Գազ խզմզաբաժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ խզմզաբաժակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ խզմզաբաժակ (A. grammocalyx)
Միջազգային անվանում
Astragalus grammocalyx

Գազ խզմզաբաժակ (լատին․՝ Astragalus grammocalyx), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիտ ցցված պարզ մազիկներով ծածկված, բազմամյա, անցողուն, կանաչամոխրագույն, ստորգետնյա ընձյուղներով բույս է։ Տերևիկները ձվաձև-էլիպսաձև են, 10-16-ական զույգ։ Ծաղկաբույլը խիտ է, պտղի ժամանակ չերկարացող։ Բաժակը խողովակաձև է, ավելի ուշ՝ ձվաձև փքված, խավոտ։ Պսակը մանուշակագույն է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Զառ և Քյանքան գյուղերի միջև, «Խոսրովի անտառ» պետական արգելոց)։ Աճում է նաև Նախիջևանում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից մոտ 2500 մ բարձրության վրա, չոր լանջերին քարաթափվածքների վրա, մարգագետնատափաստանում, գիհու նոսրանտառում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.