Եղունգների երկարացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Matte black and white polkadot nails (16476158115).jpg
Unhas de Gel da Bia Nails.jpg

Եղունգների երկարացում, մոդելավորում, եղունգների երկարության արհեստական մեծացման գործընթաց բնական եղունգների թերությունները շտկելու համար (շերտազատում, եղունգների թիթեղի թուլություն ու փխրունություն և այլն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն եղունգների մոդելավորումն իրականացվել է դեռ միջնադարյան Չինաստանում, երբ օգտագործվել է բնական մետաքս և լաք։ Ավելի ուշ՝ 19-րդ դարում, նմանատիպ տեխնոլոգիան թափանցել է Եվրոպա, որտեղ այն լայն տարածում է գտել։ Ակրիլի օգտագործմամբ եղունգների երկարացման ժամանակակից տեխնիկան պատահականորեն հորինել է 1954 թվականին ամերիկացի ատամնաբույժ Ֆրեդ Սլեկը (Fred Slack), երբ փորձում էր կոտրված եղունգը «շտկել» ատամնաբուժական ակրիլով[1][2]։

Սկզբում ակրիլի բաղադրության մեջ ներառված է եղել մեթիլմետակրիլատ, որի պատճառով արհեստական ​​եղունգները շատ հաստ էին, փխրուն և չէին կարող ձևավորվել։ Պարզվել նաև, որ մեթիլմետակրիլատը զգալի վնաս է հասցնում բնական եղունգին․ դրա թունավորության մակարդակն անընդունելի է եղունգների երկարացման գործընթացում օգտագործելու համար և վտանգավոր է ինչպես վարպետի, այնպես էլ հաճախորդի առողջության համար։ 1974 թվականին արգելվել է մեթիլմետակրիլատի օգտագործումը եղունգների երկարացման համար նախատեսված նյութերի արտադրության մեջ, և դրա փոխարեն սկսել է օգտագործվել պակաս վտանգավոր էթիլմետակրիլատը, ինչը շատ ավելի քիչ վնաս է հասցնում ինչպես հաճախորդի բնական եղունգների թիթեղին, այնպես էլ վարպետի առողջությանը, որն անընդհատ կապի մեջ է նյութի հետ։

Տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունի եղունգների երկարացման տեխնոլոգիայի չորս հիմնական տեսակ.

  1. Ակրիլային (եղունգների երկարացման ակրիլային համակարգեր) - եղունգների երկարացման այս ձևի առավելությունները ներառում են այն փաստը, որ եղունգները դառնում են առաձգական ու ամուր, և, հետևաբար, ակրիլային եղունգները, որպես կանոն, ավելի բարակ ու ճկուն են, քան գելային եղունգները։
  2. Գելային (եղունգների երկարացման գելային համակարգեր) – գելային եղունգները, ի տարբերություն ակրիլային եղունգների, փայլուն են և պահպանվում են 2-3 շաբաթ[3][4]:
  3. Սոսինձ-փոշի
  4. Հյուսվածքային տեխնոլոգիա (մետաքս, ապակեթել) – այն օգտագործվում է բնական եղունգների թիթեղի ամրացման կամ գել-ակրիլային եղունգները վերականգնելու համար։
  5. Ակրիլի և գելի համադրություն (ակրիգել, կոմբիգել) – Այս համադրության նպատակը արհեստական ​​եղունգներին ավելի մեծ դիմացկություն հաղորդելն է։

Տեխնոլոգիաներից յուրաքանչյուրը հիմնված է պոլիմերացման ռեակցիայի վրա։ Այս կամ այն ​​տեխնոլոգիան օգտագործելիս եղունգները ձեռք են բերվում տարբեր դիմացկունություն և ամրություն։ Օրինակ՝ մետաքսի և սոսինձ-փոշու եղունգներն ունենում են նվազագույն ամրություն։ Այդպիսի եղունգները պահպանվում են ընդամենը 1-2 շաբաթ։ Ակրիլային կամ գելային տեխնոլոգիայի միջոցով պատրաստված եղունգները պահպանվում են 2-3 անգամ ավելի երկար՝ շտկումից շտկում։ Շտկումը պետք է կատարվի յուրաքանչյուր 2,5-3 շաբաթը մեկ՝ կախված եղունգների տեսակից և դրանց աճի տեմպից։ Միջինում շտկումների առավելագույն քանակը 10 է, այնուամենայնիվ, միջինում, երկարացված եղունգները ամբողջությամբ թարմացվում են 3-4 շտկումից հետո։ Այդ պատճառով դրանք առավել լայնորեն են օգտագործվում։

