Ելիզավետյան ինստիտուտ (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետյան ինստիտուտ
Տեսակկանանց հաստատություններ
Հիմնադրված է1825
Լուծարված է20-րդ դար
Երկիր Ռուսական կայսրություն
Ելիզավետյան ինստիտուտ (Մոսկվա) (Ռուսական կայսրություն)##
Ելիզավետյան ինստիտուտ (Մոսկվա) (Ռուսական կայսրություն)
Ելիզավետյան ինստիտուտ (Մոսկվա), Ռուսական կայսրություն
 Elizabethan Institute in Moscow Վիքիպահեստում

Ելիզավետյան ինստիտուտ (ռուս.՝ Елизаветинский институт), փակ ուսումնական հաստատություն Մոսկվայում` նախատեսված ազնվականների, զինվորականների, վաճառականների և հոգևորականների դուստրերի համար[1]։ Հաստատությունը երբեք չի պատկանել ազնվական աղջիկների համար նախատեսված հաստատությունների կատեգորիային, ուղղվածությունն եղել է դեպի ավելի ցածր խավ։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հաստատությունը «Մոսկվայի աշխատասիրության տունն» էր, որը հիմնադրվել է 1825 թվականին նահանգապետի կնոջ՝ իշխանուհի Տատյանա Գոլիցինայի կողմից։ Տունը գոյատևում էր բարեգործական ներդրումների և միջոցների հաշվին` Ալեքսանդր I-ը տարեկան հատկացնում էր 13 հազար ռուբլի, վաճառական Գուբինը` 150 հազար ռուբլի։ Որոշակի գումարներ էին հատկացվում նաև Մոսկվայի քաղաքային ընկերության կողմից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է աղքատ աղջիկներին` հիմնականում որբերին, դաստիարակելու համար։ Առաջին աշակերտները եղել են 7-ից 11 տարեկան 24 աղջիկներ, ովքեր այստեղ պետք է դաստիարակվեին մինչև քսան տարեկան դառնալը։ Հետագայում այստեղ ընդունել են ոչ միայն որբերի, այլ նաև լավ ընտանիքների աղջիկներ, ովքեր վճարել են ուսման վարձ։ Աղջիկները ստացել են տարրական կրթություն, հավելավճարով նրանց սովորեցրել են երաժշտություն և պար։ 1833 թվականին թույլատրվել է ավելացնել աշակերտուհիների թիվը։ 1847 թվականին Մոսկվայի աշխատասիրության տունը վերանվանվել է Ելիզավետյան դպրոց՝ ի հիշատակ կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնայի[2]։

Դպրոցն ունեցել է 6 գիտական դասարան, որոնցում դասվանդել են Աստծո օրենք, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներ, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն, երգ ու պար։ Ելիզավետյան ինստիտուտում սովորել են աղքատ ընտանիքների սպաների և զինվորականների երեխաներ, ուստի շրջանավարտների մեծ մասը դառնում էին ուսուցչուհի կամ տնային դաստիարակչուհի[2]։

Որոշ ժամանակ ինստիտուտում դաշնամուրի դասընթացները ղեկավարել են Սերգեյ Ռախմանինովը, դասավանդել են Մ. Լևինը, Էմիլի Մետները, Ալեքսանդր Գեդիկեն, Ալեքսանդր Նիկոլսկին։ 1891-1893 թվականներին նկարչություն դասավանդել է Սերգեյ Մալյուտինը։ 1917 թվականից հետո Ելիզավետյան ինստիտուտը տեղափոխվել է կրթության ժողովրդական կոմիսարիատի հաստատություն։ Ինստիտուտի պատմական իրավահաջորդն է դարձել նոր կազմավորված Մոսկվայի Պրոֆինտերնի անվան մարզային մանկավարժական տեխնիկումը, իսկ 1931 թվականից՝ Մոսկվայի Ն. Կ. Կրուպսկայայի անվան մարզային մանկավարժական ինստիտուտը, որը 2002 թվականին դարձել է Մոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան։ Շենքը գտնվում է Ռադիոյի փողոցի թիվ 10 հասցեում։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1849-1850 թվականներին՝ Աննա Միխայլովնա Դարագան (1806-1877), ռուս ուսուցչուհի և մանկագիր։
  • 1850-1854 թվականներին` Եկատերինա Պետրովնա Լիպրանդի (մահ.` 1874), Իվան Լիպրանդիի քույրը, 1854 թվականից հետո` Իրկուտսկի ինստիտուտի ղեկավար։
  • 1882-1889 թվականներին` Արքայադուստր Նատալյա Սերգեևնա Գորչակովա (1826-1903), Ելենա Գորչակովայի քույրը, 1880 թվականից` Սարատովի ինստիտուտի ղեկավար։
  • 1889-1895 թվականներին` Ամենպայծառափայլ իշխանուհի Ելենա Ալեքսանդրովնա Լիվենը (1842-1915)[3], 1895 թվականից եղել է Սմոլնի ազնվական օրիորդների ինստիտուտի ղեկավարը։
  • 1895-1898 թվականներին` Օլգա Ալեքսանդրովնա Դավիդովան (1856-1923), Ելենա Ալեքսանդրովնայի քույրը, տոհմական պատվավոր քաղաքացի Վ. Պ.Դավիդովի այրին։ 1899 թվականից տպագրական վիմագրության դպրոցի ղեկավար, օգտակար գրքերի տարածման ընկերության սեփականատեր։ Նա բնակվում էր Մոսկվայում՝ Օրդինկայի իր սեփական տանը։ Նա շատ տնատիրություններ ուներ Մոսկվայում։
  • 1898-1902 թվականներին՝ իշխանուհի Մարիա Միխայլովնա Չերկասսկայա (1846-1933), եղել է Մոսկվայի Եկատերինյան ինստիտուտի շրջանավարտ։
  • 1902—1908 թվականներին՝ Օլգա Անատոլևնա Տալիզինա (1861-1926 թվականից հետո), Ալեքսանդր Տալիզինի թոռնուհին։
  • 1908-1910 թվականներին՝ Աննա Նիկոլաևնա Ունկովսկայա (1848-1927), ծովակալ Իվան Ունկովսկու այրին։
  • 1910-1917 թվականներին՝ Աննա Իվանովնա Խվոստովա (1866-1938), Աննա Նիկոլաևնա Ունկովսկայայի դուստրը, Սերգեյ Խվոստովի այրին։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոզնեսենսկու փողոցի վրա գտնվող դաստակերտը (այժմ՝ Ռադիոյի փողոց, 10 ա, շարք 1) դրա սեփականատերը Նիկոլայ Դեմիդովը նվիրաբերել էր Աշխատասիրության տանը։ 18-րդ դարի սկզբին այստեղ եղել է Ի. Ֆ. Ռոմոդանովսկու դաստակերտը՝ լորենու պուրակով և լճակներով։ Այնուհետև տունը պատկանել է Միխայիլ Գոլովկինին, իսկ 18-րդ դարի կեսերին, Նիկիտա Դեմիդովին, որն էլ կառուցեց բարոկկո ոճի տուն և տարածքը կրկնակի ընդարձակեց[2]։ Ինստիտուտին կից գործում էր նաև Տրոիցկի տնական եկեղեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бокова В. М. История Москвы. - М.: Современник, 1997. — 350 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Елизаветинский институт
  3. Москва. Елизаветинский институт благородных девиц