Դեպերսոնալիզացիոն խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձախ նախաճակատային կեղև: Հիվանդության զարգացման գործում այն ունի մեծ դեր:

Դեպերսոնալիզացիոն-դեռեալիզացիոն համախտանիշը (Հիվանդությունների միջազգային դասակարգում) կամ դեպերսոնալիզացիոն-դեռեալիզացիոն խանգարումը (DSM-5), նախկինում հայտնի որպես դեպերսոնալիզացիոն խանգարում (DSM-IV-TR) , համաձայն վերը նշված դասակարգման պատկանում է դիսոցիատիվ խանգարումների շարքին։ Մարդը երբեմն (միշտ) զգում է, որ տեսնում է իրեն «կողքից», «չի կարող կառավարել իր մարմնով և մարմնի մասերով», «կորցնում է շրջապատող աշխարհի հանդեպ իր հստակությունը» և այլն։ Կա կարծիք, որ «դա մշտական (պերսիստող, անընդհատ), կամ պարբերաբար կրկնվող (ռեկուռենտ, կամ ռեցիդիվող) դեպերսոնալիզացիայի և/կամ դեռեալիզացիայի, մարմնահոգեկան դիսոցիացիայի և/կամ հոգեկան անզգայացման զգացողություններ են»։

Ծոծրակ-գագաթային խաչվածք, որը նույնպես ունի դեր հիվանդության զարգացման գործում։

Պետք է հաշվի առնել, որ նշված ախտանիշները բնորոշ են նաև նարկոտիկ նյութերով, կամ ալկոհոլով թունավորմանը, ինչպես նաև կարող են լինել ուժեղ սթրեսի հետևանք՝ արտաքին գործոնների ազդեցությանն ի պատասխան։

Նկարագրված իրավիճակը համընդհանուր է երկու իրար նման երևույթների համար, որոնք դժվար է տարբերակել, և որոնք հաճախ դրսևորվում են միաժամանակ.

1. դեռեալիզացիոն համախտանիշ, երբ մարդն ընկալում է շրջապատող աշխարհը ոչ հստակ, ոչ պարզ, ցրված;

2. դեպերսոնալիզացիայի համախտանիշ, որի ժամանակ մարդը մասամբ, կամ ամբողջովին դադարում է զգալ ինքն իրեն (իջնում է շոշափական զգացողությունը և մարդն իր մարմինն ընկալում է որպես օտար)։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգացում, ասես մարդը չի ապրում իր կյանքով, այլ պասիվորեն ապրում է այն՝ հետևելով ինքն իրեն ու իր կյանքին կողքից, ասես դա ամենևին նա չէ (ընհուպ մինչև հետևյալ բնութագիր. «ապրում եմ ինչպես ակվարիումում, կամ ապակե գլխարկի տակ, ինչպես կեղտոտ ապակու հետևում, կյանքն անցնում է իմ կողքով, ես այն չեմ զգում»); հիվանդի սեփական փոխված լինելու, «ոչ այդպիսին լինելու» հիվանդագին զգացումով, սեփական անձի ներկա և անցյալ կերպարների տարբերությամբ; սեփական անձին չպատկանելու զգացում, սեփական մարմինը, կյանքը, զգացումներն ու էմոցիաները կառավարելու անհնարություն; զգացում, ասես հիվանդն ապրում է մշուշում կամ երազում, կամ ասես իր շուրջ նկարահանվում է ֆիլմ, կամ ընթանում է որևէ հեքիաթային կամ թատերական գործողություն, և նա խաղում է այդ ֆիլմում կամ թատերական գործողությունում, բայց և ասես դա կատարվում է նաև ոչ իր հետ; փոփոխված լինելու զգացում, «ոչ այդպիսին լինելու» զգացում, ոչ սովորական լինելու կամ հեռու լինելու զգացում, լքված լինելու զգացում, շրջապատող աշխարհի անիրականության (հաճախ աշխարհընկալման այսպիսի տեսակը ներկվում է դեպրեսիվ գույներով, աշխարհը հիվանդին կարող է թվալ մռայլ, մոխրագույն, տխուր, անհետաքրքիր կամ թշնամական, վառ գույները, երանգները, բույրերը կորցրած); սեփակն մարմնից առանձին լինելու զգացում, մարմնից դուրս, կամ օտարացման և մարմնի առանձին մասերի (ձեռքեր, ոտքեր, գլուխ) սեփական անձին չպատկանելու զգացում; շրջապատող իրականության ընկալման դժվարացում։ Երբեմն հիվանդին կարող է թվալ, ասես նա տեսնում է իրեն կողքից, կամ ասես նա մահացած է։ Շատ հաճախ են գանգատվում էմոցիոնալ կորստից։