Նյութերից յուրաքանչյուրն ունի սեղմվելու տարբեր տոկոս (որոշվում է լաբորատորիայի կողմից)․ 3-12%` կծկման լավագույն տոկոսն է, 12-20 %` թույլատրելի տոկոս։ Անհնար է աշխատել այնպիսի նյութի հետ, որի կրճատման տոկոսը 20 %-ից ավելին է։ Արհեստական ​​եղունգը աստիճանաբար կբարձրացնի բնական եղունգըը, ինչի արդյունքում բնական եղունգը կարող է պոկվել։ Մետաքսի և սոսինձ-փոշու սեղմման տոկոսը կազմում է 5 %, գելինը` մինչև 15%։

Երկարացման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս օգտագործվում են եղունգների երկարացման երեք տեսակ.

  1. Երկարացում տիպսերով[5][6] – Եղունգների երկարացումն իրականացվում է տիպսերի միջոցով (պլաստիկ «երկարացնողներ», որոնք հատուկ սոսինձով սոսնձվում են բնական եղունգի վրա)։ Տիպսերը սոսնձելուց, դրանց անհրաժեշտ երկարություն և ձև տալուց հետո բնական եղունգների թիթեղը տիպսի հետ միասին ծածկվում է ցանկացած ընտրված նյութով, այնուհետև պոլիմերացումից հետո արհեստական ​​եղունգը հարթեցվում է, փայլեցվում և հղկվում։
  2. Երկարացում ստորին կաղապարով – Եղունգների մոդելավորումն իրականացվում է հատուկ կաղապարների վրա, որոնք կարող են լինել պլաստմասե կամ թղթե։ Եղունգի նախապատրաստումից հետո բնական եղունգի ազատ եզրի տակ դրվում է ձևանմուշ, որի վրա դրվում է ցանկալի երկարության և ձևի ապագա եղունգը, պոլիմերացումից հետո կաղապարը հանվում է և եղունգը հղկվում է։ Կաղապարի վրա կարող է դրվել նաև ակրիլային կամ գելային բարակ հիմք, որից հետո եղունգը կարելի է մոդելավորել ինչպես տիպերի վրա։
  3. Երկարացում վերին կաղապարով – Նյութը դրվում է հատուկ մշակված սիլիկոնե ձուլվածքների մեջ, որոնց ներքին եզրը կրկնում է ապագա արհեստական ​​եղունգի ուրվագծերը։ Վերին ձևը դրվում նախպատրաստված եղունգների թիթեղի վրա, որից հետո այն 30 վայրկյան սեղմում են եղունգին։ Այնուհետև վարպետը թողնում է կաղապարը, և այն մնում է այս դիրքում, մինչև ակրիլը ամբողջովին պոլիմերացվի (3-4 րոպե)։ Գելային երկարացման դեպքում կաղապարը հաճախորդի մատի վրա պահվում է ուլտրամանուշակագույն լամպի տակ[4], մինչև ամբողջական պոլիմերացման հասնելը (2-3 րոպե)։ Դրանից հետո վերին կաղապարը հանվում է։ Ազատ եզրը ձևավորվում է։ Արհեստական ​​եղունգների ոչ մի լրացում չի պահանջվում, ստեղծված եղունգների մակերեսը հարթ է վերին կաղապարի շնորհիվ։ Վերին կաղապարները կարող են օգտագործվել ակրիլային և գելային երկարացումների, ինչպես նաև եղունգների ամրացման համար։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ, քանի որ ցանկացած փոշի կամ կեղտ կարող է խաթարել ամբողջ գործընթացը։ Չի կարելի մատերով դիպչել եղունգների թիթեղներին, որպեսզի կանխվի դրանց վրա քրտինքի կուտակումը, ինչը կհանգեցնի անհավասար կլանման և, որպես արդյունք, եղունգների թիթեղի վրա նյութի թույլ ամրացման։ Հաջորդ քայլը եղունգների թիթեղի կտրումն է ու մշակումը` դրա մակերեսին անհարթություն հաղորդելու համար, որպեսզի ուժեղացվի նյութին կպչելու էֆեկտը։ Դրանից հետո պետք է որոշել եղունգի չափը, ինչպես նաև դրա ձևը՝ կարճ, երկար, քառակուսի, սրածայր, օվալ և այլն։

