Արման (լուսանկարիչ)
Արման | |
---|---|
Ծնվել է | օգոստոս 1901 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1963[1][2] |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
![]() |
Արմենակ Արծրունի (հայտնի է Արման կեղծանունով, օգոստոս 1901, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1963[1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտահայ նշանավոր լուսանկարիչ։ Մասնագիտացել է դիմանկարային լուսանկարչության մեջ՝ շահեկան դիրք զբաղեցնելով շուկայում։ Նա հանրաճանաչ է դարձել եգիպտական բարձր խավի շրջանում և Եգիպտոսում առաջին լուսանկարիչն էր, ով օգտագործել է լուսանկարչական հովանոցներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմենակ Արծրունին ծնվել է 1901 թվականի օգոստոսին Էրզրումում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության մաս էր։ Նա հոր հետ եկել է Ալեքսանդրիա (Եգիպտոս) 1907 թվականին։ Դպրոցում նա նկարելու կիրք ուներ։ Նա սկսել է աշխատել Ալեքսանդրիայում բնակվող լուսանկարիչ Նադիրի մոտ որպես աշակերտ[3]։

1925 թվականին գնացել է Կահիրե՝ որպես ավստրիացի հրեա լուսանկարիչ և հայտնի դիմանկարիչ Զոլայի օգնական՝ նրա Արդ էլ-Շերիֆի Միդան Մուստաֆա Քամել փողոցում գտնվող արվեստանոցում։ Զոլան Արծրունուն ուղարկել է Ավստրիա՝ սովորելու սև-սպիտակ լուսանկարների գունավորման, ինչպես նաև աերոգրաֆի (օդային վրձնի), ածխի և կավճի օգտագործման տեխնիկան[3]։
1930 թվականին, Զոլայի մահից հետո, Արծրունին Միդան Մուստաֆա Քամելում բացել է իր սեփական ստուդիան՝ Armand Studio անունով։ Հայրը նրա համար պատրաստել է մի հսկա խոշորացուցիչ, որն ի վիճակի էր մեծ չափսերով նեգատիվների հետ աշխատել։ 1950-ականների կեսերին նրա առաջին ստուդիան ոչնչացման սպառնալիքի տակ էր, ուստի նա երկրորդ ստուդիան է բացել 1956 թվականին Թալեաթ Հարբ փողոցում[3]։
Արմանը մասնագիտացել է դիմանկարային լուսանկարչության մեջ և լուսանկարել է քաղաքական գործիչների, կինոաստղերի, կաբարեի հայտնի պարողների, ինչպես նաև՝ թագավորական ընտանիքի անդամներին։ 1952 թվականի հեղափոխությունը չի խանգարել նրա կարիերային, և նա շարունակել է լուսանկարել հայտնի մարդկանց, մասնավորապես՝ Գամալ Աբդել Նասերին և Եգիպտոս այցելող օտարերկրյա պետությունների ղեկավարներին[3]։
Արմանը հատկապես հայտնի էր հարսանեկան լուսանկարների մշակված կարգավորումներով։ Նա նաև երբեմն հյուրանոցների և հանրախանութների լուսանկարների պատվերներ էր ստանում[3]։
Նրա որդին՝ Արմանը, աշխատել է որպես նրա օգնական դեռևս 1960 թվականին, իսկ ստուդիան ստանձնել է հոր մահից հետո՝ 1963 թվականին։ Նա իր լուսանկարները ստորագրում է այնպես, ինչպես հայրը[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Նարիման թագուհին, 1951 թ.
-
Արքայադուստր Ֆաիզա Ռաուֆը, 1940-ական թթ.
-
Դերասանուհի և պորտապարուհի Սամիա Ջամալը, 1950-ական թթ.
-
Երգչուհի Լեյլա Մուրադը, 1950-ական թթ.
-
Անանուն կին, 1940-ական թթ.
-
Անանուն կին, 1950-ական թթ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Photographers’ Identities Catalog
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «ACAM - Livres arméniens - ZAATARI, Akram»։ www.acam-france.org։ Վերցված է 2022-06-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Zaatari Akram (1999)։ Portraits du Caire: Van Leo, Armand, Alban [Portraits of Cairo: Van Leo, Armand, Alban]։ Fondation Arabe pour l'Image (French)։ Arles: Actes Sud։ ISBN 978-2-7427-2252-5։ OCLC 41529732
- «Akram ZAATARI (n. 1966)»։ Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France) (ֆրանսերեն)
- Արմենակ Արծրունի
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արման (լուսանկարիչ) կատեգորիայում։ |
|