Էսթեր Պակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Պակ
Ի ծնեկորեերեն՝ 김점동
Ծնվել էմարտի 16, 1877(1877-03-16), մարտի 16, 1876(1876-03-16) կամ 1879
ԾննդավայրJeong-dong, Ջունգ, Սեուլ, Չոսոն
Մահացել էապրիլի 13, 1910(1910-04-13)
Մահվան պատճառտուբերկուլյոզ
ԿրթությունEwha Womans University?
Մասնագիտությունբժիշկ

Էսթեր Պակ ((կոր. 에스더 박), Esther Park անունը ծննդյան պահին` Կիմ Չոմդոն, մարտի 16, 1877(1877-03-16), մարտի 16, 1876(1876-03-16) կամ 1879, Jeong-dong, Ջունգ, Սեուլ, Չոսոն - ապրիլի 13, 1910(1910-04-13)), կորեացի առաջին կինը, ով դարձավ արևմտյան բժշկության դոկտոր։ Զգալի ներդրում է ունեցել բարեգործության բնագավառում։ Պակն ավարտել է Իհվայի դպրոցը, այնուհետև ԱՄՆ-ում ստացել է բժշկության դոկտորի կոչում։ Վերադառնալով Կորեա` նա բազմաթիվ կանանց բժշկություն է սովորեցրել և բուժել մեծ թվով հիվանդների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Չոմդոնը ծնվել է 1877 թվականի մարտի 16-ին[1](այլ աղբյուրների համաձայն՝ 1876 թվականի մարտի 16[2] կամ 1879 թվականին) Չունգուի սեուլյան շրջանում։ Նա ընտանիքում չորս դուստրերից երրորդն էր[3]։ Կիմի հայրը որոշ ժամանակ աշխատել է ամերիկացի միսիոներների հետ, նրա ղեկավարը եղել է Հենրի Ապենցելլերը, որը ազդել է նրա վրա և 1886 թվականին նա իր դստերը ուղարկել է սովորելու Իհվայի դպրոցում[3]։ Կիմն այս հաստատության առաջին ուսանողուհիներից մեկն էր, բայց նրա ծնողները թույլ տվեցին նրան սովորել՝ սահմանելով երկու պայման. նրան արգելեցին մեկնել ԱՄՆ և թողնել դպրոցը նախքան ամուսնությունը[4][2]։ Կիմը լավ էր սովորում, հատկապես լավ էր տիրապետում անգլերենին, և երբ ամերիկացի միսիոներ Ռոզետա Շերվուդ Հոլլը այցելեց դպրոց, Կիմին խնդրեցին որպես թարգմանիչ աշխատել նրա համար[3]։ Տեսնելով, թե ինչպես է Շերվուդ Հոլը վիրահատում նապաստակի շրթունքով մի աղջկա, որն այդ ժամանակ Կորեայում անբուժելի հիվանդություն էր համարվում, Կիմը սկսեց երազել բժշկական կարիերայի մասին[3]։ Բացի այդ, Շերվուդ Հոլլը համոզեց Կիմին, որ կորեացիները շատ են տառապում կոնֆուցիացիական արգելքներից, որոնք թույլ չեն տալիս նրանց պատշաճ կարգով բուժել, հասարակության մեջ սեռերի խիստ բաժանումը թույլ չէր տալիս կանանց բուժվել տղամարդկանց կողմից[3][5]։ Շերվուդ Հոլլն ինքն էր ուսուցանում իր թարգմանչին հոգեբանություն և հիվանդների խնամքի հիմունքներ[2]։

Շերվուդ Հոլլը Կիմին ծանոթացրեց Պակի Յուսանին (կոր. 박유산), ով աշխատում էր իր ամուսնու հետ, և 1893 թվականի մայիսի 24-ին Կիմ Չոմդոնն ամուսնացավ Յուսանի հետ Կորեայում՝ առաջին արևմտյան հարսանեկան արարողության ժամանակ[3][6]։ Ամուսնությունից հետո Կիմը վերցրեց Էսթեր Պակ ազգանունը[1][3]։ 1894 թվականին Շերվուդ Հոլլը վերադարձավ Նյու Յորք՝ իր հետ տանելով Էսթերին և Յուսանին[3]։