Թեթև դեպերսոնալիզացիայի և/կամ դեռեալիզացիայի[1] էպիզոդիկ անցումները, որոնք չեն խանգարում կամ աննշան են խանգարում մարդու նորմալ կյանքին, աշխատելուն կամ սովորելուն և հասարակության մեջ կենսագործելուն, և որից մարդն ինքը որպես օրենք չի գանգատվում, իսկ երբեմն անգամ չի գիտակցում, որ այդ երևույթներն առհասարակ տեղ ունեն իր կյանքում, համարվում են նորմալ և հիմք չեն կարող հանդիսանալ դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա համախտանիշի ախտորոշման համար։

Միևնույն ժամանակ ուժեղ, տանջալի, անըդհատ կամ հաճախ ռեցիդիվող դեպերսոնալիզացիայի և/կամ դեռեալիզացիայի զգացումներն անկասկած համարվում են պաթոլոգիկ, և պահանջում են իրավիճակի պարզաբանում, մարդու ընդհանուր առողջական վիճակի գնահատում, նարկոտիկ միջոցների կիրառման հետազոտում և այլն։

Այն դեպքերում, երբ դիսոցիատիվ երևույթները հանդիսանում են անըդհատ կամ ռեցիդիվող, ծանր և տանջալի մարդու համար և զգալիորեն խանգարում են նրան հասարակական և մասնագիտական կենսագործունեության մեջ, իր ամենօրյա կյանքում, անհրաժեշտ է դիմել վստահելի և մտերիմ մարդկանց օգնությանը[2]։

Ախտորոշիչ չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՄԴ-10. Դաս VI. Նյարդային համակարգի հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա համախտանիշի ախտորոշման համար(F48.1) անհրաժեշտ են հետևյալ չափանիշները.

Aquote1.png
  • Ա. Յուրաքանչյուրից մեկը.
  • 1. Դեպերսոնալիզացիա։ Բուժառուն գանգատվում է, որ հեռվացել է և «իրականում գտնվում է ոչ այստեղ»։ Օրինակ, հիվադները կարող են գանգատվել, որ իրենց ներքին կյանքի զգացումները կամ զգացողություններն առանձնացված են, օտար են իրենց, իրենց սեփականը չեն, կամ կորսված են, կամ զգացում, որ իրենց էմոցիաներն ու քայլերը պատկանում են նաև ուրիշ մեկին, կամ իրենք զգում են իրենց ասես բեմի վրա։
  • 2. Դեռեալիզացիա։ Բուժառուն գանգատվում է անիրականության զգացումից։ Օրինակ, կարող են լինել գանգատներ, որ շրջապատը կամ կոնկրետ օբյեկտները թվում են անծանոթ, փոփոխված, տափակ, անգույն, առանց կյանքի, անհետաքրքիր, կամ նման բեմի, որի վրա խաղում են։
Aquote2.png


Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է տարբերակել այն խանգարումներից, որոնց ժամանակ «անձի փոփոխման» զգացումներ են առաջանում, օրինակ՝ մետամորֆոզի զառանցանքով շիզոֆրենիայից, ինչպես նաև վաղ դեմենցիայից և դիսոցիատիվ խանգարումներից։ Համախտանիշը կարող է լինել նաև ծոծրակային էպիլեպսիայի ժամանակ, որոշ հետցնցումային վիճակներից հետո, կամ պրեդիկտալ աուրայի ժամանակ[3]։

