Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ (ֆիլմ, 1997)
Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ անգլ.՝ I Know What You Did Last Summer | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], սլեշեր, թրիլեր և վեպի էկրանավորում |
Թեմա | վրեժ[4], սպանություն[4], մեղքի հույզ[4], պատասխանատվություն[4] և գաղտնիություն[4] |
Հիմք | Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ[5] |
Թվական | 1997 և մարտի 19, 1998[6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջիմ Գիլեսփի[1][7][8][…] |
Պրոդյուսեր | Նիլ Մորից և Սթոքլի Չաֆին |
Սցենարի հեղինակ | Քեվին Ուիլյամսոն |
Դերակատարներ | Սառա Միշել Գելար[1][7][3][…], Ռայան Ֆիլիփի[7][9][10][…], Ջենիֆեր Լավ Հյուիթ[1][7][8][…], Ֆրեդի Պրինց կրտսեր[1][7][9][…], Բիդջեթ Ուիլսոն, Էն Հեչ[3][10][11], Ջոնի Գալեքի[10][11], Մյուզ Ուոթսոն[10][11] և Փեթթի Դ’ Արբանվիլ[12] |
Օպերատոր | Դենիս Քրոսան |
Երաժշտություն | Ջոն Դեբնի |
Մոնտաժ | Սթիվ Միրկովիչ |
Պատմվածքի վայր | Հյուսիսային Կարոլինա |
Նկարահանման վայր | Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | Mandalay Entertainment |
Տևողություն | 100 րոպե |
Հաջորդ | Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ |
«Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» (անգլ.՝ I Know What You Did Last Summer), 1997 թվականին նկարահանված ամերիկյան սլեշեր, որը ռեժիսորը Ջիմ Գիլեսփիի առաջին ֆիլմն է։ Այս ֆիլմով նա սկիզբ է դրել երիտասարդական սլեշերների շարքին։ Լոյս Դանկանի՝ 1973 թվականին գրած համանուն վեպի էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականի հոկտեմբերի 17-ին։ Միացյալ Նահանգներում ֆիլմը վարձույթը կազմել է 72,5 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ամբողջ աշխարհում՝ 125,5 միլիոն ԱՄՆ դոլար։ 1998 թվականին դուրս է եկել ֆիլմի շարունակությունը՝ «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն ինչ տեղի է ունենում հուլիսի 4-ին։ Դպրոցի ավարտը նշելով՝ Ջուլին, Հելենը, Բարրին և Ռեյը ուրախ երեկո են անցկացնում ծովափին։ Տուն վերադառնալու ճանապարհին նրանք մեքենայով հարվածում են ճանապարհին անսպասելիորեն հայտնված մարդուն։ Վճռելով, որ նա մահացել է, և չցանկանալով լրացուցիչ անախորժություններ՝ նրանք նրա մարմինը նետում են ծովը։ Անցնում է մեկ տարի, և պարզ է դառնում, որ ինչ-որ մեկը գիտի նրանց գաղտնիքը, քանի որ մեկ տարվա վաղեմության պատահարի անմիջական մասնակիցներն սկսում են տարօրինակ նամակներ ստանալ, որի բովանդակությունն էր «Ես գիտեմ, թե դուք ինչ էիք անում անցյալ ամառ»։ Աղջիկներն սկսում են սեփական հետաքննությունը՝ ցանկանալով ինչ-որ կոնկրետ բան իմանալ այն տղայի մասին, որին մեքենայով հարվածել են։ Կասկածներն ընկնում են իրենց նախկին համադասարանցի Մաքսի վրա, բայց շուտով նրան սպանում են, և տղաները հասկանում են, որ իրենց վտանգ է սպառնում. նա, ով գիտի, թե ինչ են արել անցյալ ամառ, պատրաստ է ամեն ինչի, որպեսզի վրեժխնդիր լինել նրանցից։ Ջուլին կարդում է թերթում գրված հոդվածը և հասկանում, որ մեկ տարի առաջ նա և իր ընկերները սպանել են Դևիդ Իգան անունով մարդու։ Նա և իր ընկերուհին՝ Հելենը, որոշում են այցելել Իգանի հարազատներին։ Աղջիկները գալիս են հին տուն և ծանոթանում Դևիդի քրոջ՝ Միսիի հետ։ Նա ասում է, որ մինչ այդ նրան այցելել է Բիլլի Բլյու անունով մի մարդ և որ Դևիդը սիրում էր Սյուզի անունով մի աղջկա։ Ոչ մի հետաքրքիր բան չիմանալով՝ Ջուլին ու Հելենը հեռանում են։
Միևնույն ժամանակ Բարրիի դեմ մահափորձ է կատարվում կեռչանը ձեռքին ձկնորսական անձրևանոց հագած ոմն մեկի կողմից։ Ջուլին առաջարկում է ոստիկանությանը հայտնել, սակայն Բարրին նրան տարհամոզում է։ Հելենը ուշ է գալիս տուն և գնում խոհանոց, մոռանալով փակել դուռը՝ գնում է քնելու։ Առավոտյան աղջիկը նկատում է իր կտրած մազերը և հայելու վրա «շուտով» գրությունը։ Իմանալով այդ մասին՝ Հելենի մոտ են գալիս Ջուլին, Բարրին և Ռեյը։ Ջուլին ենթադրում է, որ մարդասպանը խաղում է նրանց հետ, և որ այսօր՝ հուլիսի 4-ին, նա իր խաղը կսկսի իրական կյանքում։ Հելենն ուղևորվում է «Ձկան թագուհի» փառատոնին և իր հետ վերցնում Բարրիին, որպեսզի նա պաշտպանի նրան։ Ջուլին այցելում է Միսիին և պատմում, որ Դևիդն ինքնասպան է եղել և ցույց է տալիս մահառաջի գրությունը, բայց Ջուլին հերքում է այդ փաստը։ Միսին նրան դուրս է անում տնից։
Հելենը ներկա է գտնվում համերգին և նայում նրան պատշգամբից հետևող Բարրիին։ Որոշ ժամանակ անց հայտնվում է կեռչանը ձեռքին անհայտ մեկը և սպանում Բարրիին։ Հելենը սարսափած կանչում է ոստիկանություն և ասում, որ Բարրիին այլևս չկա, բայց ոչ ոք նրան չի հավատում։ Միևնույն ժամանակ Ջուլին հոդված է գտնում Դևիդի մասին, որտեղ ասվում է, որ իր սիրելի Սյուզին մահացել է ավտովթարից։ Հելենը ոստիկանի հետ գնում է ոստիկանական բաժանմունք և տեսնում կոտրված մեքենայի մեջ գտնվող «Ձկնորսին»։ Ոստիկանը դուրս է գալիս մեքենայից, որպեսզի օգնի, բայց Ձկնորսը վերցնում է իր կեռչանը և սպանում նրան։ Հելենը փախչում է մարդասպանից և խանութից փորձում է զանգահարել ոստիկանություն, բայց հեռախոսը չի աշխատում։ Աղջիկը շարունակում է փախչել, բայց Ձկնորսը բռնում է նրան և գազանաբար սպանում։
Ջուլին վազում է Ռեյի մոտ և պատմում, որ իրենք սպանել են ոչ թե Իգանին, այլ ուրիշ մեկին։ Ռեյը Ջուլիին ասում է, որ նա մտնի նավակը։ Այդ պահին աղջիկը, տեսնելով սպասքի վրա գրված «Billy Blue» գրությունը, եզրակացնում է, որ Ռեյն այն մարդն է, որ այցելել է Միսիին, և որ նա է Ձկնորսն ու մարդասպանը։ Ջուլին փախչում է Ռեյից։ Փախչելով՝ նա բախվում է մի տղամարդու, որին օգնության խնդրանքով դիմում է։ Նա առաջարկում է թաքնվել իր նավում։ Մտնելով նավասենյակ՝ Ջուլին տեսնում է իր և իր ընկերների լուսանկարները, իսկ տղամարդը նրան ասում է, որ «դեռահասները քեզ նման պետք է ուրախանան և մարդկանց խփեն»։ Ջուլին հասկանում է, որ իր առջև նա է, ում նա և իր ընկերները