Բողոքի ակցիաներ Սոյուդլուում (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ակցիաներ Սոյուդլուում (2023)
ԱմսաթիվՀունիսի 20, 2023 -
ՎայրՍոյուդլու, Գետաբեկի շրջան, Ադրբեջան Ադրբեջան
Պատճառ
  • ոսկու հանքի շահագործում[1]
  • արոտավայրերի օգտագործումը հանքարդյունաբերության նպատակով[1]
  • պոչամբարի թունավոր արտանետումներ[2]
  • երկրորդ պոչամբարի կառուցում[2]
Նպատակոսկու հանքի շահագործման դադարեցում[1]
ՄեթոդՑույցեր, քաղաքացիական անհնազանդություն
Հակամարտող կողմեր
Սոյուդլու գյուղի բնակիչներ
Կորուստներ
10 վիրավոր[1][2], 6 ձերբակալված[1][2]

Բողոքի ակցիաներ Սոյուդլու գյուղում, հակակառավարական բողոքի ակցիաներ Գետաբեկի ոսկու հանքի շահագործման ու պոչամբարի թունավոր արտանետումների դեմ, որը սկսվել է 2023 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում՝ տեղացիների ու ոստիկանության միջև[1][2][3]։ Ակցիային մասնակցող գյուղացիները պնդում են, որ իրենց արոտավայրերը օգտագործվում են հանքարդյունաբերության նպատակով[1], իսկ գյուղի մերձակա սարերից մեկում կառուցված պոչամբարի արտանետումները թունավորում են ընդերքն ու գետերը՝ անասնապահությունը գրեթե անհնարին դարձնելով[2]։ Բացի այդ, Գետաբեկում շրջանառվող տեղեկությունների համաձայն, շուտով տեղացիների արոտավայրերը էլ ավելի կսահմանափակվեն՝ ևս մեկ պոչամբարի կառուցման պատճառով[2]։ Տեղական իշխանությունները այս բոլոր պնդումները կտրականապես հերքում են՝ տարակուսելով նաև, թե ինչո՞ւ են գյուղացիները ոսկու հանքից սկսել բողոքել դրա շահագործման մեկնարկից ավելի քան 10 տարի անց[2], նրանք խոստացել են փորձաքննություն անցկացնել և արդյունքները ներկայացնել բնակիչներին[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաբեկի ոսկու հանքը սկսել է շահագործվել ավելի քան 10 տարի առաջ[1][2]։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ոսկու հանքը կապվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ[1]։ Դեռ 10 տարի առաջ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» պարզել էր, որ Գետաբեկում գտնվող ոսկու հանքի շահագործման մեջ ներգրավված «AIMROC» ընկերության ղեկավար կազմում հիշատակվում են Իլհամ Ալիևի երկու դստրերի՝ Լեյլայի և Արզուի անունները[2]։

Ներկայումս, որպես Գետաբեկի հանքավայրի օպերատոր ընկերություն նշվում է «Anglo Asian Mining» կոնցերնի հետ ուղղակիորեն փոխկապացված «Ադրբեջանի միջազգային հանքային ընկերությունը»[2]։ Երկու կառույցների դեպքում էլ գլխավոր բաժնետերը նույնն է՝ ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի հիմնադիր և խորհրդի ցմահ նախագահ, Իլհամ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող գործարար Ռեզա Վազիրին[2]։ «Anglo Asian Mining»-ի և Ալիևների ընտանիքի միջև սերտ կապերի ևս մեկ վկայությունն այն է, որ ըստ «Reuters» գործակալության, դեռ 5 տարի առաջ, Գետաբեկի հանքավայրի ընդլայնման նպատակով շուրջ 15 միլիոն դոլարի վարկը տրամադրել էր Մեհրիբան Ալիևայի ընտանիքի վերահսկողության տակ գտնվող «PASHA» հոլդինգի կազմում գործող համանուն բանկը[2]։ «Anglo Asian Mining» ընկերությունը դեռ 1997 թվականին ձեռք էր բերել նաև Արցախում գտնվող Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի, ինչպես նաև այդ պահին հայերի կողմից վերահսկվող Քաշաթաղի շրջանում տեղակայված ևս մեկ հանքավայրի՝ Վաջնալուի շահագործման իրավունքը[2][3]։

Գյուղում նախատեսում են ոսկու հանքի թունավոր թափոնների համար նոր պոչամբար կառուցել, քանի որ նախորդ պոչամբարն արդեն ամբողջությամբ լցվել է[3]։ Նորը կառուցելու համար մարդկանցից խլել են արոտահողերը՝ BBC-ին պատմել է գյուղապետ Ֆարման Աբդուլաևը[3]։

Բախումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունիսի 20 - Բախումներ են տեղի ունենում տեղի բնակիչների ու ադրբեջանական ոստիկանության միջև[1][3]։ Իրավիճակը լարվում է այն բանից հետո, երբ ոստիկանությունը բռնի ուժով ցրում է ոսկու հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին[1][2]։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի ոստիկանները արցունքաբեր գազ է կիրառում ցույցերին մասնակից տարեց կանանց դեմքին, մահակներով ծեծում գյուղացիներին, ինչին ի պատասխան գյուղացիները քարեր ու փայտեր են շպրտում վահաններով ու սաղավարտներով հանդերձավորված ոստիկանների ուղղությամբ[1][2][3]։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ կա 6 ձերբակալված և 10 վիրավոր[1][3]։ «Երեխաները հիվանդ են ծնվում, մենք նրանց բուժելու հնարավորություն նույնիսկ չունենք։ Ծառերը չորացել են։ Օդի փոխարեն թույն ենք շնչում։ Մենք երեկ դուրս էինք եկել ոչ թե ոստիկաններին ծեծելու, այլ մեր հողը պաշտպանելու համար։ ․․․Ինչո՞ւ է մեր հողը օկուպացվել, ինչո՞ւ են մեզ ծեծում մեր սեփական հողի վրա», – լրագրողներին ասել էր ցուցարար կանանցից մեկը[3]։
  • Հունիսի 21 - Ի տարբերություն նախորդ օրվա ակցիաների, այս օրն արդեն ցուցարարների ձեռքին խնամքով պատրաստված պաստառներ կային, որոնց վրա գրված էր՝ «Ջրային պաշարները աղտոտվում են, Կուր գետը թունավորվում է»[2]։ Գյուղացիները կրկին դուրս են գալիս բողոքի, երթով շարժվում դեպի ոստիկանական բաժանմունք, պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին[3]։ Ոստիկանները փակում են նրանց ճանապարհը, որից հետո ցուցարարների մոտ է գալիս Գետաբեկի շրջանի վարչակազմի ղեկավար Օրհան Մուրսալովը[3]։ Նա բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ «այս լիճը արդեն 11 տարի է, ինչ գոյություն ունի։ Մինչ օրս դուք երբեք դրանից չէիք բողոքել, և անցած տարիներին այդ լիճը որևէ սպառնալիք չէր ներկայացնում։ Եկեք սպասենք մասնագետների եզրակացությանը։ Սակայն, կարող եմ միանշանակ ասել, որ այդ լիճը մարդկանց առողջությանը որևէ վնաս չի պատճառում»[2], ապա հավաստիացնում է, որ երկրորդ պոչամբար չի կառուցվի[3]։ Բացի այդ, շրջանային ղեկավարը փորձում է արդարացնել ոստիկանության գործողությունները, պնդում է թե՝ «որևէ քաղաքացի իրավունք չունի քար նետել իրավապահների ուղղությամբ»[2]։ Մուրսալովի այս հայտարարություններից հետո կրքերը կրկին բորբոքվում են և հանդիպումը փոխադարձ մեղադրանքների անկանոն փոխանակության է վերածվում[2]։ Գյուղացիները սկսում են խոսել նաև այն մասին, թե ում է պատկանում խնդրահարույց հանքավայրը՝ հիշատակելով Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անունը[2]։ Ցուցարարներից 15 հոգի նրա հետ գնում են շրջկենտրոն, իսկ մյուսները շարունակում են բողոքի ակցիան[3]։ Կառավարությունից հայտարարում են, որ Գետաբեկի շրջանում տեղի ունեցածը քննելու համար հատուկ հանձնաժողով են ձևավորել, որը կուսումնասիրի նաև հանքի բնապահպանական ազդեցությանն առնչվող մտահոգությունները[3]։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Հայաստան - ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ «արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում։ Գյուղի բնակիչները բողոքի ակցիաների են դուրս եկել ոսկու մոտակա հանքավայրի արդյունահանման թափոնների համար նախատեսված նոր արհեստական ջրամբարի շինարարության դեմ։ Նրանք նշում են, որ դա առողջապահական աղետի է վերածվում։ Ահա այս իրավիճակում է ադրբեջանական պետությունը ի ցույց դնում բնապահպանական խնդիրների հանդեպ իր իրական վերաբերմունքը։ Գյուղացիների ակցիային ի պատասխան՝ ոստիկանները ծեծ ու ջարդ են իրականացրել, ինչպես նաև արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել։ Այս պահի դրությամբ գյուղացիների մուտքն ու ելքը խիստ սահմանափակված է, նրանք մեղմ ասած՝ բլոկադայի մեջ են ադրբեջանական ոստիկանական ուժերի կողմից։ Բայց այստեղ ամենից հետաքրքիրն այս հարցում հայերի անվան շահարկումն է։ Մի քանի տեսանյութերում հնչում են նման արտահայտություններ՝ «ովքե՞ր են արհեստական լիճ կառուցում, այդ կառուցողները հայեր են» (այստեղ «հայեր» ասելով վիրավորում են սեփական իշխանություններին), «ես ինչ է դավաճան ե՞մ, հա՞յ եմ, որ ինձ չեն թողնում գյուղ մտնել»։ Ինչպես տեսնում եք հայերի հանդեպ ատելությունը դրսևորվում է ցանկացած դրվագում։ Ուշագրավն այն է, որ ադրբեջանցի գյուղացի ցուցարարների պնդմամբ՝ այդ հանքը պատկանում է Մեհրիբան Ալիևային։ Հիշեցնեմ, որ դեռևս 2009 թվականին Ալիևն անձամբ էր մասնակցել ոսկու արդյունահանման ձեռնարկության բացման արարողությանը»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Ադրբեջանական գյուղում ոսկու հանքի դեմ բողոքողների ցույցերը բախումներով են ավարտվել. կա 6 ձերբակալված եւ 10 վիրավոր». news.am. 2023 թ․ հունիսի 23. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 «Վիրավորներ և ձերբակալվածներ Գետաբեկում՝ ադրբեջանցի գյուղացիների և ոստիկանների բախման հետևանքով». Ազատություն ռադիոկայան. 2023 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «Ինչու է մեր հողը օկուպացվել. մարդկանց ջարդում են Գետաբեկում». epress.am. 2023 թ․ հունիսի 23. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  4. «Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում». panorama.am. 2023 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.