրշանում։

1900 թվականին հրատարակված «Figuri Contimporane din Romtnia» («Ժամանակից դեմքեր Ռումինիայում») հանրագիտարանում (լույս տեսած ռումիներեն և ֆրանսերեն) մի ամբողջ շարք նվիրված է Բրյըկլյան գերդաստանի անդամներին, հանրագիտարանում մեծ տեղ է հատկացված Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, զետեղվել են նաև նրա բազմաթիվ գործերի ընդօրինակություններ։ Հետագայում Ռումինական գրականության պատմության նոր հրատարակության «Ա» հատորում բանաստեղծ Վ. Ալեքսանդրիի կյանքին նվիրված բաժնում զետեղվել է բանաստեղծի աղջկա՝ Մարիա Բոգդանի կողմից կատարված Բրյրկլյանի «Միրչեշտի պուրակը» նկարի մի պատճեն։ Ռումինական Ակադեմիայի գրադարանի իլյուստրացիոն բաժնում պահպանվում է նկարչի աշխատանքների մի զգալի մասի լուսատիպ ալբոմը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 Stănuța Crețu, Academia Republicii Socialiste România, Universitatea "Al. I. Cuza" din Iași. Institutul de Lingvistică, Istorie Literară și Folclor, Dicționarul literaturii române de la origini pînă la 1900, Editura Academiei Republicii Socialiste România, 1979, p. 132.
  3. Bogdan Căuș, Figuri de Armeni din România: dicționar, Editura Ararat Tiped, 1997, 978-973-93-1-0017, p. 56.
  4. ***, „Informații prețioase despre Grigore M. Buiucliu”, Ararat, Anul XVI nr. 10 (319), 16-31 mai 2005 Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, pp. 6, 8.
  5. Բազմավեպ, 1852, էջ 315-319
  6. 6,0 6,1 6,2 https://arar.sci.am/dlibra/publication/187333/edition/170073/content, Ռումինահայ տաղանդավոր բնանկարիչ Թեոդոր Մ.-Աստվածատուր Բըյըկլյան(1837-1897). {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Ararat', 1934, S i 106.
  8. N. Jorga, Les Armenians de Roumanie..., Bucurefti, 1929

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր-Աստվածատուր Բրյըկլյան» հոդվածին։