Զաքար Դարվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքար Դարվեր
Ի ծնեՌուբեն Զաքար Զաքարյան
Ծնվել է1894
ԾննդավայրԱկն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1960
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունԿ. Պոլ­սի Կոպ­կա­պըի Լև­ոն-Վար­դու­հյան թա­ղա­յին վար­ժա­րա­ն
Պար­տի­զա­կի Ամե­րի­կյան քո­լե­ջ
Մասնագիտությունբժիշկ, ռենտգենաբան, հասարակական գործիչ և պետական գործիչ

Զաքար Դարվեր (Ռուբեն Զաքար Զաքարյան) (1894, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1960, Ստամբուլ, Թուրքիա), հայ բժիշկ, ռենտգենաբան, պետական և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքար Դարվերը ծնվել է 1894 թվականին, Ակն քաղաքում։ Իսկական անունը եղել է Ռուբեն Զաքար Զաքարյան։ 1894 թվականին ընտանիքով տեղափոխվել են Կոստանդնուպոլիս։ Ավարտել է Կ. Պոլ­սի Կոպկապըի Լևոն-Վարդուհյան թաղային վարժարանը։ 1911 թվականին ավարտել է Կ. Պոլսի Գումգաբուի Պեզճյան Մայր վարժարանը։ Այնուհետև ուսումը շարունակել է Պարտիզակի Ամերիկյան քոլեջում։ 1911-1916/1917 թվականներին սովորել է Կ. Պոլսի համալսարանի բժշկական բաժնում։ 1916/1917-1918 թվականներին, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, ծառայել է Օսմանյան բանակում, որպես զինվորական բժիշկ։ 1919-1922 թվականներին մեկնել է Փարիզ, աշխատել ռենտգենաբանական բաժնի ասիստենտ և ձեռք բերել ռենտգենաբանի մասնագիտություն։ Փարիզում աշակերտել է աշխարհահռչակ գիտնական ռադիոֆիզիկոս Մա­րիա Սկլա­դովս­կա­յա-Կյու­րի­ին։ 1923-1925 թվականներին և 1927-1933 թվականներին աշխատել է Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ հայոց ազգային հիվանդանոցում, որպես ռենտգենաբանական բաժնի վարիչ։ 1933 թվականին կատարելագործվել է ռենգենաբանության գծով։

Եղել է ճանաչված մասնագետ, որի ռենտգենաբանական ճշգրիտ ախտաճանաչումների համբավը տարածվել էր երկրում և նրա սահմաններից դուրս։ Հմտացել է նաև ճառագայթաբուժության և ֆիզիկաբուժության գծով։ Կ. Պոլսի Բեյօղլու թաղամասում ունեցել է նորագույն սարքավորումներով հագեցած սեփական ռենտգենաբանական, ճառագայթաբուժության և ֆիզիկաբուժության օրինակելի բուժհիմնարկ։ Զանազան առաքելություններով ճամփորդել է արտասահմանում, մասնակցել ճառագայթաբանների միջազգային գիտաժողովների, կարդացել զեկուցումներ, հրապարակել գիտական հոդվածներ։

Եղել է Ճառագայթաբանների միջազգային ընկերության անդամ։ 1942-1943 թվականներին, երբ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, հարյուրապետի աստիճանով զորակոչվել է թուրքական բանակ և որպես զինվորական բժիշկ ծառայել Սեբաստիայում։

1949 թվականի մարտի 11-ին ընտրվել է Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ հայոց ազգային հիվանդանոցի 1949-1951 թվականներին աշխատանքային շրջանի հոգաբարձության անդամ։ 1950-1954 թվականներին համատեղությամբ եղել է Կ. Պոլսի քաղաքապետական հանձնաժողովի անդամ։ 1951 թվականի ապրիլի 23-ին կրկին ընտրվել է այդ հիվանդանոցի 1951-1954 թվականներին աշխատանքային շրջանի հոգաբարձության անդամ։ Սակայն 1949/1951 թվականի վերջին ամիսներին, հրաժարվելով հոգաբարձության անդամ լինելուց, ստանձնել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը, որը վարել է մինչև 1954 թվականը։

Մեծ ջանքեր է գործադրել հիվանդանոցի նյութական, նյութատեխնիկական, տնտեսական և բուժական վիճակը բարելավելու գործում։

Գործուն մասնակցություն է ունեցել հիվանդանոցում հրատարակվող «Սուրբ Փրկիչ» տարեգիրքը որպես հանդես հրատարակվելու հարցում և հետևել, որ այն հագեցած լինի գիտական, գրական և գեղարվեստական հետաքրքիր նյութերով։ Բժշկական հանրամատչելի հոդվածներով ակտիվորեն թղթակցել է «Սուրբ Փրկիչ» հանդեսին։ Նրա աջակցությամբ հրատարակվել է «Դար» գրական հանդեսը, որի խմբագիրն էր տիկին Հերմինե Սինանյանը և որն արժանացել է ընթերցող լայն շրջանակների բարձր գնահատանքին։