Շիզոֆրենիայի, օբսեսիվ-կոմպուլսիվ, վախային կամ դեպրեսիվ խանգարումների ժամանակ դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա համախտանիշի դրսևորման հիմնական պատճառը համարվում են նշված խանգարումները։

DSM-5[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ախտորոշման և վիճակագրական ձեռնարկի (անգլ.՝ depersonalization/derealization disorder) (DSM-5) վերջին հրատարակության համաձայն՝ դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա խանգարման ախտորոշման համար անհրաժեշտ է մշտապես կամ պարբերաբար կրկնվող դեպեսոնալիզացիա և/կամ դեռեալիզացիա[4]։ Ախտանիշները պետք է առաջացնեն կլինիկորեն նշանակալի դիսթրես, կամ մասնագիտական, հասարակական և այլ՝ կյանքի համար կարևոր ոլորտներում վատացում։ Բացի այդ, ախտորոշման համար դեպերսոնալիզացիան և դեռեալիզացիան պիտի առաջացած չլինեն այլ հոգեկան խանգարումներով, ինչպիսիք են՝ շիզոֆրենիան, մեծ դեպրեսիվ խանգարումը, խուճապային խանգարումը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, սուր սթրեսային խանգարումը, կամ այլ դիսոցիատիվ խանգարումները[5]։

DSM-5-ում դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա խանգարումը պատկանում է «դիսոցիատիվ խանգարումներ» բաժնին։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հաճախ դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա համախտանիշն առաջանում է սթրեսներից, լուրջ հոգետրավմատիկ ազդեցություններից, որոնք տեղ են ունեցել հիվանդի կյանքում, օրինակ՝ բռնաբարություն, մանկական հասակում սեռական ոտնձգություններ, ծեծ, հայհոյանք, մանկական հասակում վատ և նվաստացնող վերաբերմունք, վթարներ, աղետներ, հարազատի վախճան կամ ծանր հիվանդություն, պատերազմ, ազատազրկում, պատիժ։ Փսիխոակտիվ կամ նարկոտիկ նյութերի կիրառումը կարող է ունենալ հրահրող կամ ուժեղացնող ազդեցություն՝ համախտանիշի զարգացման գործում, իսկ երբեմն կարող է անմիջապես առաջացնել համախտանիշը՝ նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ։ Անհայտ է,արդյո՞ք գենետիկ գործոննեը խաղում են դեր հիվանդության զարգացման գործում, թե ոչ, սակայն կան տվյալներ, որ այս խանգարման ժամանակ տեղի են ունենում համապատասխան պաթոֆիզիոլոգիական փոփոխությունները։

Դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա համախտանիշը կարող է հանդիսանալ որպես հոգեկանի պաշտպանական մեխանիզմ, քանի որ խանգարման հիմնական «միջուկային» ախտանիշները, ինչպես կարծում են, կարող են պաշտպանել բուժառուին չափից ավելի բացասական խթաններից, մտածմունքներից և հոգետրավմատիկ հիշողություններից, ուժեղ հոգեէմոցիոնալ սթրեսից, չափից ավելի տագնապից կամ տրտմությունից։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն համաճարակաբանական հետազոտությունների՝ դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա համախտանիշի տարածվածությունը կազմում է 1-2%[6]։

