Արփիկ Հասրաթյան
Արփիկ Հասրաթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 25, 1950 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 27, 2020[1] (69 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | համաճարակաբան |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Նիկոլայ Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Համաճարակաբանություն, Վիրուսոլոգիա և վարակիչ հիվանդություն |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1973) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (1998) |
Ամուսին(ներ) | Միշիկ Ղազարյան |
Arpik Asratyan Վիքիպահեստում |
Արփիկ Աշոտի Հասրաթյան (հունիսի 25, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2020[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ համաճարակաբան, իմունաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998): ՌԴ բժշկատեխնիկայի ակադեմիայի անդամ (2003): Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի պրոֆեսոր, գիտական քարտուղար[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփիկ Հասրաթյանը ծնվել է 1950 թվականին Երևանում՝ ինժեներ-շինարար Աշոտ Ասատուրի Հասրաթյանի և ինժեներ-տեխնոլոգ Սեդա Հովհաննեսի Աղավելյանի ընտանիքում: Սովորել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվ․ թիվ 55 միջնակարգ դպրոցում: 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1973 թվականից աշխատել է ՌԴ ԲԳԱ Մոսկվայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԻ-ում, 1997 թվականից եղել է առաջատար գիտաշխատող, միաժամանակ 1997 թվականից դասախոսել է Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանում: Պրոֆեսոր Հասրաթյանը եղել է պրոֆեսոր Վ. Վասիլևայի և ակադեմիկոս Հ. Բարոյանի ուսանողը: 1977 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի թեզը, իսկ 1997 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը «Հեպատիտ A և B վիրուսների ժամանակակից համաճարակաբանական բնութագրերը» թեմայով[3]։ Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության, վիրուսային և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հարցերին[4]: 1998 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: Արփիկ Հասրաթյանի հիմնական գիտական հետաքրքրությունները վիրուսային հեպատիտներն էին: Եղել է երկրի վիրուսային հեպատիտների բնագավառի առաջատար մասնագետներից: Հասրաթյանը նաև հայտնի է եղել ցիտոմեգալովիրուս, միկոպլազմա հոմինիս, ՄԻԱՎ վարակների և տուբերկուլյոզի վերաբերյալ աշխատանքներով: Պրոֆեսոր Հասրաթյանի անմիջական մասնակցությամբ ստեղծվել են Ռուսաստանում առաջին դիագնոստիկումները: Ելքային նյութեր հավաքելու համար Հասրաթյանն իր գործընկերների հետ միասին աշխատել է նախկին ԽՍՀՄ շատ մասերում` Հեռավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում, ինչպես նաև Ռուսաստանի շատ քաղաքներում: 1997 թվականին նա ակադեմիկոս Չերկասկիի կողմից հրավիրվել է Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոն։ Պրոֆեսոր Հասրաթյանը ավելի քան 20 տարի նվիրել է ամբիոնի կայացմանն ու զարգացմանը, գիտական և դասախոսական գործունեությանը: Հասրաթյանը գիտական հանդեսներում ավելի քան 200 հրապարակումների և մենագրությունների մի շարք գլուխների հեղինակ է[5]: Նրա ղեկավարությամբ գրվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ, պատրաստվել են գործնական համաճարակաբանության բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփիկ Հասրաթյանը մահացել է COVID-19 կորոնավիրուսային վարակից, ինչից 10 օր անց նույն ախտորոշմամբ մահացել է նաև նրա ամուսինը՝ Միշիկ Ղազարյանը:
Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասրաթյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ։ Ամուսինը լազերային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառում ակնառու գիտնական, պրոֆեսոր Միշիկ Հայրազատի Ղազարյանն էր։ Հասրաթյանի դուստրը՝ Սերինե Ղազարյանը, մանկաբարձ-գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու[6], որդին ՝ Հայրազատ Ղազարյանը վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[7]: Արփիկ Հասրաթյանը բժիշկ-ֆիզիոլոգ Հասմիկ Հասրաթյանի քույրն էր:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԺՏՆՑ արծաթե մեդալ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профилактика внутрибольничных инфекций. Москва, 1993 (համահեղինակ).
- Частная эпидемиология, том 1-2, Москва, 2002.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 В больнице в Коммунарке скончалась профессор-эпидемиолог, госпитализированная с коронавирусом
- ↑ Օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների
- ↑ «А.А.Асратян, «Современная эпидемиологическая характеристика вирусных гепатитов А и В», автореферат диссертации доктора медицинских наук»։ Վերցված է May 22, 2020
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Светлой памяти Асратян Арпик Ашотовны»։ Վերցված է May 21, 2020
- ↑ «С.М.Казарян,GMS Clinics»։ Վերցված է May 22, 2020
- ↑ «А.М.Казарян,Сеченовский Университет»։ Վերցված է May 22, 2020
- Հունիսի 25 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ համաճարակաբաններ
- Հայ իմունաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- COVID-19-ից մահացածներ
- Հայ բժշկուհիներ