Դրագոյլա Յարնևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրագոյլա Յարնևիչ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1812(1812-01-04)[1][2][3][…]
ԾննդավայրԿառլովաց, Կարլովաչկա
Մահացել էմարտի 12, 1875(1875-03-12)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԿառլովաց, Ավստրո-Հունգարիա
ՔաղաքացիությունԽորվաթիա
Մասնագիտությունբանաստեղծուհի, ուսուցչուհի և գրող
 Dragojla Jarnević Վիքիպահեստում

Դրագոյլա Յարնևիչ (ի ծնե՝ Կարոլինա Յարնևիչ, խորվ.՝ Dragojla Jarnević, հունվարի 4, 1812(1812-01-04)[1][2][3][…], Կառլովաց, Կարլովաչկա - մարտի 12, 1875(1875-03-12)[1][2][3][…], Կառլովաց, Ավստրո-Հունգարիա), խորվաթ բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, ուսուցչուհի, լեռնագնաց։ Իլլիրիական շարժման անդամ։ Խորվաթական ֆեմինիզմի հիմնադիրներից մեկն է[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Յոթ տարեկանում զրկվել է հորից։ Բազմազավակ ընտանիքն աղքատացել է։ 13 տարեկանից զբաղվել է ինքնակրթությամբ։ 21 տարեկանում սիրահարվել է մորավցի գերմանացի գրող Ֆրանց Ռեդինգերին։ Իմանալով, որ նա հարսնացու ունի, դադարեցրել է նրա հետ սիրավեպը, սակայն հետագայում վիպականացրել է նրա կերպարն իր ստեղծագործություններում։ Ժամանակակիցները նրան նկարագրել են որպես մի աղջկա, որը հետաքրքրություն է առաջացրել տղամարդկանց մոտ, սակայն գիշերային անմիզապահության պատճառով, որով նա տառապել է մինչև 40 տարեկանը, Կարոլինան հրաժարվել է ամուսնության գաղափարից։

Որպես ուսուցիչ աշխատել է Գրացի, Տրիեստի և Վենետիկի հարուստ ընտանիքներում։ 1840 թվականին վերադարձել է Կարլովաց, որտեղ հիմնել է աղջիկների համար առաջին մասնավոր դպրոցը (1840-1853)։ 1853 թվականից ապրել է Պրիբիչում, իսկ 1866 թվականից՝ կրկին Կարլովացում։

Դ. Յարնևիչի կիսանդրին Կարլովաց քաղաքում

Դրագոյլան հաճախ է խոսել խորվաթ ժողովրդի կրթության անհրաժեշտության մասին, քանի որ դրանում քաղաքական նպատակներին հասնելու համար կարևոր նախադրյալ էր տեսնում։ 1850-ական թվականների սկզբից փորձել է հեռանալ քաղաքականությունից և նվիրվել բացառապես մանկավարժական գործունեությանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1839 թվականին ծանոթացել է գրող Ի. Տրնսկու հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ Միանալով իլլիրիական շարժմանը՝ Danica ամսագրում խորվաթերենով հայրենասիրական և սիրային բանաստեղծություններ է հրապարակել։

Նրա «Երկու խնջույք» վեպը 1848 թվականի հեղափոխության թեմայով գրվել է ռոմանտիզմի ավանդույթներով և հրատարակվել է 1864 թվականին։

Դ. Յարնևիչը առանձնահատուկ սիրով է կապված եղել թատրոնին։ Նրա գրչին են պատկանել «Վերոնիկա Դեսինիչևա», «Մարիա, Հունգարիայի թագուհի», «Դուվնա» (այժմ կորած) դրամաները։

Նրա ստեղծագործությունները, ի տարբերություն շատ ժամանակակիցների, որոնց պատմվածքները միահյուսվել են թուրքական անցյալի հետ, պատկերել են այդ ժամանակների խորվաթական հասարակության համար արդիական խնդիրները։ 1850-1860-ական թվականների ընթացքում Յարնևիչը պարբերականներում հրատարակել է ավելի քան մեկ տասնյակ սենտիմենտալ-արկածային պատմություններ։ Նաև նա հեղինակել է երեխաների համար մի քանի պատմվածքներ։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում գրողի «Օրագիրը», որը նա վարել է 1832 թվականից մինչև 1874 թվականը։ Բացի ինքնակենսագրական գրառումներից, այն պարունակում է հեղինակի դիտարկումները իր նշանավոր ժամանակակիցների և քաղաքական իրադարձությունների մասին։ Անկախությունն ու միայնակությունը գիտակցաբար ընտրած կնոջ տեսանկյունից գրված լինելով, կին, որն ապրում է իր ձեռքի աշխատանքով, ընդգծում է փողի կարևորությունը և պատկերում է իր ժամանակի կանանց նահապետական եւ նյութական ճնշումները։ Սկզբում Դրագոյլան այն վարել է գերմաներենով, իսկ մի քանի տարվա գրառումներից հետո անցել է խորվաթերենի։ Յուրահատկությունն այն էր, որ Յարնևիչը ծրագրել է հետագայում այն դարձնել հանրության սեփականությունը՝ կտակելով այն տպել իր մահից տասը տարի անց։ Եղել է ձեռագրի մշակման մի քանի փորձ, որոնցից ամենանշանավորը Ստանկ Դվորժակի խմբագրությունն էր, որի արդյունքում լույս է տեսել «Մի կնոջ կյանք։ Օրագրի ընտրյալ էջեր» վերնագրով, հրատարակվել է 1958 թվականին։ Օրագիրն ամբողջությամբ հրատարակվել է միայն 2000 թվականին։

Դ. Յարնևիչը Խորվաթիայի ալպինիստական շարժման առաջատարներից է եղել, համարվել է այդ երկրի առաջին լեռնագնացուհին։ 1836 թվականի ապրիլի 19-ին նա բարձրացել է Կարլովացի մոտակայքում գտնվող Մարտինշակ գագաթը։ Իսկ 1843 թվականի սեպտեմբերի 13-ին դարձել է առաջին կինը, որը բարձրացել է Օկիչ լեռ՝ հարավային զառիթափ կողմից։ Այդ ժամանակ դա մեծ ձեռքբերում էր, քանի որ ալպինիստական ոչ մի հանդերձանք գոյություն չուներ։ Դրագոյլան ոտաբոբիկ է բարձրացել ժայռերով։ Նրա երթուղին ներկայումս կոչվում է Դրագոյլայի արահետ[5]։ Ամեն տարի կազմակերպվում է քայլարշավ, որը կրկնում է գրողի անցած ճանապարհը[6]։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Dragojla Jarnević Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Ana Galant (04-01-2016). «Dragojla Jarnević - iz prisilne privatnosti u sferu javnosti». voxfeminae.net.
  5. «Dragojla Jarnevic». aureldesign.com.
  6. Ţeljka Igrec. «DRAGOJLA JARNEVIĆ» (PDF). HUD LIPA Sesvete.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագոյլա Յարնևիչ» հոդվածին։