Բուսական հումք
Բուսական հումք, մարդու տնտեսական գործունեության մեջ օգտագործվող բույսերի մասեր կամ բուսական նյութեր։ Բուսական ծագում ունեցող հումքն ստացվում է ինչպես արդի աճող, այնպես էլ բրածո (քարածուխ, նավթ, տորֆ, հանածո կաուչուկ և այլն) բույսերից։
Հումքային և պատվաստումային բույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտանի բույսերը բաժանվում են երկու խմբի՝ հումքային և պատվաստումային։ Հումքային բույսերից ստացված հումքը կամ անմիջապես սպառվում է առանց վերամշակման կամ օգտագործվում արդյունաբերության տարբեր բնագավառներում (փայտամշակման, մանածագործության, սննդի, դեղագործության և այլն)՝ հետագա վերամշակման համար։ Հումքային բույսերի մի մասը գործածման ընթացքում ոչնչանում է (ներկատու, արմատային կաուչուկատու, եթերայուղատու և այլն), մյուսներից (յուղատու, դեղատու, մրգատու և այլն) պահանջվող հումքն ստանալու համար օգտագործում են բույսի մասեր (բույսը մնում է կենսունակ)։
Հումքային բույսերի մի այլ խմբից (օրինակ՝ բալասանատու, լատեքսային կաուչուկատու, խեժատու և այլն) անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով առաջացնում են փոքրիկ վնասվածքներ (կտրվածքներ, խոցումներ և այլն), որոնք գրեթե չեն ազդում բույսի կենսունակության վրա։ Պատվաստումային բույսերն օգտագործվում են տարբեր նպատակներով (գեղազարդիչ, հողաբարելավման, ավազամրացմաև և այլն)։
Տեխնիկական և բնատնտեսական հումքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական հումքեր, ըստ ճանաչում գտած դասակարգման, բաժանվում է երկու խմբի՝ տեխնիկական և բնատնտեսական։ Տեխնիկական բուսական հումքերը ստացվում է այն բույսերից, որոնք պահանջվող արդյունքն ստանալու համար ենթարկվում են արտադրական վերամշակման։ Դրաևցից են կաուչուկատու, խեժատու, եթերայուղատու, բալասանատու, ներկատու, թելատու, փայտանյութատու և այլ բույսեր։
Բնատնտեսական բուսական հումքերը օգտագործվում է առանց հետագա արդտադրական վերամըշակման, կամ պահանջվում է ամենապարզ վերամշակում (չորացում, կալսում, եփում և այլն)։ Այս խմբին են պատկանում սննդային (հացահատիկային, բանջարաբոստանային, պտղատու, հատապտղատու, շաքարատու, բուրավետ և այլն), կերային (արոտային, խոտհարքային, խտակերային, սիլոսային և այլն), մեղրատու, դեղատու (ալկալոիդներ, սապոնիններ, վիտամիններ, եթերայուղեր, աղաղանյութեր, բազմաշաքարներ, սրտային գլիկոզիդներ, խեժեր, ճարպեր և ճարպանման նյութեր, բջջանյութ և բժշկական վիրակապական նյութեր պարունակող և այլն) և թունավոր (հակասնկիկային, միջատասպան, առնետասպան և այլն) բուսական հումքեր պարունակող բույսերը։
Այս դասակարգումը պայմանական է, քանի որ դժվար է սահմանազատել տեխնիկական և բնատնտեսական բույսերը (օրինակ՝ կարտոֆիլն օգտագործվում է որպես սննդանյութ, սակայն նրա վերամշակումից ստացվում է սպիրտ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |