Բենեդիկտ Չախթլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտ Չախթլան
Ծնվել է1420-ականներ
ԾննդավայրԲեռն, Շվեյցարիա
Վախճանվել է1493[1][2][3]
Վախճանի վայրԲեռն, Շվեյցարիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Լեզումիջին բարձր գերմաներեն
ՔաղաքացիությունՇվեյցարիա
 Tschachtlanchronik Վիքիպահեստում

Բենեդիկտ Չախթլան (գերմ.՝ Benedikt Tschachtlan, 1420-ականներ, Բեռն, Շվեյցարիա - 1493[1][2][3], Բեռն, Շվեյցարիա[4][5]), շվեյցարացի մատենագիր, Բեռնի քաղաքային խորհրդի անդամ, նկարազարդված «Չախթլանի ժամանակագրության» հեղինակ, որը գոյություն ունեցող ամենահին շվեյցարական պատկերազարդ տարեգրությունն է։

Չախթլանյան տարեգրություն
Մորգարթենի ճակատամարտը (1315)։ Չախթլանի տարեգրության մանրանկարչություն
Գիշերային կոտորած Ցյուրիխում (1350 )։ Չախթլանի տարեգրության մանրանկարչություն
Ճակատամարտ Սուրբ Հակոբ Բիրս բնակավայրում (1444)։ Չախթլանի տարեգրության մանրանկարչություն
Գրեյֆենսեի պաշտպանների մահապատիժը 1444 թվականի մայիսի 27-ին։ Չախթլանի տարեգրության մանրանկարչություն
Արջի որս Բեռնի մոտ։ Չախթլանի տարեգրության մանրանկարչություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես 1420 թվականին, Բեռնում[6], հարուստ բյուրգեր Հայնրիխ (կամ Հայնցման) Չախթլանի[7] ընտանիքում, Արբերգցի պաշտոնյա, ով 1422 թվականին դարձել է Բեռնի քաղաքային խորհրդի անդամ։

Երիտասարդ տարիներին հավանաբար մսագործ է եղել, հետո զբաղվել է անասունների առևտրով։ Կրթության վերաբերյալ տվյալներ չկան։

1448 թվականին նորից դարձել է Բեռնի քաղաքային խորհրդի անդամ։ 1451 թվականից զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ՝ ակտիվորեն մասնակցելով քաղաքի քաղաքական կյանքին, վերահսկել շինարարությունը, տնտեսությունը, ֆինանսները, դատական գործերը, վերահսկել նաև եկեղեցական հաստատությունները։ 1451 թվականից մասնակցել է Բեռնի մեծ խորհրդի նիստերին, իսկ 1455, 1464-1467, 1468-1491 և 1493 թվականներին եղել է Փոքր խորհրդում[7]։

1469-1474 թվականներին մի քանի անգամ ընտրվել է որպես Բեռն կանտոնի ներկայացուցիչ դաշնային ժողովում՝ Թագսացունգում։ 1469 թվականին եղել է դեսպանորդ Շվիցում, 1471 թվականին՝ Բադենում, 1472 թվականին՝ Ցուգում, 1473 և 1477 թվականներին՝ Լյուցեռնում։ 1470 թվականին եղել է Արբիտրաժային դատարանի անդամ, 1465-1483 թվականներին եղել է Ֆրաուբրաունենի աբբայության ֆոգտ, իսկ 1471 թվականին՝ Սուրբ Անտոնիայի հոսպիտալային եղբայրության[7]։ 1475 թվականին հաշվառվել է Բեռնի փաստաթղթերում որպես հողատեր, իսկ 1484 թվականին՝ որպես մսագործ[8]։

Մահացել է 1493 թվականին[9] Բեռնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1452 թվականին ամուսնացել է բուրգդորֆցի Մարգարիտա Շերերի՝ բուրգդորֆցի մսագործ Հանս ֆոն Կիենտալի այրու հետ, որից ունեցել է առնվազն երեք երեխա՝ երկու որդի, որոնցից մեկը՝ Նիկլաուսը, Թորբերգի վանքի կարտեզյան վանական է եղել Կրաուխտալում, իսկ մյուսը՝ Բենեդիկտոսը, ըստ երևույթին, վաղ հասակում է մահացել և դուստրը՝ Մարգարիտան, որն ամուսնացել է շաֆհաուզենցի Ալեքսանդր Ստոկերի հետ։