Արհեստական ​​եղունգների հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական ​​եղունգները կարող են հեռացվել տանը կամ գեղեցկության սրահների մասնագետների կողմից։ Տանը եղունգները հեռացնելը ենթադրում է ացետոնի և այլ հատուկ հեղուկների օգտագործում, սակայն այս մեթոդը չի խրախուսվում, քանի որ ացետոնը բացասաբար է ազդում մաշկի և բնական եղունգների վրա, ինչպես նաև չի լուծում գելային լաքերի մեծ մասը։ Արհեստական ​​ծածկույթը հեռացնելուց հետո դրա տակի եղունգը մնում է բարակ և փափուկ, քանի որ եղունգների թիթեղի կերատինը երկար ժամանակ մնացել է առանց օդի հետ շփման։ Ավելին, երկարացման գործընթացում բնական եղունգը գտնվում էր մեղմ գրգռման վիճակում, ինչի հետևանքով արդեն բարակ եղունգները կարող են ավելի բարակել։ Արհեստական ​​ծածկույթը խարտոցով հեռացնելուց հետո եղունգների թիթեղը մի քանի ամսվա ընթացքում հատկապես ենթակա է բակտերիաների ազդեցությանը։ Արհեստական եղունգի հեռացնելուց հետո եղունգների թիթեղը վերականգնվում է 5-6 ամսվա ընթացքում։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական ​​եղունգների առավելություններն են դրանց ամրությունը, բնական եղունգների թիթեղի հավասարապես պաշտպանված լինելը վնասակար արտաքին գործոններից։ Դրանից բացի՝ արհեստական ​​եղունգները հիմք են հանդիսանում մատնահարդարման արվեստի համար․ դրանք կարող են լաքապատվել, նկարել դրանց վրա, զարդարել ըստ հայեցողության։ Դրանք նաև օգնում են վատ սովորություններ ունեցող մարդկանց, քանի որ սահմանափակում են բնական եղունգների հասանելիությունը։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարացված եղունգների թերություններից է կանոնավոր շտկման անհրաժեշտություն։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելացված թիթեղի տակ գտնվող կենդանի եղունգը շարունակում է աճել, և միշտ չէ, որ բոլոր եղունգները հավասարաչափ են աճում։

Եղունգների երկարացման համար նախատեսված բարձր սեղմման հարաբերակցությամբ նյութերը (ավելի քան 12 %) կարող են հանգեցնել բնական եղունգների թիթեղի՝ բնից տարանջատմանը։

Եղունգների երկարացման ակրիլային նյութերը որոշ մարդկանց մոտ կարող են ալերգիա առաջացնել։

Հղիության ընթացքում կամ հորմոնալ բուժում անցնելիս բնական եղունգները կարող են չընդունել արհեստական ​​նյութը։ Բացի այդ, բնական եղունգների տարբեր մասերի աճի տեմպը կարող է փոխվել։

Ազդեցություն առողջության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնկալվող օգուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական ​​եղունգները օգնում են թաքցնել կոտրված, վնասված, կարճ եղունգները կամ եղունգների «անցանկալի» տեսքը։ Այն նաև օգնում է եղունգները կրծելուց և պաշտպանում է եղունգների փխրուն թիթեղները։ Դրանք կարող են օգտագործվել նաև այն դեպքում, երբ մարդիկ ի վիճակի չեն աճեցնել բնական եղունգները ցանկալի երկարությամբ կամ հասնել ցանկալի ամրության։

Առողջության ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ​​արհեստական ​​եղունգները լավ են տեղավորվում, ապա դրանք սովորաբար խնդիրներ չեն առաջացնում։ Այնուամենայնիվ, երկար կրելու և թույլ տեղավորման դեպքում դրանք կարող են վնասել եղունգների թիթեղի բունը և խոչընդոտել բնական եղունգների աճը։ Արհեստական ​​եղունգների ամենատարածված խնդիրը մանրէներով աղտոտումն է, որոնք կարող է զարգանալ բնական և արհեստական ​​եղունգների միջև։

Երբ արհեստական ​​եղունգը միանում է եղունգների թիթեղի հետ, արհեստական ​​եղունգների ստացած հարվածը կարող է հանգեցնել այն բանի, որ բնական եղունգը առանձնանա բնից, ինչի հետևանքով կարող են ներթափանցել բակտերիաներ ու սունկ և առաջացնել բորբոքում։ Այս դեպքում վարակված եղունգները ծառայում են որպես վարակի աղբյուր անբավարար իմունիտետ ունեցող շրջապատողների համար, օրինակ՝ նորածինների։ Վարակը կարելի է բերել հենց գեղեցկության սրահից, որտեղ անտեսվում են ախտահանման անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները[7]։ Շատ հիվանդանոցներ և բժշկական հաստատություններ թույլ չեն տալիս աշխատակիցներին երկար եղունգները՝ արհեստական կամ բնական, քանի որ նշված եղունգների միջոցով մանրէները կարող են փոխանցվել հիվանդներին[8]։

