Գասպար Տեր-Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գասպար Տեր-Մարգարյան
Դիմանկար
Գասպար Տեր Մարգարյանցը Թիֆիսում, 1910-ական թվականներ
Ծնվել է1856
ԾննդավայրՇրվենանց, Հայաստան
Մահացել է1935
Մահվան վայրՆիս, Ֆրանսիա
Մասնագիտությունբարեգործ

Գասպար Հովհաննեսի Տեր-Մարգարյան (1856, Շրվենանց, Հայաստան - 1935, Նիս, Ֆրանսիա), հայ նավթարդյունաբերող, ազգային բարերար։ 1889 թվականին Բաքվում հիմնել է «Արամազդ» և «Բարեկամություն» (1901 թվականից՝ «Նավթ») փայատիրական ընկերությունները և եղել դրանց վարչությունների անփոփոխ նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասպար Տեր-Մարգարյանը ծնվել է 1856 թվականին Շրվենանց (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում։ 1889 թվականին Բաքվում հիմնել է «Արամազդ» և «Բարեկամություն» (1901 թվականից՝ «Նավթ») փայատիրական ընկերությունները և եղել դրանց վարչությունների անփոփոխ նախագահը։ 20-րդ սկզբին հիմնադրել է Կովկասի լեռնարդյունաբերական և առևտրային ընկերությունը, որի Կապանի մասնաճյուղը տնօրինել է Նորաշենիկ խմբի վեց խոշոր պղնձահանքերի արդյունաբերական շահագործումը։ Անշարժ կալվածներ է ունեցել Բաքվում, Թիֆլիսում և համանուն նահանգներում, Թերեքի շրջանում։ Նյութապես օժանդակել է բարեգործական մշակութային, որբախնամ կազմակերպությունների, արվեստագետների, ուսանողների, դպրոցներ, գրադարաններ, ընթերցարաններ է բացել Կապանի մի շարք գյուղերում։ Տեր-Մարգարյանի միջոցներով է գործել 1902 թվականին հայրենի Շրվենանցում բացված ծխական երկսեռ երկդասյան ուսումնարանը[1], Նորաշենիկի աշխատավորության համար բացվել է «Գյուղական բանկը»։ Տեր-Մարգարյանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խոշոր գումարներ է տրամադրել արևմտահայ գաղթականների օգնության ֆոնդին, վարկավորել վիրավոր զինվորների համար լազարեթների կառուցումը Դիլիջանում, Բաքվում, Սոչիում, Կիսլովոդսկում, Պյատիգորսկում։ Հացամթերքով օգնել է Կապանի շրջանի մի քանի գյուղերի սովյալ բնակիչների։ Նրա միջոցներով 1917 թվականին Թիֆլիսում տպագրվել է Լեոյի «Հայոց պատմության» 1-ին հատորը։ Տեր-Մարգարյանն իր կտակում խոշոր գումարներ էր նախատեսել հայ մշակույթի զարգացման, նրա երախտավորների նյութական ապահովության համար։ 1922 թվականին տարագրվել է[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասպար Տեր-Մարգարյանը մահացել է 1935 թվականին Ֆրանսիայի Նիս քաղաքում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Գասպար Տեր-Մարգարյանի անունով։
  • 2011 թվականին Կապանի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել «Հիշողություն» խորագիրը կրող ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Կապանի պատմությունը, ինչպես նաև Գասպար Տեր-Մարգարյանի գերդաստանի պատմությունը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգորյան Ռ., Լեոյի չորս անտիպ նամակները, ԲՀԱ, համար 1/28, 1971:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ի՞նչ անեն, կորչեն-գնա՞ն փոքր գյուղերը»». Hetq.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 585։
  3. «Կապանի պատմությունը` «Հիշողություն» ցուցադրությունում | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]