Jump to content

Էլբասանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլբասանի շրջան
ալբ․՝ Rrethi i Elbasanit
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակԱլբանիայի շրջան
Մտնում էԷլբասանի գավառ
ՎարչկենտրոնԷլբասան
ԲԾՄ97 մետր[1]
Բնակչություն224 689 մարդ (դեկտեմբերի 18, 2013)[1]
Խտություն160
Տարածք1372 կմ²[1]
Ժամային գոտիUTC+1[1]
ISO 3166-2 կոդAL-EL

Էլբասանի շրջան (ալբ․՝ Rrethi i Elbasanit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Էլբասանի գավառի չորս շրջաններից մեկը։

Վարչական կենտրոնն Էլբասան քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 224 689 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 1372 քառ.կմ տարածք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբասանի շրջանը գտնվում է Կենտրոնական Ալբանիայում՝ ծովափի ու լեռնային շրջանների միջև։ Արևմտյան հատվածում դաշտեր են, իսկ մնացած տարածքը լեռնոտ է։ Դեպի արևմուտք բարձրությունը ծովի մակարդակից իջնում է։ Շրջանի կենտրոնական հատվածում հոսում է Շկումբինի գետը, որը դուրս է գալիս նեղ լեռնանցքից ու հասնում Էլբասանի հարթություն՝ արևելքից արևմուտք։

Էլբասան քաղաքի շրջակայքում գտնվում է Մյուզեկեի դաշտավայրը, որի սահմանն է հանդիսանում Դևոլ գետը։ Հարթավայրը ձգվում է արևմուտքից հարավ-արևմուտք՝ հասնելով Ադրիատիկ ծով։ Գետը սահմանաբաժան է հանդիսանում որոշ շրջանների համար։

Շկումբինի գետից հյուսիս լանդշաֆտը փոխվում է։ Բլուրների շարքի միջին բարձրությունը հասնում է 1000 մետրի։ Ավելի բարձր են հարավ-արևմուտքում գտնվող լեռները՝ մինչև 1880 մ։ Դրանցից արևմուտք՝ Դևոլ գետի հովտում, կա արհեստական ջրամբար։ Հարավ-արևմուտքում գտնվում է ևս մեկը, որը ծառայում է էլեկտրաէներգիայի ձեռքբերման համար։ Դումրեյա գետի հովտում՝ Բելշ քաղաքին մոտ, կան մոտ 80 ջրային ավազաններ (ալբ․՝ Liqenet te Belshit)։ Էլբասան քաղաքից հարավ կան տաք ջրի աղբյուրներ, որոնք օգտագործում են առողջապահության նպատակներով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Էլբասան քաղաքից մի քանի կիլոմետր արևմուտք կառուցվել էր «Կուսակցության պողպատ» մետալուրգիական կոմբինատը։ Մինչև կապիտալիստական հեղաշրջումը այնտեղ աշխատում էր 10 000 մարդ։ 1993 թվականին շրջանը ունեցել է երկրի ամենաբարձր գորշազրկության տոկոսը։

Բելշ քաղաքում գտնվում է Ալբանիայի ամենախոշոր նավթազտման գործարանը, իսկ Էլբասանում՝ ցեմենտի գործարան ու փայտամշակման կոմբինատ։

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ և սննդի արդյունաբերությամբ՝ գինիների, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությամբ։

Շկումբինի գետի հովտում անտիկ ժամանակներից անցել են տրանսպորտային ուղիներ։ Հռոմեական կայսրության շրջանում Էլբասան քաղաքը կոչվել է Սկամպա։ Այստեղով էր անցնում Էգնատիոսի ճանապարհը, իսկ այժմ՝ համաեվրոպական տրանսպորտային միջանցքի 8-րդ ուղին։ Հռոմեական ճանապարհի մնացորդները մինչ այժմ տեղ-տեղ պահպանվել են։ Էլբասան քաղաքի պատմության նոր էջ է բացվել Օսմանյան տիրապետության շրջանում, երբ թուրքերը այստեղ նոր ամրոց են կառուցել։

Էլբասանում է գտնվում Տիրանա-Դուրրես ճանապարհը՝ Շկումբինիի հովտին զուգահեռ։ Այստեղ է գտնվում նաև երկաթուղին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլբասանի շրջան» հոդվածին։