Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի»
Delfi AS v. Estonia
Եվրամիություն Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Դատական գործ գանգատ թիվ 64669/09
Ըստ հայցի Դելֆի ՍՊԸ
Պատասխանող Էստոնիա Էստոնիա
Հայցապահանջ կամ բողոք ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով խախտում ճանաչելու պահանջ
Ամսաթիվ գանգատը ներկայացվել է՝ դեկտեմբերի 4, 2009
վճիռը կայացվել է՝ հունիսի 16, 2015
Ելքային ակտ Առկա չէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում
Դատարանի կազմ
Դատավորներ
Պորտալ «Իրավունք»

«Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի» (անգլ.՝ Delfi AS v. Estonia), առավել հաճախ անվանվում է պարզապես «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» (2015) ՄԻԵԴ 64669/09, 2009 թվականին ներկայացված գանգատի հիման վրա քննված դատական գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը վերաբերում էր համացանցային գործունեության ընթացքում խոսքի ազատության իրավունքի սահմաններին։

ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 2015 թվականի հունիսի 6-ի վճռի հիման վրա էստոնական «Delfi» լրատվական կայքը պատասխանատվության է ենթարկվում իր հետևորդների կողմից համացանցային տիրույթում գրված անանուն զրպարտչական մեկնաբանությունների համար։ Դատարանը գործը քննում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի («խոսքի ազատության իրավունք») լույսի ներքո[1]։

ՄԻԵԴ-ի այս վճիռը բուռն արձագանք է ստանում։ Այն հատկապես անսպասելի էր Եվրոպական միության կառավարությունների համար, քանի որ ուղղակի հակադրության մեջ էր մտնում ԵՄ էլեկտրոնային առևտրի մասին հրահանգի 14-րդ հոդվածի «փաստացի գիտելիքների» վերտառությամբ ստանդարտի հետ[2]։ «Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի» գործով վճիռը էական ազդեցություն է ունենում ԵՄ իրավունքի վրա[3]՝ հանգեցնելով մի շարք պետությունների ազգային օրենսդրական կարգավորումների փոփոխման։

Դատարանի առաջ «Դելֆի» ՍՊԸ-ն ներկայացնում էին համաբալթյան «TRINITI» իրավաբանական ընկերության փաստաբաններ Կարմեն Թյուրքը և Վիլլու Օսմանը, իսկ Էստոնիայի կառավարության ներկայացուցիչը Մարիս Կյուրբերգն էր։

Գործի նախագահողը ՄԻԵԴ-ում Լյուքսեմբուրգի կողմից նշանակված դատավոր Դին Սփիլմանն էր։

Դելֆիի նախադեպը հող նախապատրաստեց «Մագյար Տարտալոմսզոլգալտատոկ Էգյուսյուլետեն և Index.hu Zrt-ն ընդդեմ Հունգարիայի» գործով վճռի կայացման համար[4]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ 64669/09 գանգատ ներկայացնող դիմումատուն հանդիսանում է Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում լրատվական գործունեություն իրականացնող գործակալություն, որը տրամադրում է ամենօրյա նորություններ՝ սկսած այգեգործությունից մինչև քաղաքականություն։ Այն համարվում է ամենահայտնի կայքերից մեկը մերձբալթյան երկրներում բնակվող օգտատերերի շրջանում։

2006 թվականին դիմումատու ընկերության պորտալում հրապարակվում է լաստանավային ընկերությանը վերաբերող հոդված, որի առնչությամբ մեկնաբանությունները կարճ ժամանակահատվածում ողողվում են երրորդ անանուն անձանց կողմից լաստանավային ընկերության տնօրենի հասցեին ուղղված անձնական վիրավորանք պարունակող մեկնաբանություններով։

Դատավարական նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դելֆի» ՍՊԸ-ի դեմ Էստոնիայի Հանրապետության ներպետական դատարանում հարուցվում է զրպարտության հիմքով վարույթ, որի արդյունքում վերջինս պարտավորվում է պատճառած վնասների համար վճարել 320 եվրո տուգանք[5]։

Վերջիններիս ներկայացուցիչները Էստոնիայի ներպետական դատական ատյաններում իրավունքների պաշտպանության հնարավորությունը սպառելուց հետո 2009 թվականին գանգատ են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ճանաչել ՄԻԵԿ կոնվենցիայով իրենց վերապահված ազատ խոսքի իրավունքի խախտում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պալատը 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում չի արձանագրում։ 2014 թվականի փետրվարի 17-ին դիմումատու ընկերությունը վճիռը բողոքարկում է Եվրոպական դատարանի մեծ պալատ[5]։

