Ընդմիջվող կաղություն
Ընդմիջվող կաղություն intermittent claudication | |
---|---|
Տեսակ | ախտանիշ և հիվանդության կարգ |
Պատճառ | Մկանը սնող զարկերակի նեղացում կամ խցանում |
Հիվանդության ախտանշաններ | ցավ վերջույթում, մկանային սպազմ և ջղակծկում |
Բժշկական մասնագիտություն | անոթաբուժություն |
ՀՄԴ-9 | 440.21 |
Հոմանիշներ | ընդհատվող կաղություն |
Ախտորոշում | անամնեզ և գործիքային հետազոտություններ |
Տարբերակիչ ախտորոշում | նյարդարմատի սեղմում, ողնուղեղի ստենոզ, արտաքինից ճնշման սինդրոմ |
Բուժում | հակաագրեգանտներ,ստատիններ |
Ընդմիջվող կաղությունը, ցավ է, որն առաջանում է սրունքի հետին խմբի մկաններում (ավելի հազվադեպ ազդրի և հետույքի մկաններում) ֆիզիկական աշխատանքի ժամանակ և թեթևանում է հանգստի վիճակում[1]։ Ախտանիշների արտահայտվածությունը կարող է տատանվել թեթևից մինչև ծանր։ Ընդհատվող կաղության պատճառը մկանի իշեմիան է, որն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ դեպի մկանը գնացող զարկերակի օբստրուկցիայի և արյունամատակարարման խախտման հետևանքով։ Սա տարածված խնդիր է, որի առաջացման հավանականությունը մեծանում է տարիքի հետ։ 65 տարեկանն անց բնակչության մեկ հինգերորդ մասի մոտ կա այս խնդիրը, և հաշվի առնելով շատ զարգացած երկրներում կատարվող ժողովրդագրական փոփոխությունները հիվանդացության տարածվածության ցուցանիշը հաջորդ մի քանի տարում կարող է մեծանալ 20 անգամ[2]։
Ընդմիջվող կաղությունը դեպքերի մեծամասնությունում շատ հեշտ է ախտորոշվում։ Այն զգալիորեն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը։ Հիվանդների միայն փոքր մասին է անհրաժեշտ ռեվասկուլիզացիա։ Բուժման գլխավոր նպատակն է իջեցնել սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը։ Բուժման գլխավոր մեթոդներն են ծխելու դադարեցումը, զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի հսկումը, ստատինների և հակաագրեգանտային դեղերի դուրս գրումը։
Ընդմիջվող կաղությունը կյանքի որակի վրա թողնում է բացասական ազդեցություն և ազդում է մարդկանց աշխատունակության վրա։ Սա շատ լուրջ սոցիալական խնդիր է, որը անուշադրության է մատնված։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն մահվան բարձր ռիսկ։ Սակայն շատ մարդիկ, ովքեր ունեն այս խնդիրը չեն դիմում բժշկի։ Վաղ ախտորոշումը և ռիսկի գործոնների կառավարումը շատ կարևոր են մահվան ցուցանիշի իջեցման գործում։
Ռիսկի գործոնները[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպքերի մեծամասնությունում հիմնական ռիսկի գործոնը աթերոսկլերոզն է։ Ծխելը ծայրամասային անոթներում աթերոսկլերոզի առաջացման ամենամեծ ռիսկի գործոնն է, որն էլ իր հերթին բերում է ընդհատվող կաղության։ Ծխելը մեծացնում է հիվանդացության ռիսկը ամենաքիչը 3 անգամ և որքան շատ է տարի/տուփ հարաբերակցությունը այնքան ռիսկը ավելի է մեծանում։ Այլ ռիսկի գործոններ են տարիքը, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, հիպերլիպիդեմիան, հիպերհոմոցիստեինեմիան։ Երիտասարդների մոտ ընդհատվող կաղություն կարող է առաջանալ ծնկափոսային զարկերակի խցանումից, ֆիբրոլորձային դիսպլազիայից և արտաքինից ճնշման սինդրոմից (որն առաջանում է մկանային մեծ լարվածություն գործադրող մարզիկների, օրինակ՝ հեծանվորդների մոտ)[1]։
Նշաններ ու ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկական ակտիվության ժամանակ, երբ մկանները զգում են թթվածնի կարիք, որը նրանց է հասնում արյան միջոցով, ընդմիջվող կաղությունը կարող է դրսևորվել հետևյալ նշաններով՝
- Մկանների կծկանք (սպազմ)՝ մկանի կամ դրա մի մասի հանկարծակի կծկում
- Ջղաձգում (ցնցում)՝ մկանների խմբի հանկարծակի կծկում, որը ուղեկցվում է ուժեղ ցավով
- Թմրածություն
- Ցավ
- Ծակծկոցի զգացում
- Թուլություն
Սովորաբար այս սիմպտոմները զգացվում են ոտքերում և բարձրանում են վեր՝ դեպի հետույքի շրջան։ Վիճակը լավանում է կամ սիմպտոմները անհետանում են, երբ դադարեցվում են շարժումները։
