Արմատագլխիկ արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմատագլխիկ արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Արմատագլխիկ (Rhizocephalus)
Տեսակ Արմատագլխիկ արևելյան (R. orientalis)
Միջազգային անվանում
Rhizocephalus orientalis

Արմատագլխիկ արևելյան (լատին․՝ Rhizocephalus orientalis), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-8 սմ բարձրությամբ, մանր խիտ ճիմ առաջացնող միամյա, շատ փոքրիկ խոտաբույս է։ Տերևաթիթեղներն ունեն մինչև 6 սմ երկարություն, 1-4 մմ լայնություն։ 0,5-2 սմ երկարությամբ ծաղկաբույլերը գլխիկանման կամ գլանաձև են։ Հասկիկների երկարությունը 3-6 մմ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք, Գոռավան և Ուրծի լեռնաշղթայի նախալեռնային հատված)։ Հանդիպում է նաև միջերկրածովյան ավազանի արևելյան հատվածում, Հարավարևմտյան և Միջին Ասիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, գիպսակիր կամ կավային լանջերին, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, ֆրիգանանման, անապատային, կիսաանապատային և տափաստանային բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայտնի է միայն Երևանի շրջակայքում և Արարատյան հարթավայրում։ Ներկայումս տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.