Դատարանի մեկնաբանություններ և վճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ցանցերում լրատվական գործակալությունների կողմից մեկնաբանություններում հաճախ զետեղվով ծանուցումը՝ հայհոյանքներ, վիրավորանքներ, բռնության կոչեր և ատելության խոսք չտարածելու վերաբերյալ, «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Եվրոպական դատարանի կարևորագույն արձանագրումներից է։

«Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԿ 10-րդ հոդվածի լույսի ներքո վերահաստատել է, որ զրպարտության կամ այլ տեսակ վիրավորական արտահայտությունների համար պատասխանատվությունը, ըստ էության, պետք է արդյունավետ միջոց լինի անձնական իրավունքների խախտման համար։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այս գործում վիճարկվող մեկնաբանությունները ատելություն և բռնություն հրահրող կոչեր էին պարունակում։ Հաշվի առնված կարևոր հանգամանքների թվում էին այն իրողությունները, որ «Delfi» լրատվական պորտալը Էստոնիայի Հանրապետությունում համացանցային մամուլում առաջատար դիրք էր զբաղեցնում, ինչպես նաև վիճարկվող մեկնաբանությունների շուրջ առկա էր հասարակական լայն զանգվածների հիմնավորված մտահոգություններ[6]։

ՄԻԵ կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո գործի ուսումնասիրությունը սահմանափակվել է միայն ինտերնետային լրատվական պորտալի «պարտականությունների և պատաասխանատվության» գնահատմամբ՝ այնքանով, որքանով վերջինս, տնտեսական շահ հետապնդելով, ստեղծել է պորտալ, որտեղ հնարավորություն է ընձեռել օգտատերերին մեկնաբանություններ թողնել նախկինում հրապարակված նյութերի վերաբերյալ, և մի շարք օգտատերեր օգտագործել են վիրավորական արտահայտություններ իրենց մեկնաբանություններում[7]։

Եվրոպական դատարանը ընդունելի է համարել այն, որ ներպետական օրենսդրության համաձայն՝ նյութական շահ հետապնդող լրատվական պորտալը սկզբունքորեն կարող էր պատասխանատվության ենթարկվել ինտերնետային պորտալում տեղադրված բացահայտ վիրավորական մեկնաբանությունների համար։ Որպես հոդվածը պաշտոնապես հրապարակող՝ «Դելֆի» ՍՊ ընկերությունը փաստացի հնարավորություն է ունեցել գնահատել բոլոր ռիսկերը, ինչպես նաև կանխատեսել իրավական հնարավոր հետևանքները։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ՄԻԵԴ-ը համարել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում միջամտությունը եղել է օրենքին համապատասխանող[8]։

Տեղեկատվություն տարածելու իրավունքի վերաբերյալ մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանը կարևոր արձանագրումներ է կատարել՝ գնահատելով միջամտության անհրաժեշտությանը «Դելֆի» ՍՊԸ-ի գործունեությանը՝ կապված վերջինիս կողմից տեղեկություն տարածելու ազատության հետ[7]։

Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ի կողմից ուսումնասիրվել է դիմումատու հանդիսացող կազմակերպության գործունեության ձևին և նպատակներին՝ նկատելով, որ «Դելֆի» ՍՊԸ-ին պատկանող լրատվական պորտալի պրոֆեսիոնալ և նյութական շահ հետապնդող բնույթը, ինչպես նաև մեկնաբանությունները տեղադրելու հարցում տնտեսական շահ ունենալու փաստը գործի լուծման համար սկզբունքային կարևորություն ունեցող փաստական հանգամանքներ են։ Դատարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միայն «Դելֆի» ընկերությունն է ունեցել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ վերահսկելու լրատվական պորտալում տեղադրված ցանկացած հրապարակմանը վերաբերող մեկնաբանությունները՝ դրանք փոփոխելու կամ ջնջելու միջոցով։ Ի հակառակ՝ դիմումատու ընկերության ներկայացուցիչները վկայակոչում էին այն հանգամանքը, որ իրենց ներգրավվածությունը ցանկացած հրապարակմանն առնչվող մեկնաբանությունները հանրային դարձնելու հարցում կրում է բացառապես տեխնիկական բնույթ

Սրան հակառակ՝ դիմումատու ընկերությունը պնդել է, որ իր ներգրավվածությունը ցանկացած հրապարակմանն առնչվող մեկնաբանությունները հանրային դարձնելու հարցում կրում է միայն տեխնիկական բնույթ և «ինչ վերաբերում է մեկնաբանությունների հեղինակների պատասխանատվության հարցին, ապա դա կարող էր լինել հակընդեմ պատասխանատվության տեսքով»։

Եզրափակիչ մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռը մեկնաբանում է հետևյալ կերպ[8].

