Jump to content

Բոստոնի ահաբեկչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոստոնի ահաբեկչություն
Տեսակպայթյուն, ահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրԲոստոն, Քեմբրիջ և Ուոթերթաուն
ՏեղադրանքԲոստոն
Գրոհի նպատակՔաղաքացիական բնակչություն
Տարեթիվապրիլի 15, 2013
Գրոհի միջոցՌմբարկություն, կրակահերթ
Զենք

Ռմբարկություն՝ 2 ճնշումային օդաքաշով ռումբ
Հրաձգություն՝

  • Ինքնաշեն պայթուցիկներ
  • «9mm Ruger P95» տեսակի կիսավտոմատ ատրճանակ
  • Գողացված «Mercedes-Benz M-Class» մեքենա
Զոհվածներ3 մարդ
Վիրավորներ264
Ահաբեկիչների քանակ2
ԿասկածյալԹամերլան Ցարնաև (մահացած)
Ջոխար Ցարնաև (մահապատիժ)
 2013 Boston Marathon bombings Վիքիպահեստում

Բոստոնյան ամենամյա մարաթոնի ժամանակ կատարված ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել 2013 թ. ապրիլի 15-ին։ Ճնշումային օդաքաշով առաջին ռումբը պայթել է տեղի ժամանակով ժամը 14։ 49-ին՝ Բոստոնի ամենամյա միջազգային թեթևաթլետիկական մարաթոնյան վազքի ավարտական հատվածում։ Մոտ 190 մ միջտարածությամբ տեղադրված մյուս ռումբը պայթել է 12 վայրկյան անց։ Ռմբարկության և դրանից հետո կատարված փոխհրաձգությունների պատճառով սպանվել է 3 և վիրավորվել 264 մարդ։ Պայթյունների վայրից ոչ հեռու ոստիկանությունը ևս 2 պայթուցիկ սարք է հայտնաբերել, որոնք ամնիմջապես ենթարկվել են ականազերծման[1][2]։

Ապրիլի 18-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կատարվածի առթիվ հարուցում է քրեական գործ։ Հիմնվելով փողոցային տեսախցիկների կողմից արված տեսագրությունների վրա[3]՝ ահաբեկչական գործողություններում որպես կասկածյալ են դիտարկվում 2 անձ։ Շուտով պարզվում է անձանց ինքնությունը. ահաբեկչական գործողության կազմակերպիչներներն էին ամերիկաբնակ չեչեն եղբայրներ Թամերլան և Ջոխար Ցարնաևները։ Լուսանկարների հրապարակումից հետո կասկածյալներն սպանում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ոստիկանի, գողանում ամենագնաց ավտոմեքենա և Ուոթերթաունում փոխհրաձգության մեջ մտնում ոստիկանական ջոկատի հետ։ Փոխրաձգության ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրազենային ծանր վնասվածք է ստանում։ Կրակահերթի ընթացքում բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստանում նաև ավագ եղբայր Թամերլան Ցարնաևը, իսկ Ջոխար Ցարնաևը փորձում է մեքենայով փախուստի դիմել՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով եղբորը։

Ապրիլի 19-ին՝ Ջոխար Ցարնաևի թաքստոցը գտնելու համար, իշխանություններն հայտարարում են աննախադեպ մարդաորսի մասին՝ խնդրելով Ուոթերթաունի և հարակից տարածքների (ներառյալ Բոստոն քաղաքը) բնակիչներին չլքել իրենց կացարանները։ Մարդաորսի ժամանակ կանգնեցվում է հասարակական տրանսպորտի, ինչպես նաև հանրային հաստատությունների և մի շարք ձեռնարկությունների գործունեությունը՝ ստեղծելով մեկուսացված քաղաքային միջավայր։ Արտակարգ ռեժիմի ավարտից հետո Ուոթերթաունի բնակիչներից մեկը, երեկոյան ժամը 7։ 00-ին, պատահական հայտնաբերում է Ցարնաևին, ով փորձել էր թաքնվել բնակչի տան բակում տեղադրված նավակի մեջ[4]։ Ձերբակալվելուց հետո Ցարնաևը տեղափոխվում է հիվանդանոց՝ փոխրաձգության ընթացքում ստացված բազմաթիվ վնասվածքների պատճառով։

Մասաչուսեթս նահանգի շրջանային դատարանի նախնական հարցաքննությանը Ջոխար Ցարնաևը մասնակցում է հիվանդսենյակից՝ հեռուստահամաժողովի ռեժիմով[5]։ Նիստի ժամանակ Ջոխար Ցարնաևը պնդում է, որ ահաբեկչական գործողության գաղափարական ոգեշնչողն ու գլխավոր կազմակերպիչը եղել է ավագ եղբայր Թամերլանը։ Ցարնաևը նաև հայտարարում է, որ ինքը և եղբայրը գործել են միայնակ և կապվածություն չեն ունեցել որևէ միջազգային ահաբեկչական խմբավորման հետ։ Ցարնաևը պատմում է, որ եղբոր հետ պայթուցիկներ պատրաստել էր սովորել «Ալ-Քաիդային» պատկանող եմենյան ամսագրից, և բոստոնյան ռմբակոծությունն հաջող կատարելու դեպքում եղբայրներն ուղևորվելու էին Նյու Յորք և ռմբակոծության էին ենթարկելու նաև Թայմս Սքուերը։ Ապրիլի 22-ին Ջոխարին առաջադրվում են մեղադրանքներ 30 կետով[5], ներառյալ՝ զանգվածային ոչնչացման զենքի կրում, հանրային գույքի ծրագրված ոչնչացում՝ մահվան ելքով և այլն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Շահվերդյան, Աստղիկ (2013 թ․ ապրիլի 16). «Կրկնակի ահաբեկչություն ԱՄՆ-ում. կան զոհեր /վիդեո/». «http://henaran.am/». {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)
  2. «Ահաբեկչություն՝ Բոստոնում». «irates.am». 2013 թ․ ապրիլի 16.
  3. «Բոստոնի պայթյունների գործով կասկածյալը բերման է ենթարկվել». «Սիվիլնեթ». 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «ԱՄՆ բնակիչները գումար են հավաքում Ցարնաեւ կրտսերին գտած «հերոսի» նավակի համար». «news.am». 2013 թ․ ապրիլի 22.
  5. 5,0 5,1 «Ջոխար Ցարնաև․ պայթյունների գլխավոր կազմակերպիչը Թամերլանն է եղել». «Սիվլինեթ». 2013 թ․ ապրիլի 20.
  6. «Միացյալ Նահանգներն ընդդեմ Ջոխար Ցարնաևի, գործ № 1:13-mj-02106-MBB» (PDF). «Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտ». 2013 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.()

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]