Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն
ՀապավումԵՆԿ
ԿարգախոսԵրիտասարդների համար, երիտասարդների հետ, երիտասարդների կողմից
Հիմնադրված2008 թվականին
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն և այլ լեզուներով
Հիմնական մարմինՄիջազգային խորհուրդ
Կայքyic.am

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ ՀԿ), ոլորտային առաջատար երիտասարդական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել երիտասարդի կայացմանը՝ որպես մրցունակ, նախաձեռնող, պատասխանատու անհատ և քաղաքացի։

Կազմակերպությունը գործում է Հայաստանի ողջ տարածքում և համագործակցում է միջազգային մակարդակում։ Գրասենյակը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին ակտիվ և երիտասարդության հարցերի ոլորտում փորձ ունեցող գյումրեցի 5 երիտասարդի կողմից[1]։ Շուրջ 9 ամիս ոչ ֆորմալ կարգավիճակով գործելուց հետո կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին[2]։ Գործունեության հիմքում դրվել է երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման և համայնքի զարգացման գաղափարը։

Հիմնադրման օրից ԵՆԿ-ն խթանում է երիտասարդների զարգացմանը, որպեսզի նրանք հասնեն իրենց լիարժեք ներուժին` կենտրոնահեն (կենտրոններում) ու կենտրոնախույզ (աութրիչ, կենտրոններից դուրս) աշխատանքով, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթական, սոցիալական ու մշակութային գործունեությամբ։

Ամեն տարի ավելի քան 2000 պատանի ու երիտասարդ սովորում է ինչպես մասնակցել տեղական որոշումների կայացման գործընթացներին, որոնք անմիջականորեն ազդում են իրենց վրա, ստանում է կամավորության հնարավորություններ, որոնք նպաստում են սոցիալական համախմբվածությանն ու համերաշխությանը, և ներգրավում է այնպիսի ծրագրերի մեջ, որոնք տալիս են աշխատունակության արդյունավետ կարողություններ[3]։

Գործունեության հիմնական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության գործունեության ներկա ուղղություններն են[4]՝

  • Աջակցել երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը.
  • զարգացնել առողջ ապրելակերպի մշակույթը երիտասարդության շրջանում.
  • մեծացնել երիտասարդության մասնակցությունը մշակութային կյանքում.
  • բարձրացնել երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում.
  • ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական գործընթացներում.
  • խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը.
  • մեծացնել երիտասարդների դերը հասարակական հիմնախնդիրների լուծման գործում.
  • աջակցել երիտասարդների նորարար գաղափարների իրականացմանը.
  • զարգացնել կամավորության մշակույթը երիտասարդության շրջանում։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմք ընդունելով հավասարության և արդարության սկզբունքները՝ ԵՆԿ երիտասարդական գործունեությունը բաց է Հայաստանում ապրող ցանկացած երիտասարդի համար։ Երիտասարդները կարող են մասնակցել լեզուների ակումբների, աշխատարանների, տեղական և միջազգային փոխանակման ծրագրերի, ճամբարների, սեմինարների, դասընթացների, ուսումնական այցերի, պրակտիկայի հնարավորությունների, խորհրդաժողովների, համաժողովների, փառատոների, հետազոտական ուսումնասիրությունների, շահերի պաշտպանության արշավների դեռահասների ու երիտասարդների համար և այլ հարանման ծրագրերի ու միջոցառումների։ Կազմակերպությունը խրախուսում է երիտասարդների սեփական նախաձեռնությունները, երիտասարդների կողմից հենց իրենց ծրագրերի ու միջոցառումների իրականացումը[3][5]։

«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականից սկսած ԵՆԿ ՀԿ-ն Հայաստանի տարբեր համայնքներում հիմնում ու գործարկում է բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող՝ «Երիտասարդների տուն» անվանումով կենտրոններ։ Այս կենտրոնների նպատակն է բարձրացնել Հայաստանում` մասնավորապես կենտրոնի գործունեության համայնքում, երիտասարդների կյանքի որակը, բարեկեցությունը, քաղաքացիական ակտիվությունն ու համայնքային կյանքին ներգրավվածությունը՝ պորֆեսիոնալ և անվճար երիտասարդական աշխատանքի իրականացման միջոցով։ Կենտրոնները 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածքներ են, ինչպես նաև նպաստող միջավայր նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխությունների իրականացման համար։

Հիմնադրված կենտրոններն են՝

  1. «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, որը Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով հիմնադրված և աշխատող առաջին երիտասարդական կենտրոնն է։ Հիմնադրվել է ՀՀ Շիրակի մարզում 2018 թվականի մայիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան շուրջ 600 պատանու[6]։
  2. «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Լոռու մարզում 2020 թվականի մայիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան 300-400 պատանու[7]։
  3. «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Արմավիրի մարզում 2022 թվականի հունիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան շուրջ 400 պատանու[8]։
  4. «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Արմավիրի մարզում 2022 թվականի հունիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Արմավիրի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան շուրջ 400 պատանու[9]։
  5. «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում 2022 թվականի սեպտեմբերին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան 400-500 պատանու[10]։

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՆԿ ՀԿ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ[11]։

Գրեթե հիմնադրման պահից կազմակերպությունը կամավորների է ուղարկում ու կամավորների է հյուրընկալում տասնյակ երկներից։ Ներկայումս Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է «Եվրոպական կամավորական աշխատանք»։ ԵՀԿ ծրագրի նպատակն է կամավորական աշխատանքի միջոցով նպաստել համերաշխության և միասնության խթանմանը՝ ներգրավելով երիտասարդներին և կազմակերպություններին կամավորական աշխատանքի մեջ։ «Եվրոպական կամավորական աշխատանքը» ԵՀԿ ծրագրի բաղկացուցիչ մասն է, որը հնարավորություն է տալիս 18-30 տարեկան հայ և եվրոպացի երիտասարդներին՝ անկախ կրթությունից, մասնագիտությունից և աշխատանքային փորձից, Հայաստանում և Եվրոպական միության անդամ երկրներում 2 շաբաթից մինչև 12 ամիս տևողությամբ կամավորական աշխատանք կատարել[12][13]։

2017 թվականից կազմակերպությունը, մրցութային կարգով, իրականացնում է «Erasmus+ երիտասարդություն և եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների ցանցի Հայաստանի տեղեկատվական կենտրոնի գործունեության համակարգման լիազորությունները։ Կենտրոնի նպատակն է տեղեկատվություն տրամադրել այս ծրագրերի շրջանակներում երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին ընձեռվող հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի իրականացման գործում[14][15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՆԿ ՀԿ պատմություն».
  2. «ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «ԵՆԿ ՀԿ տարեկան հաշվետվություններ».
  4. «ԵՆԿ գործունեության հիմնական ուղղությունները». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «ԵՆԿ ՀԿ. 10 տարին թվերով».
  6. ««Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
  7. ««Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
  8. ««Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
  9. ««Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
  10. ««Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
  11. «ԵՆԿ գործընկերներ».
  12. «Եվրոպական համերաշխության կորպուսը ԵՆԿ-ի հետ».
  13. «European Solidarity Corps». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. «Տեղեկատվական կենտրոն Հայաստանում».
  15. «Info Centres».
  16. «Erasmus+Youth & European Solidarity Corps. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]