Գրադարանավար (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գրադարանավար
Bibliotekarien konserverad - Skoklosters slott - 97136.tif
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարիմոտ. 1562
բարձրություն980 Միլիմետր
լայնություն710 Միլիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էSkokloster Castle?
հավաքածուSkokloster Castle?
The Librarian (Giuseppe Arcimboldo) Վիքիպահեստում

«Գրադարանավար» (իտալ.՝ Il Bibliotecario), իտալացի գեղանկարիչ, գեղազարդիչ, մաներիզմի կարկառուն ներկայացուցիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1562 կամ 1566 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 97 × 71 սմ։ Այսօր «Գրադարանավար» նկարը պահպանվում և ցուցադրվում է Շվեդիայի Սկոկլոսթեր դղյակում։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Արչիմբոլդոյի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկությունները շատ աղքատիկ են։ Ինչպես շատ իտալացի նկարիչներ, նա նույնպես, իր կարիերան սկսել է զանազան պատվերներ ընդունելով երկրի տարբեր վայրերում։ Ստեղծել է վիտրաժներ, ֆրեսկոներ և պաստառագորգեր Միլանում, Կոմոյում և Մոնցայում[1]։ 1562 թվականին Արչիմբոլդոն դառնում է Սրբազան Հռոմեական կայսրության Մաքսիմիլիան II կայսեր արքունի դիմանկարիչը[2]։ «Գրադարանավար» ստեղծագործությունը համարվում է կայսեր շրջապատի մարդկանց դիմանկարների շարքի կտավներից մեկը: Այդ շարքին են պատկանում նաև «Իրավաբան» և «Խոհարար» ստեղծագործությունները։

Դիմանկարը թվագրվում է 1562 թվականին, սակայն որոշ մասնագետներ հակված են այն փաստին, որ Արչիմբոլդոն «Գրադարանավար» կտավը ստեղծել է մի քանի տարի հետո՝ 1566 թվականին։ Ջուզեպպե Արչիմբոլդոն այդ շրջանում ստեղծում է մարդակերպ դիմանկարների մի շարք՝ օգտագործելով զանազան առարկաների նկարներ՝ մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, սննդամթերք և այլն[3]։ Այս շրջանում ստեղծված «Գրադարանավար» նկարը միակն է, որտեղ բացակայում են բնության որևէ առարկաներ[4]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1593 թվականին, վաթսունվեց տարեկան հասակում իր մահկանացուն է կնքում Ջուզեպպե Արչիմբոլդոն և երկար ժամանակ մոռացության է մատնվում։ Նրա հանդեպ հետաքրքրությունն աճում է 20-րդ դարում։ Այդ ժամանակ նրան սկսեցին անվանել«Սյուրռեալիզմի պապիկ»։ Արչիմբոլդոյի արվեստի հետազոտող Բեննո Գայգերը «Գրադարանավար» ստեղծագործությունը բնութագրել է որպես «16-րդ դարի աբստրակտ արվեստի հաղթանակ»[5][6]։ 1957 թվականին արվեստի պատմաբան Սվեն Ալֆոնսը առաջին անգամ հայտարարեց, որ դիմանկարում Վոլֆգանգ Լազիուսն է (1514-1565 թվականներ)՝ հումանիստ և պատմաբան, ով այդ ժամանակ ծառայում էր Հաբսբուրգների արքունիքում[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրադարանավար» ստեղծագործությունը Շվեդիա է բերվել որպես ռազմական ավար գեներալ Հանս Քրիսթոֆ ֆոն Քյոնիգսմարկի կողմից՝ 1648 թվականին Պրահայի ճակատամարտի ժամանակ, երբ թալանվեց Պրահայի ամրոցը[8]։

«Գրադարանավարը» համարվում է Արչիմբոլդոյի երկու նկարներից, որոնք պահպանվում և ցուցադրվում են Սկոկլոսթեր դղյակում. մյուս նկարը «Վերտումն» է[9]։ Նկարի բնօրինակ անվանումն անհայտ է, որպես «Գրադարանավար» (շվեդ.՝ Bibliotekarien) սկսեցին անվանել 20-րդ դարում՝ գույքագրման ժամանակ[10]։ 1970 թվականին նկարին նոր շրջանակ է ամրացվել[8]։

Մինչև մեր օրերը հասել են նկարի երեք այլ տարբերակներ, որոնց ստեղծման պատմություններն անհայտ են[10]։ Գիտական հետազոտությունների արդյունքում՝ 2011 թվականին, պարզ դարձավ, որ «Գրադարանավար» նկարը հանդիսանում է Արչիմբոլդոյի բնօրինակ նկարի կրկնօրինակը, որի տեղն անհայտ է ցայսօր[11]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրադարանավար» նկարը ստեղծված է սուր կուբիզմի ոճով։ Գլխավոր ֆիգուրն իրենից ներկայացնում է գրքերի դիզված կույտ՝ մոխրաերկնագույն վարագույրի ֆոնի վրա։ Մատները թղթե էջանշաններ են, որոնք ամուր գրկել են գրքերը։ Դրանով նկարիչը ուզել է հասկացնել, որ Լազիուսը հիսուն հատոր գրքերի հեղինակ էր։ Ֆիգուրի աչքերը ոսկրե բանալիներ են և կախազարդեր՝ որպես թանկարժեք գրքերի պահպանման խորհրդանիշներ։ Մորուքը փետուրներից պատրաստած ավելիկ է, որով գրքերի փոշին են մաքրել ժամանակին։ Սանրվածքը բացված գիրք է, որի էջերը երևում են. գրքերից կախված են նաև կեռիկներ, որոնք խորհրդանշում են, որ ֆիգուրի գլուխը լցված է գիտելիքներով։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]