Ինտերնետային աշխարհում օգտատերերի անանունությունը բավական կարևոր արժեք է, որը պետք է հավասարակշռվի մյուս իրավունքների և շահերի հետ։ Շատ ավելի ողջամիտ կլինի, որ ինտերնետ օգտատերերը չբացահայտեն իրենց ինքնությունը, քանի որ, թերևս դրա արդյունքում երբեմն կարող են և առաջանալ բացասական հետևանքներ, հատկապես ինտերնետային պորտալի համար։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը մատնանշել է Եվրոպական միության դատարանի կայացրած մի որոշում, որում արձանագրվել է, որ անհատի հիմնարար իրավունքները, որպես կանոն, ստորադասվում են ինտերնետում որոնման օպերատորի և ինտերնետային այլ օգտատերերի շահերի։ Ավելին, ինտերնետը թույլատրում է օգտատերերի անանունության տարբեր աստիճաններ, երբեմն թույլ տալով, որ միայն ինտերնետ-պրովայդերների համար հասանելի լինի օգտատիրոջ ինքնությունը։ Ինչ վերաբերում է դիմումատու ընկերության ձեռնարկած միջացառումներին առ այն, որ վիրավորական մեկնաբանությունները չհրապարակվեն, ապա պետք է նշել, որ այս ոլորտում խոշոր լրատվական պորտալն ատելության խոսքի, ինչպես նաև բռնություն հրահրող կոչերի տարածումը սահմանափակելու համար արդյունավետ միջոցներ ձեռնարկելու պարտականություն ունի, քանի որ դրանք չեն հավասարեցվում «մասնավոր քննադատությանը»։ Փաստացի, վիրավորական մեկնաբանություններից տուժած պոտենցիալ զոհի հնարավորությունը կանխելու նման մեկնաբանությունների տարածումը շատ ավելի սահմանափակ է, քան մեծ առևտրային լրատվական ըկերության հնարավորությունը։ Չնայած դիմումատու ընկերության վեբ կայքում առկա մի շարք մեխանիզմների առկայությանը, որոնց օգնությամբ հնարավոր էր կանխել ատելության խոսքի կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունների տարածումը՝ ի պաշտպանություն բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռված պաշտպանության, սույն գործում այդ պաշտպանությունը առկա չի եղել, քանի որ վիրավորական մեկնաբանությունները վեց շաբաթ շարունակ եղել են առցանց։ Ի վերջո, ներպետական դատարանի կողմից դիմումատու ընկերության վրա դրված 320 եվրոյի սանկցիան որոշ առումներով անգամ անհամաչափ է։ Նաև ակնհայտ է, որ ներպետական դատավարության արդյունքում դիմումատու ընկերությունը ստիպված չի եղել փոխել իր գործունեության ձևը։
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Վերոշարադրյալ պատճառաբանությունների հիմքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը իր 2015 թվականի հունիսի 16-ի վճռով արձանագրում է, որ ներպետական դատարանների կողմից «Դելֆի» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակված պատասխանատվությունը բավականաչափ հիմնավորված է եղել և անհամաչափորեն չի սահմանափակել նրա խոսքի ազատության՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Newman, Liz Hay (2015 թ․ հունիսի 17). «EU Court Unexpectedly Rules Estonian Website Is Responsible for User Comments». Slate.
  2. «Not so different after all? Reconciling Delfi vs. Estonia with EU rules on intermediary liability». Media Policy Project Blog (ամերիկյան անգլերեն). London School of Economics and Political Science. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Moody, Glyn (2015 թ․ հունիսի 16). «Shock European court decision: Websites are liable for users' comments». arstechnica.co.uk. Ars Technica.
  4. Bodrogi, Bea (2016 թ․ փետրվարի 19). «The European Court of Human Rights rules again on liability for third party comments». Media Policy Project Blog (ամերիկյան անգլերեն). London School of Economics and Political Science. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  5. 5,0 5,1 «Delfi AS v Estonia». 5RB Barristers (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Blogger, Guest (2015 թ․ հունիսի 18). «Delfi AS v. Estonia: Grand Chamber confirms liability of online news portal for offensive comments posted by its readers». Strasbourg Observers (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. 7,0 7,1 «GRAND CHAMBER CASE OF DELFI AS v. ESTONIA (Application no. 64569/09) JUDGMENT STRASBOURG 16 June 2015 / HUDOC - European Court of Human Rights». hudoc.echr.coe.int. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 «Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի (գանգատ թիվ՝ 64569/09) Մեծ պալատի 2015 թվականի հունիսի 6-ի վճիռ» (PDF). echr.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.