Էդուարդ Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Բոյաջյան
Ծնվել է ապրիլի 9, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})
Ծննդավայր Խդրբեկ
Մահացել է հոկտեմբերի 13, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}}) (51 տարեկանում)
Մահվան վայր Բեյրութ, Բեյրութի մարզ, Լիբանան
Ազգություն հայ
Մասնագիտություն արձակագիր, բանաստեղծ, քննադատ, խմբագիր և ուսուցիչ

Էդուարդ Բոյաջյան (ապրիլի 9, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}}), Խդրբեկ - հոկտեմբերի 13, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}}), Բեյրութ, Բեյրութի մարզ, Լիբանան), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակագիր, քննադատ, խմբագիր և ուսուցիչ։ Բոյաջյանի ողջ գրականությունը՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական, հրապարակախոսական էջեր և այլն, իր խորքում սևեռումն է հայրենիքից տեղահան եղած տարագիր հայի տառապանքների, հույզերի ու տվայտանքների, հույսերի ու հուսախաբությունների, առտնին հոգսերի և բարձր գաղափարների ու մանավանդ նրա հայրենաբաղձության մասին մի ամբողջական պատմության։ Էդուարդ Բոյաջյանը այն հեղինակներից է, որոնց երկերում յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող շնչում է հայրենի հողի սիրով, նվիրվածությամբ և անպարագիծ կարոտով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բոյաջյանը ծնվել է 1915 թվականին Օսմանյան կայսրության Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայաբնակ Խդրբեկ գյուղում։ 1915 թվականի Մուսալեռյան ապստամբության օրերին Բոյաջյանն երեք ամսական երեխա էր։ Ծնողների ու հայրենակիցների հետ գաղթել է Պորտ Սաիդ, Եգիպտոս։ 1918 թ-ին վերադարձել է ծննդավայր։ Ուսման առաջին շրջանն անցկացրել է նախ Խդրբեկ, այնուհետև Յողունօլուկ գյուղերի վարժարաններում։1930 թ-ին ընդունվել է Բեյրութի Հայկական ճեմարան, որն էլ հաջողությամբ ավարտել է 1935 թ-ին[2][3]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյաջյանը գրել սկսել է փոքր տարիքից, իսկ տպվել՝ 1932 թ-ից։ Աշխատակցել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրին, Փարիզի «Յառաջ»-ին, Բեյրութի «Ազդակ» օրաթերթին և շաբաթաթերթին, «Նայիրի» ամսագրին և Բեյրութի նույնանուն շաբաթաթերթին. նաև «Հասկ»-ին, «Ակօս»-ին, «Ազդարար» -ին և «Բագին» -ին։ Գործածած ծածկանուններից էին Ալպաթրոս, Վազգէն Տիրանեան, Ե. Սարենց և Ե. Ծովիկեան։ Էդուարդ Բոյաջյանի կյանքի ընթացքում լույս են ընծայվել 6 հատորներ՝ «Սէր եւ Վիշտ» (1944), «Հողը» (1948), «Պայքարողներ, պայքարողներ դուք գազազած» (1958), «Թուղթ զաւակներուս» (1961), «Տոմար տարագրի» (1963) և «Երկու նամակ» (1964)։ Իսկ hետմահու իր գործերից լույս են տեսել «Դէմքեր» (1967), «Երկեր» (Ա. հատոր, 1968), «Ծննդավայր կորուսեալ» (1984), «Ընտրանի» (Երևան 1994), «Կեանքի ափերէն» (1995), «Դուն» (Երևան 2005) և «Միտք պահէ» գրքերը[2]:

Բանաստեղծությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բոյաջյանի ստեղծագործության ընդհանուր կառույցում լավագույնը նրա արձակ էջերն են՝ պատմվածքները, սակայն նրա բանաստեղծությունները ևս հետաքրքրական են և արժանի ամենայն ուշադրության։ Նրա քնարական ստեղծագործությունները ամփոփված են «Սէր եւ վիշտ», «Պայքարողնե՜ր, պայքարողնե՜ր դուք գազազած» և «Ծննդավայր կորուսյալ» ժողովածուներում։ Եթե առաջին ժողովածուն ճաշակավոր բանաստեղծությունների մի փունջ է, ապա երկրորդը զուտ հեղինակի բարոյական պատկերացումների տեսանկյունից կուսակցապաշտության, ազգային շահերի դեմ գնացողների քննադատությունն է, իր անհանդուրժողականությունը համազգային շահի մեջ անձնականը փնտրողների նկատմամբ, ըստ էության մի հռետորական-հրապարակախոսական պոռթկում՝ բանաստեղծական ձևի մեջ ամփոփված, իսկ երրորդը տարբեր տարիներին գրված ձոն-հիշողություններն են իր հայրենի եզերքի մասին։ «Սէր եւ վիշտը», որ Բոյաջյանի առաջին ժողովածուն է, առանձնանում է նուրբ բանաստեղծականությամբ, իրականության, մարդկային հարաբերությունների մասին փիլիսոփայական ինքնատիպ վերաբերմունքով, գեղարվեստական պատկեր ստեղծելու միայն իրեն բնորոշ արվեստով.[4]

Մենք նամակ պզտիկ, մենք տրտու՜մ երկտո՜ղ

Հսկայ բաներու, անհու՜ն մեծութեանց,

Մեր գիրն է անլոյծ, անընթեռնելի.