Այլ սիմպտոմներ, որոնք նույնպես կարող են վկայել ընդմիջվող կաղության հետ՝
- Այրոցի կամ ցավի զգացում վերջույթում
- Փայլուն մաշկ ոտքի կամ ոտնաթաթի վրա
- Ոտքի սառնություն
- Ցիանոզ (կապտություն)
- Ոտքերի վրա վերքեր
- Մազաթափություն ոտքերի շրջանում (կապված է սնուցման խանգարման հետ)
- Տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա
- Թուլացած ձեռքեր կամ ոտքեր
Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակի ընթացքում ոտքերի ցավը կարող է առաջանալ ոչ միայն ֆիզիկական ակտիվության ժամանակ, այլ նաև հանգստի վիճակում։ Վերքերն ու խոցերը չեն լավանում այնպես, ինչպես հարկն է, կամ չեն լավանում ընդհանրապես։ Եթե վերքերը ինֆեկցվեն, հնարավոր է առաջանա գանգրենա, որը կարող է ավարտվել ոտքի ամպուտացիայով[3]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդմիջվող կաղությունը ախտորոշում են հիվանդության պատմության հիման վրա, երբ բուժառուն գանգատվում է մկանային ջղակծկումերից նույն բեռնվածության ֆիզիկական ակտիվության ժամանակ, որոնք անհետանում են հանգստի պայմաններում։ Ոտքի վրա անոթազարկի թուլացումը կամ անհետացումը և արյան հոսքում աղմուկի առկայությունը, որը առաջանում է տուրբուլենտ հոսքի պատճառով, վկայում են ընդմիջվող կաղության մասին։ Սակայն որոշ պացիենտներ նորմալ անոթազարկով և անոթներում աղմուկի բացակայությամբ, նույնպես կարող են ունենալ հիվանդությունը[1]։
Ծունկ-բազկային ճնշման հարաբերության նվազումը (<0,9) նույնպես խոսում է այս ախտորոշման մասին։
Այնուամենայնիվ, նորմալ ծունկ-բազկային ճնշման հարաբերությունը և նորմալ շոշափելի անոթազարկը դեռ չեն հերքում հիվանդության առկայությունը։ Եթե անամնեզը համապատասխանում է ընդմիջվող կաղությանը, սակայն ծունկ-բազկային ճնշման հարաբերությունը նորմալ է, պետք է կրկնել թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում։ Եթե ծանրաբեռնվածության թեստից հետո ճնշումը ծնկում իջած է և միաժամանակ առաջացել են վերը նշված սիմպտոմները, ապա վստահորեն կարելի է ախտորոշել ընդմիջվող կաղություն[1]։
Կարելի է անցկացնել ուլտրաձայանյին հետազոտութոյւն, որի ժամանակ բժիշկը կտեսնի անոթներով արյան անցման ձևը[3]։
Մագնիսառեզոնանսային շերտագրությամբ և համակարգչային շերտագրությամբ կարելի է տեսնել արյան անոթները, պարզել նրանց խցանված կամ սեղմված լինելը[3]։
Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են նյարդարմատի կոմպրեսիան (սեղմումը), ողնուղեղի ստենոզը, արթրիտը կոնքազդրային հոդում, Բայքերի ախտանշային կիստան, երակային կաղությունը, կարող են կրկնօրինակել ընդմիջվող կաղության սիմպտոմները։
Ցավը, որն առաջանում է նյարդարմատի սեղմումից տենդենցիա ունի տարածվելու մեջքից դեպի ոտքի հետին շրջան, ինչպես նաև հիվանդները գանգատվում են սուր ցավերից գոտկատեղի շրջանում, որը կարող է թեթևանալ մեջքի դիրքը փոխելուց (հաճախ առաջ թեքվելով)։
Ողնաշարի ստենոզի ժամանակ միշտ կա շարժողական թուլություն։ Ողնաշարի գոտկասրբանային բաժնի հիվանդության և ծայրամասային անոթների հիվանդությունների առկայության դեպքում հաճախ դժվար է լինում պարզել, թե որ հիվանդություն է հանդիսացել սիմպտոմի առաջացման պատճառ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Cassar Kevin (2006-11-11)։ «Intermittent claudication»։ BMJ : British Medical Journal 333 (7576): 1002–1005։ ISSN 0959-8138։ PMC 1635612։ PMID 17095782։ doi:10.1136/bmj.39001.562813.DE
- ↑ Diehm C., Kareem S., Lawall H. (2004-11)։ «Epidemiology of peripheral arterial disease»։ VASA. Zeitschrift fur Gefasskrankheiten 33 (4): 183–189։ ISSN 0301-1526։ PMID 15623192։ doi:10.1024/0301-1526.33.4.183
- ↑ 3,0 3,1 3,2 «Intermittent Claudication: Causes, Symptoms, Diagnosis, and Treatment»։ WebMD (անգլերեն)։ Վերցված է 2020-07-19
|