Համաձայն 1448 թվականի հարկային ցուցակների՝ ունեցել է քույրեր՝ Աննան և Մարգարիտան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտ Չախթլանի հիմնական պատմական աշխատությունն այսպես կոչված «Չախթլանի ժամանակագրություն»-ն է (գերմ.՝ Berner Chronik), որը երբեմն պարզապես կոչվում է «Բեռնյան ժամանակագրություն» (գերմ.՝ Berner Chronicle), այն գրվել է միջին վերին գերմաներեն լեզվով և ավարտվել է 1470 թվականին[10]։ Այն կազմվել է ոչ թե պաշտոնական կարգադրությամբ, այլ մասնավոր կարգով և ընդգրկում է 1191-1470 թվականների իրադարձությունները[11]։

Չախթլանի ժամանակագրության առաջին մասը իրենից ներկայացնում է Կոնրադ Յուստինգերի կողմից ավելի վաղ գրված Բեռնյան ժամանակագրության գրեթե բառացի շարադրանքը, որը հասցվել է մինչև 1421 թվականը։ 1424 թվականից սկսած մինչև 1470 թվականը ներկայացված են բնօրինակ տեղեկություններ, որոնց աղբյուրը, քաղաքային արխիվների փաստաթղթերից բացի, եղել են Հանս Ֆրյունդի (հատկապես Հին ցյուրիխյան պատերազմի իրադարձությունների հետ կապված) և Դիբոլդ Շիլլինգ Ավագի պատմական ստեղծագործությունները[12]։ Վերջինս, հավանաբար եղել է Չախթլանի ժամանակագրության վերջին մասի խմբագիրը[13]։

Ժամանակագրության թղթային ձեռագիրը պարունակում է 230 գունավոր, հիմնականում ամբողջական էջերով մանրանկարներ։ Դրանք պատրաստվել են ինչպես անձամբ Չախթլանի, այնպես էլ քաղաքային խորհրդական Հենրիխ Դիտլինգերի կողմից, որին որոշ հետազոտողներ համարում են տեքստի գլխավոր հեղինակը[14]։ Դրանց վրայի պատկերները բավականին մանրամասն են և պատմականորեն ճշգրիտ, սակայն դրանք հավաստի աղբյուրներ են, որոնք կիրառելի են միայն 15-րդ դարի երկրորդ կեսի, բայց ոչ ավելի վաղ շրջանների համար[15]։ Գրեթե 200 մանրանկարները ներառում են մարտական տեսարաններ, մնացածը պատկերում են սոցիալ-քաղաքական, դատական, իրավական, կրոնական և առօրյա տեսարաններ, այդ թվում՝ տեղական քաղաքային և գյուղական կյանքից, ինչպես նաև քաղաքների գունագեղ տեսարաններ, որոնք հաճախ ներկայացված են ռելիեֆային լանդշաֆտային հատվածների տեսքով։

«Չախթլանի ժամանակագրության» ձեռագիրը գտնվել է մասնավոր ձեռքերում մինչև 1787 թվականը, երբ այն ձեռք է բերվել Ցյուրիխի կենտրոնական գրադարանի կողմից, որտեղ այն այժմ պահվում է A 120 ծածկագրով[10]։ 17-րդ դարի սկզբին այն պատճենել է բեռնցի պատմաբան Միխայել Շտեթլերը[14], որն օգտագործել է այն սեփական «Շվեյցարական ժամանակագրություն»-ում (գերմ.՝ Stettler Schweizerchronik) (1626)։

