Բարբարա Պրամմերը 1973 թվականին ավարտել է Ֆլյոկրաբրուքի կոմերցիոն քոլեջը։ Այնուհետև աշխատել է Օտնանգի համայնքապետարանում։ 1986 թվականին ավարտել է Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ ստանալով սոցիոլոգիական և տնտեսագիտական գիտությունների մագիստրոսի կոչում։ Մինչև 1989 թվականը եղել է Լինցի վերականգնման կենտրոնի սոցիալական մանկավարժ և Վերին Ավստրիայի զբաղվածության դաշնային ծառայության ռեֆերենտ։ 1995 թվականին նշանակվել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանՎերին Ավստրիայի կանանց խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է ընդհուպ մինչև 2005 թվականը։ 1991- 1995 թվականներին եղել է Վերին Ավստրիայի պատգամավոր և փոխնախագահ։ 1995 թվականին ընտրվել է կուսակցության դաշնային խորհրդի անդամ։ 1995- 1997 թվականներին եղել է Վերին Ավստրիայի բնակարանաշինության և բնության պահպանության հարցերի նախարար։ 1997- 2000 թվականներին եղել է Ավստրիայի կանանց և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով նախարար։ Նրա իշխանության օրոք կանայք ստացել են զինվորական ծառայության անցնելու իրավունք, ինչպես նաև գիշերային ժամերին աշխատելու իրավունք։ 1999 թվականին ընտրվել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր։ 2000 թվականին ընտրվել է ՍԴԿ ֆրակցիայի նախագահ։ 2004- 2006 թվականներին եղել է խորհրդի փոխնախագահ։ 2006 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ։ Նրա ամուսինը՝ Վոլֆգանգ Պրամմերը մեղադրվել է սեռական գործողությունների մեջ՝ խորհրդի քարտուղարուհիներից մեկի նկատմամբ։ Այդ ժամանակ Բարբարա Պրամմերը պաշտպանել է քարտուղարուհուն։ 2001 թվականին նրանք բաժանվել են։ Բարբարան մահացել է 2014 թվականի օգոստոսի 2-ին։