մեկ տարի առաջ խփել էին՝ Բեն Ուիլիսը։ Աղջիկը փախչում է Ձկնորսից, փորձելով նրանից թաքնվել նավամբարում՝ գտնում է Բարրիի և Հելենի մահացած մարմինները։ Միևնույն ժամանակ Ռեյը թաքուն մտնում է Ձկնորսի նավակ և նրա հետ կռվի մեջ մտնում։ Ուիլիսը Ռեյին նետում է նավից և գնում Ջուլիի հետևից։ Ռեյին հաջողվում է մտնել նավի ետնամաս, իսկ Բեն Ուիլիսը գտնում է Ջուլիին և նույն պահին դեմքին ուժեղ հարված է ստանում ամբարձիչի կեռով։ Ջուլին փախչում է Ռեյի մոտ, բայց մարդասպանը բարձրանում է և բռնում աղջկան։ Ջուլիին կեռով խփելու թափ վերցնելով՝ նա փաթաթում է նրան պարանով, իսկ Ռեյն աշխատեցնում է լծակը և Բեն Ուիլիսին դուրս նետում նավակողից։ Ջուլին և Ռեյը փրկվում են։ Եզրափակիչ տեսարանում ցույց է տրվում, որ Ջուլին ցնցուղի մեջ կրկին գտնում է գրություն, բայց արդեն այն շաբաթ օրը լողավազանում երեկույթի հրավեր-գրություն էր։ Աղջիկը գնում է լողանալու և խցիկի ցնցուղի վրա տեսնում է հետևյալ գրությունը. «Ես դեռ ամեն ինչ գիտեմ» և նրա վրա հարձակվում է Ձկնորսը։ Էկրանը խավարում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ջենիֆեր Լավ Հյուիթ | Ջուլի Ջեյմս |
Սառա Միշել Գելար | Հելեն Շիվերս |
Ռայան Ֆիլիպ | Բարի Քոքս |
Ֆրեդի Պրինց Կրտսեր | Ռեյ Բրոնսոն |
Էն Հեչ | Մելիսա Իգան |
Մյուզ Ուոթսոն | Բենջամին Ուիլիս |
Բրիջիթ Ուիլսոն | Էլզա Շիվերս |
Ջոնի Գալեկի | Մաքս |
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնչությունը և տարբերություններն էկրանավորվող վեպից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ֆիլմի՝ վեպում դեռահասները մեքենայով հարվածում են ոչ թե մեծահասակ տղամարդուն, այլ երեխային[13] (հարկ է նշել, որ վեպի հեղինակ Լոյս Դանկանի գրվածքում 1989 թվականին սպանվել է 18-ամյա աղջիկը, որին գտել են սեփական մեքենայում՝ գլխի շրջանում գնդակահարված վիճակում)։ Բացի այդ, ֆիլմի համար հորինվել է մարդասպանի կերպարը, փոխվել են գործողության վայրն ու ժամանակը, ավելացվել է ավելի շատ բռնություն, արյուն և դաժանություն։ Վեպում հերոսներից ոչ մեկը չի սպանվել և գրեթե չի տուժել պատմության ժամանակ։
Անձամբ Լոյս Դանքանը ֆիլմի թողարկումից հետո վրդովված է եղել այն փոփոխություններից, որոնք կինոնկարի ստեղծողները ներկայացրել են նրա պատմության մեջ. «Ես հրճվական տրամադրություն ունեի այնքան ժամանակ, քանի դեռ չեմ նստել կինոթատրոնի բազկաթոռին ադիբուդու տուփով և չեմ հայտնաբերել, որ Հոլիվուդն իմ պատանեկության սասպենս-պատմությունը վերածել է սլեշերի։ Գործողության վայրը Նյու Մեքսիկոյի լեռներից տեղափոխվել է արևելյան ափին գտնվող ձկնորսական գյուղ։ Իսկ խենթ ձկնորսը, որ չի եղել իմ գրքում, կարող էր սառցե կարթով սպանել իմ կերպարներին։ Առաջին բանը, որ ես արեցի, երբ դուրս եկա կինոթատրոնից, իմ դստերը՝ Քերրիին զանգահարելն էր և նրան ասացի, որ թոռներիս թույլ չտա այն դիտել»։