Այլ հոգեկան հիվանդություննեի հետ հարաբերակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպերսոնալիզացիոն-դեռեալիզացիոն երևույթները կարող են հանդիպել բազմաթիվ հոգեկան խանգարումների ժամանակ, ինչպիսիք են՝ տագնապային խանգարումը, խուճապային խանգարումը, մեծ դեպրեսիվ խանգարումը, երկբևեռ աֆեկտիվ խանգարումը։ Դրանք կարող են անգամ գոյություն ունենալ շիզոֆրենիայի, շիզոտիպիկ անձնային խանգարման, կամ շիզոաֆեկտիվ խանգարման հետ։ Ախտորոշիչ ձեռնարկները հորդորում են չախտորոշել դեպերսոնալիզացիոն խանգարում (DSM-IV-TR) կամ դեպերսոնալիզացիոն/դեռեալիզացիոն խանգարում (DSM-5), եթե դեպերսոնալիզացան և դեռեալիզացիան հանդիպում են այլ ուրիշ հոգեկան խանգարման ընթացքում (շիզոֆրենիա, խուճապային խանգարում, սուր սթրեսային խանգարում)[7]։ Դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա խանգարման մասին ճիշտ կլինի խոսել այն ժամանակ, երբ դեպերսոնալիզացիան և դեռեալիզացիան- հիմնական, մնայուն և գրեթե միակ նշաններն են՝ հոգեկան խանգարման, ինչը բավականին հազվադեպ է հանդիպում։

Չնայած նրան, որ դեպերսոնալիզացիա-դեռեալիզացիա խանգարումն ուղեկցվում է իրականության ընկալման սուբյեկտիվորեն նշանակալի աղավաղմամբ, կամ փոփոխմամբ, այն չի դասվում հոգեկան խանգարումների խմբին և կապ չունի փսիխոզի հետ։ Այս համախտանիշով հիվանդները պահպանում են սեփական ներքին «սխալ» զգացումները և շրջապատող աշխարհի օբյեկտիվ իրականությունը տարբերակելու ունակությունը, պահպանում են ինքնաքննադատությունը, հիվանդության գիտակցումը։ Հիվանդներն ունակ են տարբերակել իրականությունը՝ երևակայությունից, երազանքն ու ֆանտազիան, ինչպես դեպերսոնալիզացիոն դրվագների, այնպես էլ մշտական դեպերսոնալիզացիայի ժամանակ, և ի տարբերություն փսիխոզով հիվանդների՝ շրջապատող աշխարհի համար վտանգ չեն ներկայացնում, քանի որ չեն կորցնում իրականության հետ կապը, իսկ հիվանդության ախտանիշները համեմատաբար կայուն են և որպես օրենք չունեն պրոգրեսիվման և խորացման հակում[8]։

Տվյալ համախտանիշի տարրերը կարող են հանդիպել նաև հոգեպես առողջ մարդկանց մոտ՝ զգայական դեպրիվացիայի, հոգնածության, հալյուցինոգեն թունավորման, քնի կամ արթնացման ժամանակ (հիպնոգոգիկ հիպնոպոմպիկ ֆենոմեն)[9]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ համախտանիշը բավականին դժվար է ենթարկվում բուժման[10]։ Կան որոշ ապացույցներ, ըստ որի դրական ազդեցություն են թողնում հակադեպրեսանտները- սերոտոնինային հետտզավթման ընտրողական պաշարիչները[11][12]։ Առավել ուշ կատարված հետազոտությունները ցույց տվեցին լամոտրիջինի և սերոտոնինային հետտզավթման ընտրողական պաշարիչների կոմբինացված կիրառման էֆեկտիվությունը։ Եթե համախտանիշի կառուցվածքում իշխում է տագնապը, ապա կիրառվում են տագնապամարիչներ։ Եթե դիտվում է արտահայտված ներհոգեկան կոնֆլիկտ, կիրառվում է բացահայտող հոգեդինամիկ թերապիա, որը կարող է տևել տարիներ։