Էսթեր Պակն ավարտել է Նյու Յորքի մեկամյա դպրոցը, որտեղ սովորել է լատիներեն, ֆիզիկա և մաթեմատիկա, այնուհետև ընդունվել է Բալթիմորի կանանց բժշկական քոլեջ (անգլ.՝ Women’s Medical College of Baltimore)[1][5]: 1900 թվականին Պակը բոլոր քննությունները հոյակապ հանձնեց և դարձավ բժիշկ[5]։ Նրա ամուսինը պաշտպանում էր Պակի ցանկությունը բժշկությունը դարձնել իր մասնագիտությունը, բայց նա մահացավ Նյու Յորքում տուբերկուլյոզից` ավարտելուց վեց ամիս առաջ[3]։ Միացյալ Նահանգներում նա աշխատում էր ֆերմայում` կնոջ համար կրթության միջոցներ վաստակելով[5]։

Ավարտելուց հետո Պակը վերադարձավ Կորեա և աշխատանքի անցավ երկրի առաջին կանանց հիվանդանոցում` «Պոգու Յոգվան»-ում (կոր.՝ 보구여관, 保救女館), որը գտնվում էր Սեուլում՝ Տոնգդեմունի դարպասների մոտ[1][3]։ Այստեղ 10 ամիս աշխատելու ընթացքում դոկտոր Պակը բուժեց ավելի քան 3000 հիվանդի, որից հետո 1901 թվականին նա տեղափոխվեց Փհենյան, որտեղ 1894 թվականին Շերվուդ Հոլլը բացեց նոր հիվանդանոց[3][5]։ Պակը շատ է ճանապարհորդել Կորեայում, այդ թվում խոլերայի համաճարակի ժամանակ, անվճար օգնելով հիվանդներին[3][7][4]։ Բացի հիմնական աշխատանքից, նա նաև իրականացրել է կրթական և ուսուցողական գործունեություն ՝ վերապատրաստելով կորեացի կին բժիշկների առաջին սերնդին[7]։ Պակը հրապարակային դասախոսություններ էր կարդում, որոնցում նա ընդգծում էր կանանց համար սանիտարական լուսավորության և կրթության կարևորությունը[8]։

Էսթեր Պակը մահացել է 1910 թվականի ապրիլի 13-ին[6], տուբերկուլյոզից, 33 կամ 34 տարեկան հասակում[3][9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականի ապրիլի 28-ին Կյոնհիգունի պալատում տեղի ունեցավ մեծ տոնակատարություն, որը նվիրված էր Էսթեր Պակիին և մյուս երկու կորեացիներին, ովքեր կրթության ոլորտում եղել են առաջինը` Ամերիկյան համալսարանի առաջին շրջանավարտը գրականության բակալավր Հա Ռանսան և ճապոնական համալսարանի առաջին կորեացի շրջանավարտ Յուն Չանգվոն (կոր.՝ 윤정원, 尹貞媛), որտեղ այցելել են մոտ 7800 մարդ[9]։ Թագավոր Կոջոնը Պակիին հանձնել է արծաթե մեդալ[1]։

2006 թվականին Կորեայի գիտությունների ակադեմիան Էսթեր Պակին ընդգրկեց Կորեայի Գիտության և տեխնիկայի փառքի սրահ[3]։

2008 թվականին Էխվայի համալսարանի շրջանավարտների կոմիտեն ստեղծեց Էսթեր Պակի մեդալը, որով ճանաչվում էր համալսարանն ավարտած և բժիշկ դարձած կանանց արժանիքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Jeon
  2. 2,0 2,1 2,2 Choi, 1997, էջ 162
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 KBS
  4. 4,0 4,1 Ли, 2005, էջ 27
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Yi, 2008, էջ 205
  6. 6,0 6,1 Choi, 1997, էջ 163
  7. 7,0 7,1 Yi, 2008, էջ 206
  8. Yi, 2008, էջ 206—207
  9. 9,0 9,1 Yi, 2008, էջ 207

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Kim Jeom-dong, the First Female Medical Doctor in Korea» (անգլերեն). KBS World Radio. 2012 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  • Jeon So-min (2010 թ․ ապրիլի 12). «First Korean female doctor and scientist, Esther Park» (անգլերեն). Ewha Voice. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  • Myung Keun Choi Changes in Korean society between 1884-1910 as a result of the introduction of Christianity. — Peter Lang, 1997. — С. 161—163. — ISBN 9780820425498
  • Pae-yong Yi Women in Korean History 한국 역사 속의 여성들 / редактор Ted Chan. — 이화여자대학교출판부, 2008. — ISBN 9788973007721
  • Ли Хваёк EWHA Old and New: 110 Years of History (1886-1996). — 이화여자대학교출판부, 2005. — ISBN 9788973006557
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Պակ» հոդվածին։