Հուլիսյան հեղափոխություն (1952)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հուլիսյան հեղափոխություն, ռազմական հեղափոխություն, որի արդյունքում անկում է ապրում Եգիպտոսի միապետությունը և երկիրը հռչակվում է հանրապետություն։ Տեղի էր ունեցել Եգիպտոսում 1952 թվականի հուլիսի 23-ին։ Կազմակերպվել է «Ազատ սպաներ» (արաբ․՝ الضباط الأحرار‎‎` ալ-դուբբատ ալ-ահրար) կազպակերպության նախաձեռնությամբ, որը ղեկավարում էր Գամալ Աբդել Նասերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխության համար Եգիպտոսում հասունացել էին բոլոր պայմանները։ 1948 թվականի Արաբա-իսրայելական առաջին պատերազմը անդառնալի հետևանքներ ունեցավ արաբական պետությունների համար։ Այն ավելի վճռական դարձրեց հայրենասեր սպաներին` Եգիպտոսն ազատագրելու օտարերկրյա տիրապետությունից։ 1952 թվականի հուլիսի 16-ին «Ազատ սպաների» գործադիր կոմիտեի նիստում, որին ներկա էին նրա 9-ը անդամները՝ Նասերը, Ամերը, Անվար Սադաթը, Խալիդ Մոհի ալ-Դինը, Բաղդադին, Հասան Իբրահիմը և Քամալ ալ-Դին Հուսեյնը, միաձայն որոշում ընդունվեց հեղափոխությունը սկսել ուղիղ մեկ շաբաթ անց՝ 1952թ. հուլիսի 23-ին վաղ առավոտյան։

Միապետության տապալում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ սպաներին» հավատարիմ զինվորները յոթ սպաների գլխավորությամբ գրավեցին Եգիպտոսի բանակի գլխավոր շտաբը և ձերբակալեցին բանակի հրամանատարությանը։ Առավոտյան ժամը 7։30-ին Կահիրեի ռադիոն տեղյակ պահեց մայրաքաղաքի և ամբողջ երկրի բնակչությանը, որ երկրում կատարվել է հեղափոխություն։ Հուլիսի 26-ին հեղափոխությունը հաղթանակեց իր նշանակությամբ Եգիպտոսի երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում։ Բանակի նոր ղեկավարության պահանջով Ֆարուկ II-ը հրաժարական տվեց հօգուտ իր անչափահաս որդու՝ Ահմադ Ֆուադի, որի անչափահասության պատճառով ստեղծվեց Խնամակալության խորհուրդ։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց «Ազատ սպաների» գործադիր կոմիտեի ձեռքում Նասերի գլխավորությամբ, որն այդ օրվանից վերակոչվեց Հեղափոխության ղեկավարության խորհրդի (ՀՂԽ)։

Նասերը նախընտրեց գործել վարագույրի հետևում և առաջաբեմում թողնել գեներալ Մուհամմադ Նագիբին` նրան ձևականորեն հանձնելով բոլոր կարևոր պաշտոնները։ Դրա համար կային պատճառներ։ Նախ այն, որ «Ազատ սպաներ» կազմակերպությունը գաղտնի կազմակերպություն էր, և նրա անդամները հայտնի չէին հանրությանը։ Եվ դրա համար նրանք գտնում էին, որ հարկավոր է եգիպտական հասարակությանը ցույց տալ, որ նորաստեղծ իշխանության ղեկավարը բոլորի կողմից ճանաչված, հարգված և ընդունված անձնավորություն է։ Երկորդը՝այս քայլով Նասերը ցանկանում էր հանգստացնել նաև Մեծ Բրիտանիային, որպեսզի նա չանհանգստանար Ֆարուկին գահընկեց անելու և խոշոր բուրժուական ուժերին երկրի կառավարումից հեռացնելու համար։ Նրանք հաշվի էին առնում այն հանգամանքը, որ Եգիպտոսում կենտրոնացված էր 100-հազարանոց լավ զինված անգլիական բանակ, որը, եթե Անգլիան տեսներ, որ իր շահերին վտանգ է սպառնում, կուղղեր Եգիպտոսի նոր իշխանությունների դեմ։

Հանրապետության հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի դեկտեմբերի 10-ին դադարեցվեց սահմանադրության գործունեությունը, հայտարարվեց երեքամյա անցման շրջան, լուծարվեցին քաղաքական կուսակցությունները։

1953 թվականի հունիսի 17-ին գեներալ Նագիբը հայտարարեց, որ վերացել է Խնամակալական խորհուրդը և գահընկեց արվել Ֆուադ II թագավորը։ Մուհամմադ Ալիի դինաստիան, որը կառավարում էր արդեն 148 տարի, տապալվեց։

1953 թվականի հունիսի 18-ին Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն։ Առաջին նախագահ դարձավ Մուհամմադ Նագիբը, սակայն երկրի փաստացի ղեկավարը Նասերն էր։ Նագիբը օրեցօր ավելի էր հակվում սեփական քաղաքականությունը վարելու մտքին, և աստիճանաբար սրվեցին նրա հարաբերությունները Նասերի հետ ինչի արդյունքում ՀՂԽ-ի որոշմամբ նա ազատվում է իր զբաղեցրած պաշտոններից և 1954 թվականի ապրիլի 16-ին Նասերը նշանակվում է վարչապետ և ՀՂԽ նախագահ։

Կարողանալով ձախողության մատնել բոլոր դավադրությունները՝Նասերը ներկայացնում է կառավարության ծրագիրը 1955 թվականի մարտի 28-ին։ Նրա հիմնական կետերն էին՝իմպերիալիզմի վերացում, ֆեոդալիզմի վերացում, կապիտալիստական մոնոպոլիաների վերացում, սոց. արդարության հաստատում, ազգային ուժեղ բանակի ստեղծում, ժողովրդավարական համակարգի հաստատում։ 1956 թվականի հունիսի 23-ին ընդունվում է նոր սահմանադրություն և համընդհանուր քվեարկությամբ Եգիպտոսի Հանրապետության նախագահ է ընտրվում Գամալ Աբդել Նասերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]