Ո՞վ է գրած մեզ, և գրած որու, և գրած ինչու՞

Ստորագրած ի՞նչ։

(«Ներքին հասարակած»)

Միանգամայն որոշակի է Էդ. Բոյաջյանի պատկերացումը բանաստեղծի մասին.

Առանց սիրոյ կոյր եմ ես ու նաև խոիլ մինչև վերջ,

և իմ կեանքս աւարտա՛ծ կ’լլայ

Ու մահը չսկսիր։

(«Խօսք բանաստեղծի»)

Քնարական մի ուրույն շարք է «Ծննդավայր կորուսեալ» ժողովածուն։ Ի տարբերություն «Սէր եւ վիշտ» հատորի այն տարբեր պարբերականներում լույս տեսած բանաստեղծությունների թեմատիկ սկզբունքով ի մի բերումն է մեկ ժողովածուի մեջ, որ լույս է տեսել բանաստեղծի մահից հետո։ Այս շարքը գրողի սևեռումների՝ նրա ծննդավայրի նկատմամբ կարոտախտի ու հիշողությունների, բանաստեղծականացումն է։ Բանաստեղծություններում առանձին-առանձին տրվում է Ճէպէլ-Մուսայի՝ Մուսա լեռան և նրա շրջակա գյուղերի (Բիթիաս, Հաբիբլի, Յողունօլուկ, Խդրբեկ, Վաքըֆ, Քեբուսիե) գեղարվեստական պատկերը՝ բնությամբ, մարդկանցով, կեցությամբ, տարագրությամբ, հերոսամարտի դրվագներով և … կորուստի անդառնալի կսկիծով։ Մուսա լեռը.[5]

Կտոր մը ժայռ էր նետուած,

Արեգակի լոյսին մէջ,

Ոսկիներու մէջ աշնան։

. . . . . . . . . .

…Այնտեղ կար հզօր թըմբուկ,

Որուն մէջէն տիրաբար

Կարծես աստուած կը գոռար

Ուրախութեան կամքը իր։

. . . . . . . . . .

Ու զենքի ձայն, ու երգի ձայն,

Ու զօրություն։

(«Ճէպել-Մուսա»)

Բանաստեղծը անվերապահորեն հիացած է իր կորուսյալ ծննդավայրով.

Քարէ՞ն այսքան երգ,

Քարէ՞ն այսքան խոհ,

Այսքան ջերմութի՞ւն,

Տուն եղած քարին մէջ այսքան հոգի՞,

Սիրտ ու խղճմտա՞նք։

(«Գիւղերը»)

Այս նույն զգացողությունները առկա են նաև գրողի արձակում, սակայն «Ծննդավայր կորուսեալում» առավել ևս խտացված և հուզական շեշտով է ներկայանում կորուսյալ հայրենիքի աշխարհագրական ամբողջականությունը. Կորուստի մորմոքը ավելի զգայական երանգներ է ձեռք բերում.[6]

Անցեալիս գետը յորդած՝

Կը քանդէ թումբ, ամբարտակ.

Ծննդավա՜յր,- լե՛ռ աղուոր

Ծննդավա՜յր,- լե՛ռ հզօր,

Բարձունք մաքուր, վիհ անտակ՝

Որուն իմ անձս կ’երթայ ոգեկշռույթ տխրութեամբ,

Ամէն առտու, մթնաժամ,

Որուն իմ անձս կ’երթայ

Լուսաստղի լու՛ռ պահերուն։

Ես երկինքին կը նայիմ,

և ես երկրի՛ն կը նայիմ.

Ու կը տխրի՜մ, կը տխրի՜մ։

Ծննդավայր՝ կապու՜յտ թռչուն,

Ու՞ր ես դուն.

Հեռու հեքիաթ, ոսկի հեքիաթ,

Ու՞ր ես դուն։

(«Ծննդավայր կորուսեալ»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պօյաճեան, Եդուարդ (1994). Ընտրանի. ՀՀ Գրապալատի Հրատարակչություն. էջ 5 էջ. ISBN 5-8079-0856-2. 
  2. 2,0 2,1 «Եդուարդ Պօյաճեան»։ Վերցված է Օգոստոսի 2, 2013 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Էդուարդ Բոյաջյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-09 
  4. Պօյաճեան, Եդուարդ (1994). Ընտրանի. ՀՀ Գրապալատի Հրատարակչություն. էջ 11 էջ. ISBN 5-8079-0856-2. 
  5. Պօյաճեան, Եդուարդ (1994). Ընտրանի. ՀՀ Գրապալատի Հրատարակչություն. էջ 13 էջ. ISBN 5-8079-0856-2. 
  6. Պօյաճեան, Եդուարդ (1994). Ընտրանի. ՀՀ Գրապալատի Հրատարակչություն. էջ 15 էջ. ISBN 5-8079-0856-2.