Եպիսկոպոսական պալատ
Աստորգայի Եպիսկոպոսական պալատ, Աստորգայի եպիսկոպոսական նստավայր (իսպ.՝ Palacio Episcopal de Astorga), իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի 1889-1913 թվականներին կառուցած եպիսկոպոսական նստավայր Իսպանիայի Աստորգա քաղաքում։ Կառույցը նախագծվել է կատալոնյան մոդեռնիզմ ոճով։ Գաուդիի` Կատալոնիայից դուրս գտնող երեք կառույցներից մեկն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 19-րդ դարում բնօրինակ Եպիսկոպոսական պալատը հրդեհից ավերվեց, եպիսկոպոս Գրաուն որոշեց նոր նստավայրի կառուցման նախագիծը հանձնարարել իր ընկերոջը` Անտոնիո Գաուդիին։ Նրանք ընկերներ էին դարձել, երբ Գրաուն Տառագոնայի արքեպիսկոպոսության գլխավոր փոխանորդն էր, և նրա օրոք բացված եկեղեցու խորանը նախագծել էր ճարտարապետը։
Երբ Գաուդին ստացավ եպիսկոպոսական նստավայրը կառուցելու առաջարկը, դեռևս աշխատում էր Բարսելոնայի Գուելյա պալատի վրա, ուստի չկարողացավ տեղափոխվել Աստորգա և ուսումնասիրել նոր շինության տեղայնքն ու տարածքը։ Գաուդին խնդրեց եպիսկոպոսին իրեն ուղարկել լուսանկարներ` սկսելու նոր նախագիծը։ Գաուդիի ուղարկած նախագիծն ընդունվեց 1889 թվականի փետրվարին։ Պալատի հիմնաքարը դրվեց հաջորդ տարվա հունիսին։
Էլ-Բրեստոյից բերված գորշ գրանիտից կառուցված շինությունը ստեղծվել է նոր միջնադարյան ոճով` ներդաշնակ իր գտնվելու վայրի հետ` ներառելով նաև Գաուդիի հետագա աշխատանքներին բնորոշ տարրեր, այդ թվում մուտքի կամարները, հենասյուններն ու կողային ճակատների ծխնելույզները։ Կառույցի ճակատային հատվածի համար Գաուդին նախագծել է հինգ մետր բարձրությամբ հրեշտակ, որը սակայն երբեք չտեղադրվեց կառույցի վրա։ Պալատի ճակատային հատվածն ունի չորս գլանաձև աշտարակներ և շրջապատված է փոսերով։
1893 թվականին եպիսկոպոս Գրաուի մահից հետո Գաուդին տարաձայնություններ ունեցավ խորհրդի հետ, և կառույցի շինարարությունը դադարեցվեց մի քանի տարի։ Պալատի կառուցումն 1907-1915 թվականներին ավարտել է Ռիկարդո Գարսիա Գուերետան։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում շենքը ծառայել է որպես տեղական ռազմական շտաբ։ 1956 թվականին կատալոնացի Ջուլիան Կաստելտորտը սկսեց շենքի վերականգնումը` այն հարմարեցնելու որպես եպիսկոպոսի նստավայր։ Ավելի ուշ եպիսկոպոս Մարսելոն Գոնսալես Մարտինը նպաստեց, որ պալատը դառնա կրոնական թանգարան։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Crippa, Maria Antonietta (2007). Gaudí. Cologne: Taschen. ISBN 978-3-8228-2519-8.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եպիսկոպոսական պալատ կատեգորիայում։ |