Հեղինակ է նաև արձակ ստեղծագործությունների և պատմվածքների, որոնց տակ ստորագրել է «Ռ. Զա­քա­րե­ան», «Զ. Քար»։ 1954-1957 թվականներին և 1957-1960 թվականներին, երկու շրջան՝ դեմոկրատական կուսակցության ցուցակով Կ. Պոլսից ընտրվել է Խորհրդարանի երեսփոխան։

Մեծ աջակցություն է ցուցաբերել Առողջապահության և ընկերային օժանդակության գործավարությանը, ինչպես նաև նախարարությունների աշխատանքներին։ Մշտապես պաշտպանել է իր համայնքի բնակչության և ընտրողների շահերը։ Եղել է ուղղամիտ, բարի, ժողովրդական անձնավորություն և վայելել պոլսահայ բոլոր խավերի սերն ու համակրանքը։ Տիրապետել է հա­յե­րեն, թուր­քե­րեն, ֆրան­սե­րեն, գեր­մա­նե­րեն, ռու­սե­րեն լեզուներին։

1960 թվականի մայիսի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, ինչի արդյունքում տապալվել է Դեմոկրատական կուսակցության իշխանությունը։

Դրան հաջորդել է շուրջ 600 պետական պաշտոնյաների և պատգամավորների ձերբակալությունը։ Ձերբակալվածների մեջ է եղել նաև հայ պատգամավոր Մկրտիչ Շելեֆյանը, որին առաջադրվել է մեղադրանք հակասահմանադրական գործողությունների համար։ Նախկին քաղաքական վերնախավին տեղափոխել են Յասըադա (Եասըատա) կղզու բանտ, որտեղ էլ տեղի պիտի ունենային դատավարությունները։ Ձերբակալվել է նաև մյուս հայ պատգամավորը՝ բժիշկ Զաքար Դարվերը։ Ինչպես հետագայում պատմել է Մկրտիչ Շելեֆյանը, Յասըադա կղզի տեղափոխվելու ժամանակ ուղեկցող զինվորներից մեկը հրացանով հարվածել է Զաքար Դարվերի գլխին և ստացված վնասվածքից նա մահացել է բանտում՝ մեկ ամիս անց։ Մահացել է 1960 թվականի սեպտեմբերի 16/20-ին, Կ. Պոլսի (Ստամբուլ) Եասըադայի բանտում։

Բժշկի հարազատները դիակը ստանալիս վրան հայտնաբերել են բազմաթիվ կապտուկներ, ինչը վկայել է, որ բանտում գտնվելու ժամանակ նա ենթարկվել է դաժան ծեծի ու կտտանքների։ Մահվան պաշտոնական վարկածը եղել է հանկարծամահությունը։ Թաղվել է Կ. Պոլսի Պալըքլը գերեզմանոցում։ Եղել է 66 տարեկան։

2011 թվականի օգոստոսին Թուրքիայի վարչապետ Էր­դո­ղա­նը երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հիշել է «Եաս­սը­ա­տա­յի մէջ դա­տա­պար­տո­ւած ու իր մահ­կա­նա­ցուն կնքած նշա­նա­ւոր հայ բժիշկ Զա­քար Դար­վե­րին։ Ըսե­լով որ այս ան­ձին ու միւս­նե­րուն պատ­ճա­ռաւ «Եաս­սը­ա­տա”ն դար­ձաւ «Եաս­լը­ա­տա» մը, սուգի կղզի։ Վարչապետը յիշեց երեսփոխան Զաքար Դարվերի կողմէ Խորհրդարանին մէջ կատարուած ճառախօսութիւն մը ուր ան ըսած էր որ այս երկրին մէջ ոչ-իսլամները իրենց ճակատագիրը կապած էին իսլամ հայրենակիցներու ճակատագրին։ Ասիկա լաւագոյն կերպով կը ցոլացնէր այն միասնութիւնը, որուն մէկ օրինակը կապրինք այս գիշեր։ (Տքթ. Զաքար Դարվեր մօտիկ անցեալի ամէնէն նշանաւոր շողանկարի մասնագէտն էր Թուրքիոյ մէջ, արժէքաւոր հայ մտաւորական մը, հայ մշակոյթի սիրահար մարդ, որ երեսփոխան ընտրուեցաւ անբախտ շրջանի մը, Ատնան Մէնտէրէսի հետ աքսորուեցաւ Եասսը Ատա, եւ հոն զրպարտութեան մը զոհ երթալով ծանր տանջանքներու են թարկուեցաւ ու իր կեանքը կորսնցուց)»։ «ՄԱՐ­ՄԱ­ՐԱ», 29-08-2011 թվական։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենուն Տարեգիրքը, Պէյրութ, 1961, 610 էջում։
  • Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 1923-1975, Իսթանպուլ, 1975, 121 էջ
  • Բախչինյան Ա., Հայազգի գործիչներ, Ե., 2002, 472 էջ։
  • Մելքոնյան Ռուբեն, թուրքագետ, բան. գ. թ., դոցեն, Մկրտիչ Շելեֆյան. Վերջին հայ պատգամավորը Թուրքական խորհրդարանում, “ԱԶԳ”, 1211-2011