Խաղամախայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաղամախայի ճակատամարտ
Հայ-պարսկական պատերազմներ
Թվական 572 թվական
Վայր Խաղամախայի դաշտ
Արդյունք Հայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Senmurv.svg Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Կարմիր Վարդան Միհրան Միհրևանդակ
Կողմերի ուժեր
անհայտ 20 հազար[1]

Խաղամախայի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 572 թվականին։ Վահան Մամիկոնյանի մահից հետո որոշ ժամանակ դեռևս շարունակվում է խաղաղ ժամանակաշրջանը, սակայն, երբ պարսից արքա է դառնում Խոսրով Անուշիրվանը, նա նորից սկսում է հայերին պարսիկներին ձուլելու քաղաքականությունը։ Այս ամենի հետևանքով Վարդան Մամիկոնյանը, որը հայտնի է որպես Վարդան Կրտսեր կամ Կարմիր Վարդան, ապստամբում է։ 571 թվականին տեղի է ունենում Դվինի ճակատամարտը, որտեղ Կարմիր Վարդանը հանկարծակի գրոհով կարողանում է հաղթանակ տանել։ Իր թուլացած դիրքերը վերականգնելու համար Խոսրով Անուշիրվանը Հայաստան է ուղարկում Միհրան Միհրևանդակին, որի հետ բախումը տեղի է ունենում Խաղամախայի դաշտում[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Մամիկոնյանի մահից հետո որոշ ժամանակ դեռևս շարունակվում է խաղաղ ժամանակաշրջանը։ Հայաստանի մարզպաններ էին շարունակում դառնալ հայազգի գործիչներ՝ Վարդ Պատրիկը, Մժեժ Գնունին, սակայն, երբ սասանյան արքա Խոսրով Անուշիրվանը ժառանգում է գահը, նորից սկսվում է հայերին պարսիկներին ձուլելու քաղաքականությունը։ 564 թվականին հայոց մարզպան է նշանակվում պասրիկ Սուրենը։ Պարսիկները քարոզում էին ընդունել զրադաշտականություն, Դվինում և այլ վայրերում կառուցում էին ատրուշաններ։ Այս ամենի պատճառով Վարդան Մամիկոնյանի թոռը՝ Վարդան Կրտսերը ապստամբում է, և 572 թվականի փետրվարի 2-ին տեղի է ունենում Դվինի ճակատամարտը, որտեղ Կարմիր Վարդանը հանկարծակի գրոհով վերցնում է քաղաքը, քանդում կրակապաշտարանը։ Իր թուլացած դիրքերը վերականգնելու համար Խոսրով Անուշիրվանը որոշում է Հայաստան ուղարկել 20 հազարանոց մի բանակ, որի կազմի մեջ կային նաև ռազմական փղեր․ զորքերի հրամանատար է նշանակվում Միհրան Միհրևանդակը, որի հետ բախումը տեղի է ունենում Խաղամախայի դաշտում[2]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներխուժելով Մարզպանական Հայաստան՝ պարսից հրամանատար Միհրանը բանակում է Խոսրովի անտառի և Ջրվեժի լեռների հարավային լանջերի միջև գտնվող Խաղամախայի դաշտում։ Վարդանն իր զորքը բաժանում է երեք մասի, որից մեկը պետք է դարանակալեր և ճակատամարտի վճռական պահին հարվածեր պարսից բանակին, մյուսը պետք է հակառակորդի վրա գրոհեր ձախից, իսկ իր՝ սպարապետի զորամասը՝ աջից։

Aquote1.png Դրանից հետո քսան հազար հոգուց բաղկացած զորքով և բազմաթիվ փղերով Վարդանի վրա հարձակվեց Միհրան Միհրևանդակը: Տեղի ունեցավ մեծ ճակատամարտ Խաղամախյան դաշտում. պարսիկների զորքը սոսկալի պարտության մատնվեց. բոլորին էլ սրահար արեցին և խլեցին նրանց ունեցած բոլոր փղերը: Ինքը` Միհրանը, փոքրաթիվ մարդկանցով փրկվեց և գնաց իր երկիրը:
- Սեբեոս, Պատմություն, Գլուխ Զ
Aquote2.png


Վաղ առավոտյան, երբ դեռ հակառակորդը չէր նախապատրաստվել և չէր հասցրել ռազմական դիրք բռնել, Վարդանը հանկարծակի գրոհ է սկսում և պարսից բանակին հարվածում երկու թևերից։ Պարսից բանակում իրարանցում է սկսվում, սակայն քիչ անց նրանք կարողանում են վերադասավորել սեփական ուժերը և, հասկանալով, որ հայոց սպարապետը գործում է աջ թևում՝ հակագրոհ սկսել այդ թևում։ Օժանդակ ուժերն օգնության են հասնում պարսիկներին, հիմնականում, բանակի կենտրոնական մասից, քանի որ երկու թևերի վրա հարձակման հետևանքով կենտրոնական մասը «անգործ» էր մնացել։

Վահան Մամիկոնյանը կարողանում է վերադասվարել սեփական ուժերը և կասեցնել հակագրոհը։ Քանի որ կենտրոնական ուժերը բերվել էին աջ թև, պարսկական զորքը մասնատվել էր, իսկ կենտրոնական մասը՝ բաց մնացել։ Այս պահին ռազմադաշտ է մտնում հայոց երրորդ գունդը, որը մինչ այդ դարանակալել էր։ Չկարողանալով դիմադրել երրորդ՝ նոր բացված ճակատին` պարսկական բանակը նահանջում է[2]։

Aquote1.png Հայոց կաթողիկոսն ու իրեն ընկերացած եպիսկոպոսները... պատմեցին այնտեղ եղած պատերազմական ճակատամարտերի, մեծ ավերածությունների մասին: Թե ինչպես հետո նորից բանակներն իրար ընդհարվեցին, և թե ինչպես պարսիկները շատ անգամ պարտվեցին, և թե ինչպես նրանցից փղեր գրավեցին:
- Հովհան Եփեսացի, Եկեղեցական պատմություն, գիրք II, Գլուխ 21
Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սարգիս Սարգսյան. «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
  2. 2,0 2,1 2,2 «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 100–105