Ակրիլային նյութերը դյուրավառ են[9], այդ պատճառով պետք է խուսափել դրանց շփումը տաքացող մետաղական հարթ մասերի, մազերի հարդարիչների և այլնի, ինչպես նաև էլեկտրական վառարանների տաք մակերեսների և բաց կրակների հետ։

Որոշակի վնաս կարելի է ստանալ գեղեցկության սրահներում ակրիլային եղունգների կազմի մեջ մտնող քիմիական նյութերի գոլորշիների ներշնչումից, ներառյալ մեթիլմետակրիլատը, ինչը կարող է առաջացնել կոնտակտային մաշկաբորբ, ասթմա, աչքերի և քթի ալերգիա[10]։ Գեղեցկության սրահների աշխատողները դեմքը ենթարկվում են այլ քիմիկատների, ինչպիսիք են տոլիուլենը, դիբուտիլֆտալատը և ֆորմալդեհիդը[11][12][13]։

Մեթիլմետակրիլատի ազդեցությունը (ակրիլային ապակու նախատիպ) կարող է առաջացնել քնկոտություն, գլխապտույտ և ձեռքերի ցնցում[14], այդ պատճառով այն արգելված է օգտագործման համար ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում[15]։։

Հնարավոր է նաև անորակ նյութից եղունգներին քիմիական այրվածքներ ստանալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Acrylic Nails History»։ Evebridge.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-10-ին 
  2. «Fred Slack»։ Nail Systems International 
  3. Whitbread Louise (2019)։ «Gel Manicures Look Good, But What's The Damage To Your Nails?»։ HuffPost 
  4. 4,0 4,1 Janet Simms (2003)։ A Practical Guide to Beauty Therapy for NVQ Level 2։ Nelson Thornes։ էջ 396։ ISBN 978-0-7487-7150-9 
  5. Simms (2003), p. 398.
  6. «How To Size and Apply Nail Tips»։ Nailpro (en-us)։ 2017-02-14։ Վերցված է 2020-12-08 
  7. «Preventing infections when visiting the nail salon or tattoo parlor»։ APIC (en-US)։ Վերցված է 2020-12-12 
  8. Hedderwick Sara A. (2000)։ «Pathogenic Organisms Associated With Artificial Fingernails Worn by Healthcare Workers.»։ Infection Control & Hospital Epidemiology 21 (8): 505–509։ JSTOR 10.1086/501794։ PMID 10968715։ doi:10.1086/501794։ Վերցված է 2020-12-07 
  9. «Product Information, Nail Care Products»։ U.S. Food and Drug Administration։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-06-ին 
  10. «CDC – NIOSH Publications and Products – Controlling Chemical Hazards During the Application of Artificial Fingernails»։ NIOSH։ Վերցված է 6 March 2013 
  11. «Health Hazards in Nail Salons – Chemical Hazards»։ OSHA։ Վերցված է 6 March 2013 
  12. «At Some Nail Salons, Feeling Pretty and Green»։ The New York Times։ Վերցված է 6 March 2013 
  13. «CDC – Nail Technicians' Health and Workplace Exposure Control – NIOSH Workplace Safety and Health Topic»։ NIOSH։ Վերցված է 6 March 2013 
  14. Symington Jan (2006)։ «Salon management»։ Australian nail technology։ Croydon, Victoria, Australia: Tertiary Press։ էջ 11։ ISBN 0864585985 
  15. «The Methacrylate Producers Association's Position on the Use of Methacrylic Acid and Unreacted Methacrylic Monomers Liquid Form in Artificial Nail Products»։ Methacrylic Producers Association։ Վերցված է 14 December 2018 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chase, Deborah. The New Medically Based No-Nonsense Beauty Book. Henry Holt and Company, Inc., 1989.
  • Schoon, Douglas D. Nail Structure and Product Chemistry. Milady Publishing, 1996.
  • Symington, Jan. Australian nail technology. Tertiary Press, 2006.
  • Anthony, Elizabeth. "ABC's of Acrylics," NailPro Magazine, October 1994.
  • Hamacker, Amy. "Dental Adhesives for Nails," NailPro Magazine, June 1994.