Ելիզավետա Պետրովնայի հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ելիզավետա Պետրովնայի հուշարձան
Ростов-на-Дону, сквер Покровский, храм Покрова Пресвятой Богородицы, памятник императрице Елизавете Петровне, 28.05.2015 - panoramio.jpg
Սուրբ Աստվածածին եկեղեցին և Ելիզավետա Պետրովնայի հուշարձանը
Կոորդինատներ 47°13′32.2″ հս․ լ. 39°43′55.9″ ավ. ե. / 47.225611° հս․. լ. 39.732194° ավ. ե. / 47.225611; 39.732194Կոորդինատներ: 47°13′32.2″ հս․ լ. 39°43′55.9″ ավ. ե. / 47.225611° հս․. լ. 39.732194° ավ. ե. / 47.225611; 39.732194
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Դոնի Ռոստով
Կառուցվել է 2007
Շինության ձևը Հուշարձան
Կառուցել է Սերգեյ Օլեշնյա
Ներկա վիճակը Կանգուն
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Ելիզավետա Պետրովնայի հուշարձան


Ելիզավետա Պետրովնայի հուշարձան (ռուս.՝ Памятник Елизавете Петровне), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հուշակոթողներից մեկը։ Նվիրված է ռուսական կայսրուհի և քաղաքի հիմնադիր Ելիզավետա Պետրովնային։ Այն գտնվում է Պոկրովսկի պուրակում, կառուցվել է 2007 թվականին Սերգեյ Օլեշնյայի նախագծով։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստով քաղաքի հիմնադրման ամսաթիվ կարելի է համարել 1749 թվականի դեկտեմբերի 15-ը, երբ կայսրուհի Ելիզավետա Պետրովնան հրամանագիր է ստորագրել Ռոստովի տարածքում առաջին մշտական ​​բնակավայրի՝ Տեմեռնիկյան մաքսակետի ստեղծման մասին։ 18-րդ դարի կեսերին Տեմեռնիկյան մաքսակետն ու նավահանգիստը, որը շուտով առաջացավ նրա շուրջը, սկսեցին կարևոր դեր կատարել Ռուսաստանի հարավ-արևմուտքի տնտեսական կյանքում։ Դա միակ կետն էր, որով Ռուսաստանը կարող էր առևտուր անել Ազովի, Սև և Միջերկրական ծովերի նավահանգիստների հետ։ Սա երկրորդ «պատուհան էր դեպի Եվրոպա»։ 1761 թվականին սկսվել է Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի շինարարությունը։ Հետագայում՝ 1811 թվականին, ամրոցը ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1835 թվականին ամրոցը վերացվել է։ Մեծ Ռոստովից տարբերելու համար քաղաքը կոչվել է Դոնի Ռոստով։

2006 թվականին հայտարարվել է Ելիզավետա Պետրովնայի հուշարձանի ստեղծման մրցույթ։ Կես տարի քննարկվել են ներկայացված նախագծերը։ Ընդամենը Դոնի պետական հանրային գրադարան էր ներկայացվել 6 աշխատանք։

Մի քանի ամիս ռոստովցիները թողնում էին իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները Ռոստովի պատմական կենտրոնը զարդարելիք հուշարձանի վերաբերյալ։ 2006 թվականի հունիսի 20-ին հատուկ հանձնաժողովն ամփոփեց մրցույթի արդյունքները։ Հաղթողն ընտրվել էր քաղաքաշինության խորհրդի կողմից։ Հաղթող էր ճանաչվել դոնցի անվանի նկարիչ-քանդակագործ Սերգեյ Օլեշնյայի նախագիծը, որի քանդակներն ու հուշահամալիրները տեղադրված են Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ Այս աշխատանքի համար քանդակագործը պարգևատրվեց Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալով[1]։

Ելիզավետայի հուշարձանը ստեղծել են քանդակագործներ Սերգեյ Օլեշնյան և Անատոլի Դեմենտևը ճարտարապետ Վլադիմիր Ֆոմենկոյի հետ համատեղ։

2007 թվականի հունիսի 27-ին տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր բացումը։

Կայսրուհու բրոնզե հուշարձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, այնտեղ, որտեղ դրանից առաջ մոտ 70 տարի կանգնած է եղել Սերգեյ Կիրովի հուշարձանը։ Տեղադրության այս տարբերակը կազմակերպիչներն ընտրել են որպես պատմական տեսանկյունից ամենահաջողվածը, քանի որ հենց այստեղ էր 18-րդ դարում կառուցվել Դիմիտրի Ռոստովցու ամրոցը։

Հուշարձանը ստեղծվել է ընդամենը հինգ ամսում, ներառյալ ծեփումը, կաղապարումը և ձուլումը։ Պատրաստմանը մասնակցել է 70 մարդ[2]։

Քանդակագործներն ուսումնասիրել են կայսրուհու հարյուրավոր դիմանկարներ, նրա ժամանակաշրջանի նորաձևությունը և զարդերի ոճը՝ կայսրուհու տեսքը հնարավորինս ճշգրիտ կերտելու նպատակով։ Այսպես, շինարարության ընթացքում հեղինակները որոշեցին կայսրուհու ականջօղերն ու պսակը պատվիրել հայտնի ոսկերիչ Ալեքսանդր Օրդինսկուն, որը հանդիսատեսի համակրանքի մրցանակին էր արժանացել «Ի փառս Ֆաբերժեի» հեղինակավոր ցուցահանդեսում։ Նա վերարտադրել էր Ելիզավետայի զարդերի ճշգրիտ պատճենները։ Դրանք սկզբում պատրաստվեցին պլաստիլինից, այնուհետև ձուլվեցին բրոնզից[2]։

Այս հուշարձանի կառուցումը նշանավորեց Տեմեռնիկյան մաքսակետի և Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի պատմության հավերժացմանն ուղղված մեծ նախագծի սկիզբը[2]։

Հուշարձանի արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Պետրովնան մի ձեռքով ցույց է տալիս այն վայրը, որտեղ պետք է լինի ամրոցը, իսկ մյուսով բռնում է կառուցման մասին հրամանով թղթագալարը։

Հուշարձանը զարդարված է ձևավոր բարձրաքանդակներով, որոնք պատկերում են Վորոնեժի և Ելեցի արքեպիսկոպոս Արսենիին, որն օրհնել էր Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի կառուցումը, Դոնի զորքի ատաման Դանիլա Եֆրեմովին, ամրոցի նախագծի հեղինակ Ա. Ի. Ռիգելմանին և նրա առաջին պարետ, գեներալ Սոմովին[2]։

Հուշարձանի բարձրությունը 7 մետր է (քանդակը՝ 3,5 մետր, պատվանդանը՝ 3,7 մետր)։ Ելիզավետայի պատկերաքանդակը, բարձրաքանդակները, դրվագները և հրամանագրերը ձուլված են բրոնզից և կշռում են մոտ 3 տոննա, գրանիտե պատվանդանի քաշը մոտ 50 տոննա է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биографический словарь. О.... Олешня ​Сергей Николаевич, скульптор»։ Ростовский-край.РФ (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-18 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Памятник императрице Елизавете.» (ռուսերեն)։ www.rodb-v.ru։ Վերցված է 2017-02-18 
  3. «В Ростове-на-Дону установлен памятник императрице Елизавете Петровне»։ РИА Новости։ Վերցված է 2017-01-10