Դավիթ Հովհաննիսյան (արևելագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Դավիթ Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1953(1953-10-12) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիվանագետ, արևելագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ, ՀՀ ԱԳՆ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գործունեության ոլորտիսլամագիտություն, արաբական գրականություն և Արաբագիտություն
Ալմա մատերԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1976), Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ և Կահիրեի համալսարան (1987)
Կոչումբանասիրական գիտությունների թեկնածու
Գիտական աստիճանպրոֆեսոր
Պարգևներ
Մխիթար Գոշի մեդալ

Դավիթ Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1953(1953-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։
  • 1979 թվականին Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում պաշտպանում «Իբն Քութայբայի «Պոետների և պոեզիայի գիրքը»՝ որպես դասական արաբական պոեզիայի պատմության աղբյուր» ատենախոսական թեզը նշանավոր արաբագետ Մաքսիմ Կիկտևի ղեկավարությամբ, ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1980 թվականին աշխատանքի է անցնում Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս‚ ապա՝ դոցենտ։
  • 1986-1987 թվականներին նա վերապատրաստում է անցնում Եգիպտոսում՝ Կահիրեի համալսարանում։
  • 1988 թվականին‚ Դավիթ Հովհաննիսյանը, համալսարանում դասավանդմանն ու 4 գիտական աշխատանքին զուգահեռ, սկսում է զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։
  • 1989 թվականին ստեղծվում է «Արմենֆաքս» լրատվական գործակալությունը, որը չափազանց կարևոր դեր էր խաղալու Հայաստանն այդ տարիների ինֆորմացիոն ճգնաժամից դուրս բերելու համար։
  • 1990 թվականին Դավիթ Հովհաննիսյանը աշխատանքի է անցնում Հայաստանի գերագույն խորհրդի վերլուծական բաժնում՝ որպես գլխավոր փորձագետ։

Արաբագիտության ամբիոնի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Հովհաննիսյանը արաբագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչն է, ամբիոնը ղեկավարել է մինչև 1992 թվականը։ Նույն թվականին նշանակվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի նորանկախ հանրապետության դիվանագիտական առաքելության առաջին ղեկավար։ Նորանշանակ դիվանագետին վիճակված էր նոր դեսպանության հիմնադրման‚ բարեկամական հարաբերությունների հաստատման և պահպանման առաքելությունը։

  • 1998 թվականի ավարտին վերադառնալով Երևան՝ Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ստանձնում է հատուկ հանձնարարություններով դեսպանի պարտականությունները, միաժամանակ վերսկսելով գիտամանկավարժական գործունեությունը ԵՊՀ արաբագիտության ամբիոնում։
  • 2001 թվականին նա ընդգրկվում է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի կազմում։
  • 2003 թվականի փետրվարին թողնում է աշխատանքն ԱԳՆ-ում՝ վերադառնալով համալսարան և ամբողջովին անցնելով գիտահետազոտական և մանկավարժական գործունեության։
  • 2007 թվականին նա հիմնադրում է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը։
  • 2012 թվականին Դավիթ Հովհաննիսյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - 1985 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոնի հրավիրված դասախոս
  • 1985 - 1987 ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության ամբիոնի ասիստենտ
  • 1987 - 1992 ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության ամբիոնի վարիչ
  • 1989 - 1991 «Արմենֆաքս» տեղեկատվական գործակալություն, Գլխավոր խմբագիր
  • 1990 - 1992 ՀՀ նախագահի աշխատակազմ, Մերձավոր արևելյան հարցերով գլխավոր փորձագետ
  • 1992 - 1998 ՀՀ դեսպանություն Սիրիայում, դեսպան
  • 1998 - 2003 ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Արտակարգ և լիազոր դեսպան
  • 1998 թվականից ցայսօր ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության ամբիոն, դոցենտ
  • 1999 - 2005 Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հասարակագիտության ամբիոն
  • 2001 թվականից ցայսօր Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտ
  • 2007 թվականից ցայսօր ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, տնօրեն
  • 2008 -2012 Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի խորհրդական
  • 2010 թվականից ցայսօր «Լեզու, հասարակություն, մշակույթ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
  • 2011 թվականից ցայսօր Կովկասագիտության ասոցիացիայի անդամ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարան
Մոսկվայի պետական համալսարան

