Դվինի ճակատամարտ (572)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Դվինի ճակատամարտ
Թվական572 թվականի փետրվարի 2
Մասն էԿարմիր Վարդանի ապստամբություն
ՎայրԴվին
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Վարդան Կրտսեր, Զորակ ԿամսարականՍուրեն (մարզպան)
Կողմերի ուժեր
20 հազարանհայտ
Ռազմական կորուստներ

Դվինի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 572 թվականի փետրվարի 2-ին։ Այս ճակատամարտը մաս է կազմում Կարմիր Վարդանի ապստամբության։ Երբ 564 թվականին Հայաստանի արևելյան մասում մարզպան է նշանակվում Սուրենը, երկրում սկսվում է թալան և կրոնական հալածանքներ։ Այս ամենի հետևանքը լինում է համահայկական ապստամբություն, որի ղեկավարը Վարդան Կրտսերն էր (կամ Կարմիր Վարդան)[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Մամիկոնյանի մահից հետո որոշ ժամանակ Հայաստանում շարունակվում է խաղաղություն տիրել։ Հայաստանի մարզպաններ էին շարունակում դառնալ հայազգի նշանավոր գործիչներ՝ Վարդ Պատրիկը, Մժեժ Գնունին, սակայն, երբ Սասանյան Պարսկաստանի արքա է դառնում Խոսրով Անուշիրվանը, վերսկսվում է հայերին պարսիկներին ձուլելու քաղաքականությունը։ 564 թվականին հայոց մարզպան է նշանակվում պարսիկ Սուրենը, որը քարոզում էր ընդունել զրադաշտականություն, Դվինում և այլ վայրերում կառուցվում էին կրակապաշտարաններ՝ ատրուշաններ։ Այս ամենի պատճառով Վարդան Մամիկոնյանի թոռը՝ Վարդան Կրտսերը ապստամբում է[1]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանն իր ռազմական բոլոր ուժերը՝ 20 հազար ապստամբ, կենտրոնացրել էր Արտաշատում։

Երբ բնակիչներն իմացան այդ (պարսկական բանակի Հայաստան գալու) մասին, 20.000 մարդ հավաքեցին մեկ մարդու նման, մարտի պատրաստ, նույնիսկ մինչև մահ... պաշտպանելու համար իրենց քրիստոնեությունը։
- Հովհան Եփեսացի, Եկեղեցական պատմություն, Գիրք II, Գլուխ 20

Վարդանն իր առջև նպատակ է դնում գաղտնի պահել իր ռազմական շարժման ուղին, որի համար օգտագործում է պարսիկների համար անբարենպաստ փետրվարյան կլիման (պարսիկները ցանկանում էին ռազմական գործողություններ սկսել միայն ձմռանը)։ Վարդանը կատարում է հայոց ռազմարվեստի մեջ ամենասրընթաց և ամենակարճատև ռազմերթերից մեկը[2]։

Այդ տեղի է ունեցել... արեգ ամսվա քսաներկուսին, որը փետրվար ամիսն էր` երկուշաբթի օրը։
- Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Պատմություն տիեզերական, Հանդես Բ, Գլուխ Բ

Հայոց բանակը 572 թվականի փետրվարի 2-ին անակնկալ հայտնվում է Դվինի մատույցներում։ Անակնկալի եկած պարսիկները չեն կարողանում կազմակերպված դիմադրություն ցուցաբերել։ Սկսվում է խուճապ, որն ավելի է սաստկանում, երբ իմացվում է Սուրեն մարզպանի և մոգերի սպանության մասին։ Պարսիկների նահանջը վերածվում է անկանոն փախուստի, որի հետևաքնով հայ ապստամբները կարողանում են սպանել պարսիկներից շատերին։

Խոսրովի (Անուշիրվան) գահակալության քառասունմեկերորդ տարում Վարդանը ապստամբեց։ Նա համաձայնության գալով բոլոր հայերի հետ, դուրս եկավ Պարսից թագավորի ծառայությունից։ Նրանք հանկարծակի հարձակվելով Սուրենի վրա Դվին քաղաքում` սպանում են նրան, վերցնում մեծ ավար... Նրանք հարձակվեցին Դվինի վրա, պաշարեցին քաղաքը... և այնտեղից դուրս վտարեցին պարսկական զորքը։
- Սեբեոս, Պատմություն, Գլուխ Զ

Ճակատամարտի ժամանակ սպարապետին մեծ օգնություն է ցուցաբերում նաև Կամսարական իշխանը՝ Զորակը, որն էլ սպանում է Սուրեն մարզպանին և նրա գլուխն ուղարկում Կոստանդնուպոլիս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 95–99.
  2. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջ 97.