Նաև պարզվել է, որ դեպերսոնալիզացիայի ժամանակ առաջանում է ուղեղի օփիոիդային համակարգի խանգարում, և հայտնաբերվել է օփիոիդային ընկալիչների անտագոնիստներով բուժման էֆեկտիվություն, ինչպիսին է՝ նալտրեքսոնը[13][14]։ Յուրի Նուլլերի կողմից հայտնաբերվել է օփիոիդային ընկալիչների անտագոնիստ՝ նալոքսոնով[15] բուժման էֆեկտիվությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simeon, D., & Abugel, J. (2006). Feeling Unreal: Depersonalization Disorder and the Loss of the Self. New York, NY: Oxford University Press. (p. 3)
  2. «Диссоциативные расстройства»։ city-pros.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-12-ին։ Վերցված է 2021-04-12 
  3. Всемирная организация здравоохранения Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). Часть 1 // Международная классификация болезней (10-й пересмотр). — Ростов-на-Дону: Феникс, 1999. — ISBN 5-86727-005-8
  4. Американская психиатрическая ассоциация Diagnostic and statistical manual of mental disorders (DSM-5). — Arlington, VA: American Psychiatric Publishing, 2013. — P. 302. — ISBN 978-0-89042-554-1, ISBN 978-0-89042-555-8
  5. Американская психиатрическая ассоциация Diagnostic and statistical manual of mental disorders (DSM-5). — Arlington, VA: American Psychiatric Publishing, 2013. — P. 302. — ISBN 978-0-89042-554-1, ISBN 978-0-89042-555-8
  6. Michal M., Beutel M. E., Grobe T. G. How often is the Depersonalization-Derealization Disorder (ICD-10: F48.1) diagnosed in the outpatient health-care service?(անգլ.) // Z Psychosom Med Psychother : journal. — 2010. — Т. 56. — № 1. — С. 74—83. — doi:10.13109/zptm.2010.56.1.74 — PMID 20229493.
  7. Американская психиатрическая ассоциация Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition, Text Revision (DSM-IV-TR). — Washington, DC: American Psychiatric Publishing, 2000. — P. 530. — ISBN 978-0-89042-025-6
  8. Simeon and Abugel p. 32 & 133
  9. Всемирная организация здравоохранения Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). Часть 1 // Международная классификация болезней (10-й пересмотр). — Ростов-на-Дону: Феникс, 1999. — ISBN 5-86727-005-8
  10. F48.1 Синдром деперсонализации-дереализации // Психиатрия / под ред. Н. Г. Незнанова, Ю. А. Александровского, Л. М. Барденштейна, В. Д. Вида, В. Н. Краснова, Ю. В. Попова. — М.: ГЭОТАР-Медиа, 2009. — С. 255—257. — 512 с. — (Серия «Клинические рекомендации»). — ISBN 978-5-9704-1297-8
  11. Medford N. Understanding and treating depersonalisation disorder(անգլ.) // Advances in Psychiatric Treatment : journal. — 2005. — Т. 11. — № 2. — С. 92—100. — doi:10.1192/apt.11.2.92(անգլ.)
  12. Sierra M., Baker D., Medford N., Lawrence E., Patel M., Phillips M. L. et al. Lamotrigine as an add-on treatment for depersonalization disorder: a retrospective study of 32 cases.(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2006. — Т. 29. — № 5. — С. 253—258. — doi:10.1097/01.WNF.0000228368.17970.DA — PMID 16960469.(անգլ.)
  13. Bohus M. J., Landwehrmeyer G. B., Stiglmayr C. E., Limberger M. F., Böhme R., Schmahl C. G. Naltrexone in the treatment of dissociative symptoms in patients with borderline personality disorder: an open-label trial.(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1999. — Т. 60. — № 9. — С. 598—603. — ISSN 0160-6689. — PMID 10520978. Архивировано из первоисточника 13 հունվարի 2018.(անգլ.)
  14. Simeon D., Knutelska M. An open trial of naltrexone in the treatment of depersonalization disorder.(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2005. — Т. 25. — № 3. — С. 267—270. — ISSN 0271-0749. — PMID 15876908.(անգլ.)
  15. Yuri L. Nuller, Marina G. Morozova, Olga N. Kushnir, Nikita Hamper Effect of naloxone therapy on depersonalization: a pilot study // Journal of Psychopharmacology. — 2016. — В. 2. — Т. 15. — С. 93—95. — doi:10.1177/026988110101500205(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://icd.who.int/browse10/2016/en#/F48.1