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը մեկ տարի առաջ նկարահանված «Ճիչ» երիտասարդական սլեշերի հետ ունի բազմաթիվ նման հատկություններ և ոճաձևեր։ Ֆիլմի ռեժիսոր Ջիմ Գիլեսպին ասել է, որ չի պատրաստվել «Ուրբաթ 13» հայտնի ֆիլմի նման սլեշեր անել, այնուհետև հավելել է. «Սա ավելի կարևոր ֆիլմ է, այն վերադարձ է հիչքոքական ոճին»։ Սցենարիստ Քևին Ուիլյամսոնը նաև ասել է, որ ֆիլմը կլինի ավելի լուրջ և էմոցիաներով, ռեալիստական գործողություններով և լարվածություններով հագեցած։
Փաստեր[14]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տղաներն ուղևորվում են Դոուսոն Բիչ, այն հղվում է «Դոուսոնի ծովախորշ» հեռուստասերիալին, որի համար Քևին Ուիլյամսոնը նույնպես սցենար է գրել։
- Ֆիլմի թրեյլերում ասվում է՝ «Ճիչ» ֆիլմի ստեղծողներից։ Այդ ժամանակ «Dimension Films»-ը սպառնացել էր «Columbia Pictures»-ի հայցով, և արտահայտությունը հանել էին գովազդային հոլովակից։
- Այն տեսարանում, երբ Հելենը փրկվում է մարդասպանից, կարելի է նկատել օպերատորի արտացոլումը խանութի դռան ապակու մեջ։
- Սառա Միշել Գելարը փորձել է Ջուլիի դերը, իսկ Ջենիֆեր Լավ Հյուիթը՝ Հելենի դերը։
- Ֆիլմն ունի այլընտրանքային վերջամաս, որն ավելի ուշ օգտագործվել է որպես թիզեր-թրեյլեր երկրորդ մասի համար։ Այդ տեսարանում Ջուլին համացանցով գրվում է Ջեյի հետ, և որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ աղջիկն իր սիրեցյալի հետ չի շփվել։ Այնուհետև հայտնվում է մի մարդասպան և հզորությամբ հարձակվում Ջուլիի վրա։
- Քևին Ուիլյամսոնը գրել է ֆիլմի սցենարը շատ ավելի վաղ, քան «Ճիչի» սցենարը, բայց հեղինակը երկար ժամանակ չի կարողացել այն վաճառել որևէ մեկին։
- Այն տեսարանի գործողությունները, որում տղաները գնդակահարում են ձկնորսին, Հյուսիսային Կարոլինայից տեղափոխվել են Կալիֆոռնիա։ Պրոդյուսեր Էրիկ Ֆիգի խոսքերով՝ հեղինակները ցանկացել են ավելի բլրավոր և վտանգավոր ճանապարհ գտնել։
- Կինոնկարի նկարահանումները տևել են 50 օր։
- Չնայած, որ հերոսները միասին հայտնվում են տեսարանների մեծ մասում, Ռեյը և Հելենը միմյանց հետ ոչ մի բառ չեն փոխանակել։
- Մաքսի սպանությունն ավելացվել է այն բանից հետո, երբ նշանակվել են լրացուցիչ նկարահանումներ, հեղինակները համարել են, որ այդ տեսարանը հանդիսատեսին հավատացնելու է, որ մոլագարը իրական սպառնալիք է նրանց համար։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում հնչում են հետևյալ երգերը․
- Kula Shaker - «Hush» [2:56]
- Type O Negative - «Summer Breeze» [4:57]
- The Offspring - «D.U.I.» [2:26]
- Apple Quick Step - «Kid» [3:16]
- L7 - «This Ain’t The Summer Of Love» [3:09]
- Soul Asylum - «Losin' It» [3:01]
- Toad The Wet Sprocket - «Hey Bulldog» [2:31]
- Southern Culture On The Skids - «My Baby’s Got The Strangest Ways» [3:59]
- The Din Pedals - «Waterfall» [3:47]
- Our Lady Peace - «Clumsy» [4:27]
- Flick - «One Hundred Days» [3:40]
- Goatboy - «Great Life» [3:50]
- Hooverphonic - «2Wicky» [4:44]
- Adam Cohen - «Don’t Mean Anything» [3:43]
