Գեղեցկության սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գեղեցկության սրահ, տղամարդկանց և կանանց համար կոսմետիկ ծառայություններով զբաղվող հաստատություն։ Ծառայության այս ճյուղին են պատկանում նաև վարսավիրանոցները և սպա սալոնները։ Գեղեցկության սրահները, ի տարբերություն դրանց, հիմնականում զբաղվում են մարդկանց դեմքի և մարմնի խնամքի աշխատանքներով։

Սրահների ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերսում, բժշկական կամ այլ արդյունք ստանալու նպատակով հյուսվածքների և օրգանների վրա մեխանիկական և ռեֆլեկտորային ազդեցությունների ամբողջություն, այդ թվում՝ տրորում, սեղմում, վիբրացիա, որոնք իրականացնում են մարդու մարմնի մակերեսին, ձեռքերով կամ հատուկ սարքով, օդային, ջրային կամ այլ միջոցների օգտագործմամբ։
  • Մանիկյուր, ձեռքերի մատների խնամք, մաքրում, հարթեցում, եղունգների լաքապատում։
  • Պեդիկյուր, ոտնաթաթի և ոտքերի եղունգների խնամք (եղունգների մաքրում և հարթեցում, կոշտուկների հեռացում և այլն)։
  • Մազերի ներկում, գործընթաց, որի ընթացքում կիրառվում են հատուկ ներկող նյութեր, որոնք ընդունակ են փոխել բնական գույնը կամ երանգը։
  • Թարթիչների լիցք, բնական թարթիչների ծավալի ավելացման և նրանց գրավիչ էֆեկտ հաղորդելու միջոց։
  • Մշտատև դիմահարդարում, մաշկի վերին շերտերում ասեղի օգնությամբ հատուկ գունանյութի ներդրում դեմքի վրա կայուն գծանկար ստեղծելու համար, որպեսզի նկատելի դարձնի, ընդգծի և բարելավի որոշակի դիմագծեր կամ նմանեցնի սովորական դիմահարդարմանը։
  • Մազերի կտրվածք, մազերի կարճացում։
  • Մելիրովկա, մազերի ներկումը առանձին փնջերով։

Գեղեցկության սրահները առաջարկում են նաև հետևյալ ծառայությունները՝ էպիլյացիա և դեպիլյացիա։ Թվարկված ծառայությունների ցանկը կարող է ներառել նաև կրիոլիֆտինգ,սոլյարիում, մշտատև դիմահարդարում, մեզոթերապիա, փիլինգ և վարսավիրական ծառայություններ։

Գեղեցկության սրահների աշխատողների հիմնական մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցկության սրահների ծառայություններից մեկը դեմքի դիմակների կիրառումն է։
  • Վարսահարդար, մասնագետ սանրվածքի օգնությամբ մարդկանց ոճը ձևավորելու ոլորտում։
  • Դիմահարդար, մարդ, որը հասկանում է քսուքներից, ծանոթ է մաշկի առանձնահատկություններին, նաև պրոֆեսիոնալ դիմահարդարող է։
  • Կոսմետոլոգ, մասնագետ, որը խնամում է հաճախորդի դեմքը և մարմինը, որպեսզի նրանց ավելի մեծ գրավչություն, թարմություն հաղորդի։
  • Ոճաբան, մասնագետ մարդու ոճը ստեղծելու ոլորտում։
  • Մանիկյուրի վարպետ, մասնագետ, որն իրականացնում է ձեռքի ափի (մատների, եղունգների) խնամքի համար նախատեսված կոսմետիկ ընթացակարգեր[1]։
  • Պեդիկյուրի վարպետ, մասնագետ, որն իրականացնում է ոտքերի (մատների, եղունգների) խնամքի համար նախատեսված կոսմետիկ ընթացակարգեր[1]։
  • Եղունգների դիզայներ, մասնագետ եղունգների զարդարման հմտության ոլորտում։
  • Լեշմեյքեր, մասնագետ թարթիչների երկարացման, զարդարման ոլորտում, նաև տեսքի ոճաբան։

Գեղեցկության սրահների ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական ​​վարսահարդարման ծառայությունների համաշխարհային շուկան տարեկան կազմում է 150 միլիարդ դոլար[2]։ ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում, ի տարբերություն Ռուսաստանի, շուկայի հիմնական բաժինը վերահսկվում է գեղեցկության սրահների ցանցերով։ ԱՄՆ-ում ցանցային սրահների (գեղեցկության սրահների ցանցեր) եկամտի մասնաբաժինը կազմում է բոլոր վարսահարդարման և գեղեցկության սրահների ավելի քան 80%-ը։ «Euromonitor»-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում ցանցերի մասնաբաժինը մի քիչ պակաս է՝ 70%[3]։

Աշխարհի գեղեցկության սրահների խոշորագույն ցանցը ամերիկյան «Regis Corporation» ցանցն է։ Ընդհանուր առմամբ այն ներառում է ավելի քան 13400 սրահ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի ավելի քան 30 երկրում։ «Regis Corporation»-ը վերահսկում է ամերիկյան շուկայի վարսավիրական ծառայության շուրջ 4%-ը և աշխարհի տարբեր ապրանքանիշների ներքո տարեկան բացում է 200-300 սրահ։ Տարեկան մոտ 160 միլիոն հաճախորդներ օգտվում է «Regis Corporation»-ի սրահների և գեղեցկության կենտրոնների ծառայություններից[4]։

Ըստ «Ռոսստատա»-յի տվյալների՝ Ռուսաստանում գործում է 20000-30000 գրանցված վարսավիրանոց և գեղեցկության սրահ[3]։ Ուկրաինայի գեղեցկության շուկայում առանձնացվում է սրահների 4 հիմնական կատեգորիա՝ կախված գնային քաղաքականությունից, առաջարկվող ծառայություններից, գտնվելու վայրից և օգտագործվող կոսմետիկայի ապրանքանիշերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Общероссийский классификатор профессий»(ռուս.)
  2. по данным маркетингового агентства Webbolt
  3. 3,0 3,1 журнал SmartMoney 25.03.2007
  4. «Investor Relations :: Regis Corporation (RGS)» Archived 2008-06-17 at the Wayback Machine.(անգլ.)