Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
ԵրկիրFlag of Bulgaria (1967-1971).svg Բուլղարիա
Հիմնադրված1969
Գլխադասային գրասենյակՍոֆիա
Վերադաս կազմակերպությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Կայքspace.bas.bg

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ (բուլղար․՝ Институт за коcмически изследвания и технологии БАН) - տիեզերական հետազոտություննրի բուլղարական առաջատար ինստիտուտ, որի առաքելությունն է համարվում տիեզերական ֆիզիկայի բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը, երկնային մարմինների հեռատարածական զոնդավորումը, աերոտիեզերական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը[1]:

Գիտական հետաքրքրությունների բնագավառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի գործունեության շրջանակներում ընդգրկված են տիեզերական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունները, հեռատարածական զոնդավորումը, պատկերների մշակումը, ինքնաշխատ և կառավարվող տիեզերական սարքերի միջոցով տիեզերքում փորձարկումների նախապատրաստումն ու անցկացումը, ավիացիայի, տիեզերանավերի և դրանց համար պատրաստված սարքավորումների կառավարման համակարգերի ուսումնասիրումը, ժողովրդական տնտեսության զարգացման համար նոր նյութերի ու տեխնոլոգիաների ստեղծումը, կյանքի մասին գիտությունների զարգացումը, գիտական սարքավորումների կատարելագործումը, ինչպես նաև՝ ուսանողների, ասպիրանտների ուսուցումը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահությանն առընթեր ստեղծվեց տիեզերական ֆիզիկայի գիտական խումբ՝ տիեզերագնացության բնագավառում հետազոտություններ կատարելու նպատակով[2]: 1974 թվականին կազմավորվեց տիեզերական հետազոտությունների կենտրոնական լաբորատորիան, իսկ 1987 թվականին՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտություննրի ինստիտուտը: 2010 թվականի մարտի 23-ին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գերագույն ժողովի որոշմամբ Երկրի վրա Արեգակի ազդեցության ուսումնասիրությունների ինստիտուտը միավորվեց տիեզերական հետազոտությունների ինստիտուտի հետ և 2012 թվականին ստացավ «տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ» անվանումը[3]:

Տիեզերական հետազոտությունների կենտրոնական լաբորատորիայում աշխատող բուլղարացի գիտնականները հաջողությամբ մասնակցել են «Ինտերկոսմոս» ծրագրին, մասնավորապես՝ փորձարկումների նախապատրաստման և արբանյակների ու հրթիռների համար սարքավորումների մշակման աշխատանքներին: 1979 թվականին «Սոյուզ-33» տիեզերանավը տիեզերք հասցրեց բուլղար առաջին տիեզերագնաց Գեորգի Իվանովին: 1981 թվականին տիեզերք արձակվեցին բուլղարական «Բուլղարիա-1300» և «Մետեոր-1-31» («Մետեոր-Պրիրոդա 2-4») արբանյակները, որոնք ներգրավվեցին իոնային ու մագնիսական ոլորտների փոխհարաբերության ուսումնասիրման, ինչպես նաև՝ տիեզերքից Երկրի զոնդավորման աշխատանքներում[4]: 1984 թվականին կենտրոնական լաբորատորիան մասնակցեց «Վեգա-1» և «Վեգա-2» միջազգային ծրագրերին՝ «Վեներա-Հալլեյի գիսաստղ» նախագծի իրականացման նպատակով[5]:

1986 թվականին մշակվեց տիեզերական ճառագայթման «Լյուլին» բազմաալիք դոզաչափիչ-սպեկտրաչափիչ սարքը, որը 1988 թվականից մինչև 1994 թվականը ներառյալ՝ աշխատեց «Միր» տիեզերակայանում[6]: 1988 թվականին «Սոյուզ ՏՄ-5» տիեզերանավը «Միր» տիեզերակայան հասցրեց բուլղարացի տիեզերագնաց Ալեքսանդր Ալեքսանդրովին:

1989 թվականին մեկնարկել է «Ակտիվ» ծրագիրը՝ արբանյակի շուրջ էլեկտրաստատիկ դաշտի հետազոտման նպատակով, սկսվել են «ВСК-ФРЕГАТ» սարքի կատարելագործման աշխատանքները, սարք, որը «Ֆոբոս» ծրագրի շրջանակներում հաղորդել է Ֆոբոսի պատկերները: Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում ստեղծվել է «СВЕТ» ջերմոցը, որը տեղադրվել է «Միր» տիեզերակայանում, և որտեղ հետագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի տիեզերագնացները մի շարք հաջող փորձեր են կատարել, այդ թվում՝ աճեցրել են բույսեր[7]: Այդ նույն տիեզերակայանում մինչև 2001 թվականը գործել է հոգեբանական համալիր հետազոտությունների «Невролаб-Б» համակարգը, ինչպես նաև «P-400» ռադիոմետրը՝ Երկրի մակերևույթի պարամետրերի տվյալների մշակման համար: Հնդկական տիեզերական «Չանդրայան-1» զոնդում օգտագործվել է «RADOM-7» դոզաչափիչը, որը ինստիտուտում 1980-ական թվականներին մշակված «Լյուլին»-ի կատարելագործված տարբերակն էր[8]:

Վերջին տարներին ինստիտուտը մասնակցում է եվրոպական շրջանակային «Վեցերորդ», «Յոթերորդ», «Հորիզոն-2020» գիտական ծրագրերին, «PHARE» ծրագրին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ծրագրերին:

Հրատարակչական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից սկսած՝ անց է կացվում «Տիեզերք, բնապահպանություն, անվտանգություն» խորագիրը կրող գիտական կոնֆերանսը[9]: Մինչև 2010 թվականը անցկացվում էին նաև նվազ ընդգրկում ունեցող գիտկոնֆերանսներ, վարպետաց տարատեսակ դասեր: Ինստիտուտի գլխավոր պարբերական հրատարակությունը 1978 թվականին պրոֆեսոր Կիրիլ Սերաֆիմովի հիմնադրած «Տիեզերական հետազոտություններ Բուլղարիայում» ամսագիրն է, որը հոդվածներ էր տպագրում երեք լեզվով՝ բուլղարերեն, անգլերեն, ռուսերեն: Հիմնադրման տարվա իններորդ համարից սկսած՝ ամսագիրը լույս է տեսնում «Աերոտիեզերական հետազոտություններ Բուլղարիայում» վերնագրով, տպագրում է անգլերեն հոդվածներ, որոնց կցվում են բուլղարերեն ու ռուսերեն մեկնաբանություններ: Ամսագիրը խմբագրել են պրոֆեսորներ Կիրիլ Սերաֆիմովը (1978 թթ.), Բորիս Բոնևը (1991-1996 թթ.), Նիկոլա Գեորգիևը (1996-2006 թթ.), Գարո Մարտիրոսյանը (2006 թվականից մինչ օրս)[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «About SRTI»։ SRTI-BAS։ Վերցված է 22 February 2017 
  2. Kutiev, I., Bulgarian Geophysical Journal, 2008, Vol. 34, p. 55, «アーカイブされたコピー»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-06-ին։ Վերցված է 2010-02-03  (in Bulgarian)
  3. «About SRTI, Short history»։ SRTI-BAS։ Վերցված է 22 February 2017 
  4. Serafimov Kiril (1984)։ «Bulgarian Space Activity»։ Advances in Space Research (Elsevier) 3 (10-12): 1–6։ doi:10.1016/0273-1177(84)90052-8 
  5. Mitchell Don (2004)։ «The Venus-Halley Missions»։ Վերցված է 7 March 2017 
  6. https://news.bg/tech/balgarska-aparatura-leti-kam-lunata-s-chandrayan-1.html
  7. Avanesov G., Zhukov B. (1991)։ «Results of TV imaging of phobos (experiment VSK-FREGAT)»։ Planetary and Space Science (Elsevier) 39: 281–295։ doi:10.1016/0032-0633(91)90150-9 – via Elsevier Science Direct 
  8. Ivanova Tanya (2002)։ «Greenhouse aboard MIR shows plants can thrive in space»։ 21st century science & technology: 41–49 
  9. «Publishing activity»։ SRTI-BAS։ Վերցված է 22 February 2017 
  10. «History»։ Aerospace Research in Bulgaria։ Վերցված է 22 February 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]