Ընտանիքի սոցիալ-հոգեբանական համակարգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընտանիք, հասարակության տարրական բջիջ, որը կազմաված է մարդկանց փոքր խմբից։ Ընտանիքը ձևավորվում է կնոջ և տղամարդու ամուսնությունից, որոնք ունեն նույն կենցաղը, ձգտում են ունենալ դաստիարակված, կրթված և հասարակությանը պիտանի երեխաներ։

Ընտանիքի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք[1]։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։

Ընտանեկան կարգավիճակներն ու դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան դերերը բոլոր այն սոցիալական դերերն են, որոնք անձիք կատարում են` ի հետևանք այն բանի, որ ունեն ընտանիք և այնտեղ որոշակի դիրք են զբաղեցնում։ Այդտեղ «ընտանեկան դեր» հասկացությունն ընդհանուր բնույթ ունի։ Ընդհանրապես ընտանեկան դերերը կարելի է բաժանել երկու խմբի`

  1. ներընտանեկան դերեր
  2. միջընտանեկան դերեր

Ներընտանեկան են այն կարգավիճակներն ու դերերը, որ ընտանիքի անդամներն ստանձնում են միայն այդ ընտանիքի անդամների հետ փոխգործունեության մեջ մտնելիս։ Դրանք են ամուսնական դերերը (կին և տղամարդ), ծնողական դերերը (հայր և մայր), զավակների դերերը (տղա, աղջիկ, եղբայր, քույր)։ Ընտանիքի զավակների այդ դերերը միակն են, քանի դեռ նրանք սեփական ընտանիքներ չեն ստեղծել և նոր դերեր չեն ստանձնել։ Այսինքն, դրանք այն կարգավիճակներն ու դերերն են, որ ունեն բջջային ընտանիքի անդամները։ Այն դեպքում, երբ գործ ունենք ընդլայնված և նահապետական ընտանիքների հետ, պարզվում է, որ կան նաև պապի և տատի, մորաքրոջ, մորեղբոր և այլ դերեր, կախված այն բանից, թե ընտանիքն ինչ չափով է ընդլայնված բջջային ընտանիքի համեմատությամբ։ Հասարակության մեջ ընտանիքները հազվադեպ են լիովին մեկուսացված լինում ավելի լայն`այսպես կոչված սոցիետալ միջավայրից։ Մարդիկ ունեն ազգակցական կապեր, որոնց մի զգալի մասն ընտանիքի հոգեբանության սահմաններում կարելի է դիտել որպես այնպիսիք, որոնք ծնում են հատուկ տեսակի` միջընտանեկան դերեր։ Օրինակ, որևէ անձի կողմից կատարվող հորաքրոջ դերը, եթե ինքն ունի իր առանձին ապրող բջջային ընտանիքը, միջընտանեկան դեր է[2]։

Ընտանեկան դերերի ծագումը և կապը ինքնագիտակցության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգի ամուսնությունը գրանցելուց անմիջապես առաջ, այդ արարողակարգի ընթացքում և դրանից անմիջապես հետո սոցիալականացնող «գործակալները» (ծնողներ և այլ ազգականներ, պաշտոնական մարմնի աշխատողներ) նրանց սովորեցնում են այդ դերերը` փաստորեն իրականացնում են նրանց դերային սոցիալականացումը։ Դրանից հետո, երբ այդ ընտանիքում երեխա է ծնվում, նա իր կարգավիճակն ու դերը ստանում է ինքնաբերաբար, թեև պետությունն օրենք է սահմանել երեխաների գրանցման և ծննդյան վկայական տալու մասին։ Այդ կերպ ևս երեխայի սոցիալական կարգավիճակն ու դերը պաշտոնական են դառնում։ Նա` որպես քաղաքացի, ինչ-որ չափով գտնվում է պետության և օրենքների հովանավորության ու պաշտպանության ներքո։ Այսքանով ընտանեկան կարգավիճակների և դերերի ձևավորումը դեռևս չի ավարտվում։ Այն անընդմեջ և երկարատև գոևծընթաց է։ Ներընտանեկան կարգավիճակադերային սոցիալականացումն ընթանում և շարունակվում է մինչև նրա անդամների կյանքի ավարտը։ Երբ ծնվում է երկրորդ երեխան, ապա ծագում են նոր կարգավիճակներ և դերեր (եղբայր, քույր, դուստր, որդի)։ Այդ նոր կրագավիճակների և համապատասխան դերերի մասին ևս էթնոմշակութային յուրաքանչյուր միջավայրում գոյություն ունեն պատկերացումներ, որոնք ինչ-որ չափով հայտնի են դառնում այդ դերակատարումներին, և նրանք սկսում են գործել հենց այդ պատկերացումներին համապատասխան։ Դերակատարման ուսուցումն և յուրացումը տևում է երկար տարիներ։ Օրինակ, տղամարդը ողջ կյանքի ընթացքում կարող է սովորել կատարել «իսկական հոր» դերը, կինն այդպես սովորում է «իսկական մոր» դերակատարությունը, իսկ տղան սովորում է, թե տվյալ հասարակության մեջ ինչպիսին պետք է լինի իսկական որդին։

Այսպիսով, յուրաքանչյուր անձի ներընտանեկան դերը մտնում է նրա իդեալական Ես-հայեցակարգի կազմի մեջ` որպես նրա կարևոր ենթահամակարգերից մեկը։

Վերոնշյալ իմաստով գոյություն ունեն միջընտանեկան իդեալական դերեր, այսինքն` պատկերացումներ այն մասին, թե ինչպիսիք պետք է լինեն իսկական հայրը և մայրը, իսկական մորաքույրը, իսկական հորեղբայրը և այլն։ Այդ հոգեբանական կազմավորումները նույնպես մտնում են անձի իդեալական Ես-հայեցակարգի կազմի մեջ։ Առաջադրված վարկածները կարևոր են ոչ միայն ընտանիքի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությւոնները ճիշտ հասկանալու համար, այլև դրանք թույլ են տալիս ավելի հստակ պատկերացում կազմել անձի ինքնագիտակցության, իդեալական Ես-ի կառուցվածքային բաղադրիչերի վերաբերյալ[3]։

Ընտանիքի հիմնական գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից բջջային և ընդլայնված ընտանիքների հիմնական գործառույթները բաժանվում են հետևյալ երեք խմբերի`

  1. ներքին (ներընտանեկան) գործառույթներ
  2. արտաքին գործառույթներ
  3. երկակի նշանակության գործառույթներ[4]։

Ներքին գործառույթներն ընտանիքի այն գործառույթներն են, որոնք ծառայում են երկու հիմնական նպատակի`

ա) իր` որպես սոցիալական խմբի, պահպանմանն ու ամրապնդմանը,

բ) իր անդամների պահանջմունքների բավարարմանը։

Ընտանիքի արտաքին գործառույթները ծագում են տվյալ ընտանիքի` այլ ընտանիքների և ավելի լայն հասարակության հետ ունեցած հարաբերություններում։ Այս գործառույթի ծագման պատճառը այն է, որ յուրաքանչյուր ընտանիք ծառայում է ոչ միայն ինքն իրեն, այլև հասարակությանը, քանի որ այդ մեծ ամբողջության մի «բջիջն» է։ ԸՆտանիքն ունի ներքին գործառույթներ, բայց միաժամանակ, որպես հասարակական ենթահամակարգ` ունի նաև արտաքին սոցիալական գործառույթներ: Այս ամենի ընդհանրացումից.

  1. ընտանիքի գործառույթներն փոխկապակցված են,
  2. դրանք միավորվում են ընտանիքի կարգավիճակի և այն դերերի մեջ, որոնք այդ խմբի կողմից կատարվում են հասարակության մեջ,
  3. յուրաքանչյուր գործառույթ յուրահատուկ դերային սպասում է,
  4. յուրաքանչյուր գործառույթ` որպես դերային սպասում, հնարավոր է և գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ խումբն ունի կառուցվածք և մի շարք այլ հատկություններ,
  5. որքան ավելի բարդ է ընտանիքը` որպես սոցիալական խումբ, (ունի մեծաթիվ անդամներ և ավելի շատ ու բազմազան միջդերային կապեր) այնքան ավելի մեծաթիվ են նրա սոցիալակն դերերը և հետևաբար` նաև հասարակության մեջ նրա կատարած գործառույթները։

Ընտանիքի հիմնական ներքին գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեխա ունենալու (մանկածնության) և մոր ու հոր դերերը կատարելու ցանկության բավարարումը։
  • Երեխաների սննդով ապահովելը, խնամքը, դաստիարակությունը և ներընտանեկան սոցիալականացումը։ Այստեղ առանձնապես կարևոր է երեխայի դերային սոցիալականացումը, թեև իրենք` ծնողներն էլ են ապրում նոր դերային սոցիալականացման գործընթաց։
  • Մեծ հասարակության մեջ կատարելիք հասուն դերերին նախապատրաստումը։
  • Սոցիալ-հոգեբանական հարմարավետ վիճակի և պաշտպանվածության ապահովումը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զարգացման և հասունացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
  • Ընտանիքի յուրաքանչյուր անդամի դրական ինքնագիտակցության ձևավորումն ու պահպանումը։
  • Շփվելու, հաղորդակցվելու պահանջմունքի բավարարաումը (ծնողների և ընտանիքիմյուս անդամների հետ)։
  • Ընտանիքի անդամների փոխադարձ սոցիալական վերահսկողությունն ու վարքի կարգավորումը։
  • Համատեղ հանգստի իրականացումը։
  • Ընտանիքի անդամների միջև ծագող բախումների լուծումը` նրա մյուս անդամների կողմից, նրանց միջամտությամբ և օգնությամբ։
  • Համատեղ ապրելաերպի և կենցաղի կազմակերպումը։

Ընտանիքի հիմնական արտաքին գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասարակության մշակույթի կուտակումը, պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ։
  • Երեխաներին նախապատրաստում` հասուն սոցիալական դերերի կատարմանը։
  • Ընտանիքի անդամների մասնակացությունը պատական կառավարման, երկրի պաշտպանության, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության և հասարակական կյանքի այլ ոլորտի զարգացման գործին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է.Գ. Էյդեմիլլեր, Վ.Յուստիցկիս, Ընտանիքի հոգեբանություն և հոգեթերապիա, էջ 39
  2. Ս.Ա. Սեդրակյան, «Դերերի տեսությունը և ընտանիքի հոգեբանության խնդիրներին դերային մոտեցման էությունը»
  3. Ռ. Բեռն, «Ես-հայեցակարգի և դաստիարակության զարգացումը»
  4. Վ.Ի. Զացեպին, «Ընտանիքի հոգեբանություն»
  5. Ս. Սեդրակյան, «ԸՆտանիքի հոգեբանություն»