- Korn - «Proud» [3:17]
Ռիմեյք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «Sony Pictures» ընկերությունը որոշել է նկարահանել ֆիլմի ռիմեյքը՝ «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ»։ Սցենարի հեղինակն է Մայք Ֆլենեգանը։
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 26-ին հայտարարվել է, որ Ամազոն ընկերությունը նկարահանելու է 1997 թվականին նկարահանված «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» սլեշերի վրա հիմնված հեռուստասերիալ։ Հեռուստասերիալի պրոդյուսերը Նիլ Մորիցն է, իսկ պիլոտային սերիայի ռեժիսորը՝ Ջեյմս Վանը։ Նոր նախագծի սցենարի հեղինակը Շեյ Հաթենն է[15]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ASCAP Film & Television Music Awards, 1998՝ Երաժշտություն դրամարկղային ֆիլմի համար (Ջոն Դեբնի)
- Blockbuster Entertainment Awards, 1998՝ Սկսնակ դերասանուհու լավագույն դերակատարում (Ջենիֆեր Լավ Հյուիթ) և Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի' (Սառա Միշել Գելար)
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- MTV Movie Awards, 1998 թվական՝ Տարվա առաջնամուտ (Սառա Միշել Գելար)
- International Horror Guild, 1998 թվական՝ Տարվա լավագույն ֆիլմ
- Young Artist Awards, 1998 թվական՝ Գլխավոր դերի լավագույն դերասանուհի (Ջենիֆեր Լավ Հյուիթ)
- Academy of Science Fiction, Fantasy & Horror Films, 1998 թվական՝ Տարվա լավագույն սարսափ ֆիլմ
- Blockbuster Entertainment Award, 1998՝ Սարսափ ֆիլմի լավագույն դերասանուհի (Ֆրեդի Պրինց Կրտսեր), Երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռայան Ֆիլիպ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/koszmar-minionego-lata
- ↑ http://www.imdb.com/title/tt0119345/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/i-know-what-you-did-last-summer
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 I Know What You Did Last Summer — 1997.
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.adorocinema.com/filmes/filme-3546/
- ↑ 8,0 8,1 http://www.filmaffinity.com/es/film515456.html
- ↑ 9,0 9,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=3546.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://www.imdb.com/title/tt0119345/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 http://www.ofdb.de/film/193,Ich-wei%C3%9F-was-Du-letzten-Sommer-getan-hast
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «horror.citycat.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.
- ↑ IMDB Trivia Section
- ↑ Джеймс Ван снова снимает ужасы!
|
- Հյուսիսային Կարոլինայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Սլեշեր ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1998 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1997 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1996 թվականին