1820 թվականին այն հրատարակվել է Բեռնում՝ Յոհան Ռուդոլֆ Վիսի և Ռուդոլֆ Իմանուել Շտիրլինի կողմից։ Վերջին ֆաքսիմիլային հրատարակությունը թողարկվել է 1985-1988 թվականներին Լյուցեռնում շվեյցարացի պատմաբան Պասկալ Լադների, Ալֆրեդ Անդրեաս Շմիդի և Վինցենս Բարթլոմի խմբագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bendicht Tschachtlans Berner-Chronik von dem Jahre 1421 bis in das Jahr 1466, hrsg. von E. Stierlin und J. R. Wyss. — Bern, 1820.
  • Tschachtlan Berner Chronik 1470, introd. H. Bloesch, L. Forrer, P. Hilber, cur. R. Durrer, Genf. — Zürich, 1933.
  • Bendicht Tschachtlan. Tschachtlans Bilderchronik. Hrsg. von Vinzenz Bartlome, Pascal Ladner, Alfred Andreas Schmid. — Luzern: Faksimile-Verlag, 1985—1988. — ISBN 978-3856720285.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 SIKART — 2006.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Tschachtlan, Bendicht // Katalog der Deutschen Nationalbibliotek.
  5. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118846191 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  6. Tschachtlan, Bendicht // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters. — Bayerische Staats Bibliothek, 2012.
  7. 7,0 7,1 7,2 Annelies Hüssy. Tschachtlan, Benedikt // Historisches Lexikon der Schweiz. — Bd. 12. — Basel: Schwabe, 2013.
  8. Urs Martin Zahnd. Das wirtschaftliche und soziale Umfeld Bendicht Tschachtlans // Tschachtlans Bilderchronik. — Luzern, 1988. — S. 21.
  9. Tschachtlan, Bendicht // Library of Congress Name Authority File.
  10. 10,0 10,1 Regula Schmid. Tschachtlan-Dittlinger Chronik von Bern // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
  11. Berner Chronik // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters.
  12. Gustav Tobler. Tschachtlan, Benedict // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 38. — Lpz., 1894. — S. 697.
  13. Tschachtlan’s Illustrated Chronicle // Facsimilefinder.com.
  14. 14,0 14,1 Gustav Tobler. Tschachtlan, Benedict // Allgemeine Deutsche Biographie. — S. 698.
  15. Давыдов А. Г., Маслов А. Н. и др. Воинские традиции швейцарского средневековья. — Н. Новгород, 2013. — С. 12.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Давыдов А. Г., Карабед И. К., Маслов А. Н. Воинские традиции швейцарского Средневековья. — Нижний Новгород: Типография «Поволжье», 2013. — 312 с.: ил. — (Bibliotheca Helvetica). — ISBN 978-5-98449-219-5.
  • Gustav Tobler. Tschachtlan, Benedict // Allgemeine Deutsche Biographie. — Band 38. — Leipzig: Duncker & Humblot, 1894. — S. 697-698.
  • Gustav Tobler. Bendicht Tschachtlan // Sammlung Bernischer Biographien. — Bern, 1896. — S. 564-565.
  • Carl Gerhard Baumann. Über die Entstehung der ältesten Schweizer Bilderchroniken (1468–1485). Schriften der Berner Burgerbibliothek. — Bern, 1971.
  • Urs Martin Zahnd. Die Bildungsverhältnisse in den bernischen Ratsgeschlechtern im ausgehenden Mittelalter. Verbreitung, Charakter und Funktion der Bildung in der politischen Führungsschicht einer spätmittelalterlichen Stadt. — Bern, 1979. — S. 147-148.
  • Urs Martin Zahnd. Das wirtschaftliche und soziale Umfeld Bendicht Tschachtlans // Tschachtlans Bilderchronik. Kommentarband. — Luzern, 1988. — S. 13-25.
  • Vinzenz Bartlome. Die Bilder der Tschachtlan/Dittlinger-Chronik: Verzeichnis und Beschreibungen der Abbildungen // Tschachtlans Bilderchronik, hrsg. A. A. Schmid. Kommentarband. — Luzern, 1988. — S. 85-138.
  • Roland Gerber. Gott ist Burger zu Bern. Eine spätmittelalterliche Stadtgesellschaft zwischen Herrschaftsbildung und sozialem Ausgleich. — Weimar, 2001.
  • Regula Schmid. Tschachtlan-Dittlinger Chronik von Bern // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Չախթլան» հոդվածին։