Բուդդլեյա Դավիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդլեյա Դավիդի
Բուդդլեյա Դավիդի
Բուդդլեյա Դավիդի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Բուդդլեյա (Buddleja)
Տեսակ Բուդդլեյա Դավիդի (B. davidii)
Միջազգային անվանում
Buddleja davidii

Բուդդլեյա Դավիդի (լատին․՝ Buddleia davidi), լոգանիազգիներ ընտանիքի, բուդդլեյա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 2-3 (հազվադեպ՝ 5) մ բարձրությամբ, ցրված-տարածված ճյուղերով, նոսր սաղարթով և դեպի ցած հակված ընձյուղներով։ Ճյուղերը թեթևակի անկյունավոր են, պղտոր կանաչավուն, սկզբում՝ մազմզուկապատ, հետագայում՝ համարյա մերկ։ Բազմամյա ճյուղերի կեղևը բաց կամ մուգ մոխրագույն է, երկարավուն ճաքերով ծածկված։ Տերևները ձվաձև նշտարաձև են կամ նշտարաձև, սրածայր, վերևի կողմից արագ մերկացող, մուգ կանաչ, ներքևի կողմից սպիտակ կամ դեղնաթաղիքանման մազմզուկապատ կամ մանր սղոցաեզր, 8-15 սմ երկարությամբ, 3-5 (երբեմն՝ 8) սմ լայնությամբ։ Ծաղիկները մեղրի բուրմունք ունեն, հավաքված են գագաթնային, ուղղաձիգ կամ թեթևակի դեպի ցած հակված, հասկանման, 10-25 (երբեմն՝ 40) սմ երկարությամբ հուրաններում։ Բաժակն ունի նեղ ձվաձև բլթակներ, աղվամազապատ է։ Պսակը մեծ մասամբ կապտակարմրավուն է կամ ծիրանագույն, երախի մոտ նարնջագույն երանգով։ Ծաղկեխողովակը, որն արտաքինից մերկ է, ունի մոտ 1 սմ երկարություն և ներսի կողմից թեթևակի աղվամազապատ է։ Առէջները ամրացած են պսակի խողովակի միջին մասին։ Սերմնարանը մերկ է։ Պտուղը երկարավուն է, սրածայր, 0,6-0,8 սմ երկարությամբ։ Ծաղկում է հուլիս-հոկտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։ Հաճախ տաք և երկարատև աշնան դեպքում նոյեմբերի վերջերին նոր տերևներ է արձակում, որոնք տաք և կարճատև ձմռան դեպքում գարնանը շարունակում են աճել։ Հակառակ դեպքում վերերկրյա զանգվածի հետ ոչնչանում են։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Լուսասեր է և ջերմասեր։ Լավ է դիմանում ժամանակավոր երաշտին, շոգադիմացկուն է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի վիճակում տարածված է Չինաստանում։ Հայաստանում շատ է տարածված ստորին գոտու պայմաններում, որտեղ միանգամայն ցրտադիմացկուն է, չնայած խիստ և երկարատև ձմեռների դեպքում հաճախ մինչև գետնի մակերեսը ցրտահարվում է և մյուս տարի կրկին սաղարթը վերականգնվում և ծաղկում է։ Միջին լեռնային գոտու պայմաններում նույնպես ամեն տարի վերերկրյա զանգվածը ցրտահարվում է և հաջորդ տարին կրկին վերականգնվում։ Բարձր լեռնային շրջաններում լրիվ ցրտահարվում է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտանի է Հայաստանի ստորին և մասամբ միջին լեռնային գոտիների համար, որպես արժեքավոր, բարձր դեկորատիվ (հատկապես ուշ ծաղկման շնորհիվ) թփատեսակ։ Ունի մի շարք այլատեսակներ, որոնք աչքի են ընկնում խոշոր ծաղիկներով և տերևներով, ծաղկման ժամկետներով, ծաղիկները մուգ եղրևանագույն են և այլն։ Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները' 9, 18, 20ա, 23-25, 28, 31<refՀարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 221-222։</ref>:

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդդլեյա Դավիդի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդդլեյա Դավիդի» հոդվածին։