Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարան
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և համալսարանի գրադարան |
Հիմնվել է | 1945 |
Տեղադրություն | Սարաևո |
Այլ տվյալներ | |
Կայք | nub.ba |
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարան, Բոսնիա և Հերցեգովինայի ազգային գրադարանը, որը գտնվում է Սարաևո քաղաքում։ Սկզբում գործածվել է որպես քաղաքապետարանի շենք և ավստրո-հունգարական ժամանակաշրջանում եղել է ամենամեծ և առավել ներկայանալի կառույցը Սարաևոյում[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարություն և օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքապետարանի շենքի նախագիծը մշակվել է 1891 թվականին չեխ ճարտարապետ Կարել Պերեկի կողմից, բայց նախարար բարոն Բենյամին ֆոն Կալաիի քննադատությունը ստիպել է նրան դադարեցնել աշխատանքը նախագծի վրա։ 1892-1893 թվականներին նախագծի վրա աշխատել է Ալեքսանդր Վիտեկը, բայց 1894 թվականին նա ծանր հիվանդությունից հետո մահացել է Գրաց քաղաքում, և աշխատանքն ավարտել է Սիրիլ Իվեկովիչը։ Շենքը կառուցվել է նեոմավրիտանական ոճով, որը բնորոշ է իսպանական և հյուսիսաֆրիկյան իսլամական մշակույթին։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1892 թվականին և ավարտվել 1894 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է 984 հազար ավստրո-հունգարական կռոն, որոնցից 32 հազարը՝ սարքավորումների և զանազան հարմարանքների վրա։ Քաղաքապետարանը պաշտոնապես բացվել է 1896 թվականի ապրիլի 20-ին։ 1914 թվականին հենց այս շենքից դուրս գալիս է սպանվել ավստրո-հունգարական գահի ժառանգորդ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը, որի սպանությունն առիթ է հանդիսացել Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու համար[4]։ Վարչությունն զբաղեցրել է շենքը մինչև 1949 թվականը, ինչից հետո շենքը փոխանցվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարանին։
Հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի օգոստոսի 25-ին՝ Սարաևոյի պաշարման ժամանակ, գրադարանը ենթարկվել է ուժեղ գնդակոծման և այրվել է[4]։ Միաժամանակ գողացվել են շուրջ 700 ձեռագրեր և ինկունաբուլաներ, ինչպես նաև 19-րդ դարի մշակութային վերածննդի բոսնիական յուրահատուկ հրատարակությունների հավաքածուն։ Հարձակումից առաջ գրադարանն ունեցել է 1,5 միլիոն հատոր և ավելի քան 155 հազար հազվագյուտ գրքեր և ձեռագրեր[5]։ Որոշ քաղաքացիներ և գրադարանավարներ փորձել են փրկել գրքերի մի մասը՝ գտնվելով դիպուկահարի նշանառության տակ, որի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ։ Գրքերի մեծամասնությունը հրդեհից փրկել չի հաջողվել։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի կառուցվածքային վերանորոգումը ծրագրված էր իրականացնել չորս փուլով՝ 1996-1997 թվականներին (ֆինանսավորվել է Թուրքիայից ստացված դրամական օժանդակության հաշվին), 2000-2004 թվականներին (Ֆինանսավորվել է թուրքական կոմիսիայի ֆինանսական օժանդակության հաշվին)։ Երրորդ փուլը սկսվել է 2012 թվականի սեպտեմբերին և արժեցել 4 միլիոն 600 հազար փոխարկելի մարկ (շուրջ 2 միլիոն 370 հազար եվրո)։ Չորրորդ փուլն սկսվել է երրորդ փուլի ավարտից հետո և տևել շուրջ քսան ամիս. շինարարությունն ավարտվել է 2013 թվականի վերջին և արժեցել 14 միլիոն փոխարկելի մարկ (շուրջ 7 միլիոն 230 հազար եվրո), որը տրամադրել է օգտագործման նախապատրաստման ծրագիրը։ Այս փուլում շենքի ամբողջ ինտերիերը վերափոխվել է, իսկ ցուցանմուշները (նկարներ, քանդակներ, գրքեր) ենթարկվել են ռեստավրացիայի։ Վերանորոգվել է այն ամենն, ինչ հնարավոր է եղել։ Կորցված իրերը հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծվել են նորից։ Ամբողջ վերակառուցման ու վերականգնման գործընթացի վրա ծախսվել է շուրջ 25 միլիոն փոխարկելի մարկ (շուրջ 13 միլիոն եվրո)։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարանի վերակառուցումից հետո՝ 2014 թվականի մայիսի 9-ին, Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վեդրան Սմայլովիչի մասնակցությամբ տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը[6]։
Ենթադրվում է, որ շենքն օգտագործվելու է կառավարության բոլոր մակարդակների զանազան արձանագրային միջոցառումների, համերգների և ցուցադրությունների համար։ Գրադարանի շենքում գործելու է նաև քաղաքային խորհրդի նստաշրջանային սրահ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «Sarajevo Library». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Sarajevo Vijećnica». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 4,0 4,1 «В Сараеве открыли восстановленную «Вьечницу» | euronews, мир». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Erasing the Past: The Destruction of Libraries and Archives in Bosnia-Herzegovina Արխիվացված 2012-01-18 Wayback Machine (http://www.webcitation.org/61KfgmFdY) Արխիվացված 2012-01-19 Wayback Machine
- ↑ «Sarajevo reopens landmark city hall and library destroyed in war | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Sarajevo city hall reconstruction process (in Bosnian)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարան» հոդվածին։ |