Ծաղիկները մանր են, մեծ մասամբ` մանուշակագույն, դեղին միջնամասով, հավաքված բազմածաղիկ ծաղկաբույլերում։ Բույսի բարձրությունը հասնում է 40-70 սմ-ի։ Տերևները երկարավուն են, ցողունը՝ խորդուբորդ։ Գերադասում է արևոտ, լուսավոր վայրերը, չափավոր խոնավ սևահողերը։ Բավականին ջերմասեր է։ Բազմանում է թփի բաժանմամբ և սերմերով։ Սերմերը սովորաբար ցանում են ջերմատանը մարտի առաջին կեսին։ Սածիլները կարելի է դաշտ տեղափոխել մայիսի վերջերին։
Դեկորատիվ առանձնահատկությունների հետ միասին աչքի է ընկնում նաև մեծ դիմացկունությամբ։ Կարելի է օգտագործել ծաղկային գրեթե բոլոր ձևավորումներում՝ միքսբորդերներում, եզրաշերտերում, պարտերային ձևավորումներում, խմբերով՝ գազոնի ֆոնի վրա։ Խոշորածաղիկ սորտերը կարելի է օգտագործել նաև որպես կտրած ծաղիկ։ Հայաստանի հանրապետությունում մշակվում է 1950 թվականներից սկսած[2]։