Պրոֆեսոր Հովհաննիսյանը հեղինակ է արաբագիտությանը, իսլամագիտությանը, մեթոդաբանական խնդիրներին, փիլիսոփայությանը, քաղաքագիտությանն ու միջազգային հարաբերություններին նվիրված տարբեր լեզուներով հրատարակված մոտ 110 գիտական աշխատանքի, այդ թվում՝ երեք մենագրության։

  • Հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի առնչությունները արաբա-իսլամական փիլիսոփայության հետ, (արաբերեն), Կահիրե 1989
  • Программа спецкурса по Корану, комментариям и хадисам, Ереван 1987
  • Книга поэзии и поэтов Ибн Кутайбы, Изд. ЕГУ, Ереван 1986
  • Методическое руководство для семинарских занятий по истории арабской литературы, Ереван 1983
  • Программа курса лекций по истории арабской литературы, Ереван 1980

Նա ուսումնասիրել է արժեքների և արժեքային համակարգերը‚ որոնց միջոցով գիտական շրջանառության մեջ է դրել և ընթերցողի լայն շրջանակների համար մատչելի դարձրել ինչպես նախաիսլամական շրջանի արաբական‚ այնպես էլ միջնադարյան արաբամուսուլմանական հարուստ մշակութային ժառանգության արժեքները և դրանց միջոցով ստեղծված արժեքային համակարգը։

Դավիթ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների մյուս ճյուղը վերաբերում է ադապտացիոն մեխանիզմների ուսումնասիրությանը։ Գիտական մի շարք հրապարակումներով պրոֆեսոր Հովհաննիսյանը Ղուրանի տեքստի և վաղ միջնադարյան սկզբնաղբյուրների վերլուծությամբ վեր է հանել արաբամուսուլմանական մշակույթին հատուկ յուրօրինակ ադապտացիոն օրինաչափություններ‚ որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել նաև տարբեր քաղաքակրթական դաշտերում մշակույթների միջև ադապտացիոն գործընթացների առանձնահատկությունների մասին և կիրառելի են այսօր տեղի ունեցող գործընթացները հասկանալու տեսակետից։

Պրոֆեսոր Հովհաննիսյանի գիտական հետազոտությունների առանձին ոլորտ է կազմում հայեցակարգային մոտեցումների մշակումը‚ որոնք վերաբերում են Հայաստանի և հայության տեղին և դերին ժամանակակից աշխարհի մարտահրավերների համատեքստում։ Այդ մոտեցումներն ամբողջանում են «Երեք ծովերի համակարգի» և «Ցանցապետության» հայեցակարգերով։

Դավիթ Հովհաննիսյանը կազմակերպագործունեական խաղերի հայկական մեթոդաբանական դպրոցի հիմնադիրներից է‚ որի գործունեության շրջանակում նա հեղինակել, կազմակերպել և իրականացրել է Հայաստանի և Հարավային Կովկասի տարբեր արդիական հիմնախնդիրներին առնչվող երկու տասնյակից ավելի կազմակերպագործունեական խաղեր։ Հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ամերիկյան Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի, «ՏՐԱՆՍՑԵՆՏ» միջազգային ակադեմիայի անդամ։

Դավիթ Հովհաննիսյանը մեծ ավանդ է ներդրել Հայաստանում իսլամագիտության և արաբամուսուլմանական քաղաքակրթության գիտական ուսումնասիրության ոլորտում[փա՞ստ]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Գոշի մեդալ, 2023[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]