Jump to content

Արկնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արկնի, (Արղնի, Արղանա) ավան Հայոց Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում։ Գտնվում է Խարբերդ-Արղանամադեն-Դիարբեքիր գլխավոր ճանապարհի վրա, Արղանամադեն գետի աջ կողմում, Քոլադ լեռան լանջին։

Բնակավայրի մասին առաջին անգամ 638 թվականին հիշատակել է արաբ պատմիչ Էլ-Վակիդին։ Այն նշված է եղել Մադեն անունով։

11-րդ դարի կեսին բերդին տիրել են հայազգի Հարպիկ իշխանը և իր եղբայրները, որոնք հաջողությամբ դիմակայել են բյուզանդական զորքին։ 1060-ական թվականներին Արկնին գրավեցին և ավերեցին սելջուկները։ 14-րդ դարի վերջերին տիրել է Յուսուֆ անունով ամիրան (Թավրիզի կողմերից), իսկ 1555 թվականից՝ օսմանյան Թուրքիան։ Արկնիի հայ բնակիչները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվեց։ Փրկվածները գաղթեցին այլևայլ վայրեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին ուներ ավելի քան 6150 բնակչություն, որից մոտ 3000-ը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր, հույներ, քրդեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Նաև մշակում էին բամբակ։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնիում կար պղնձի և ոսկու հանքեր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկնիում կար երկու եկեղեցի (երկուսն էլ՝ Սբ․ Սարգիս անունով) և ուխտատեղիներ՝ Ս. Սարգիս և Ս. Փրկիչ անուններով։

Մոտակայքում, անմատչելի ժայռի վրա գտնվում էր Բարձրահայաց Սբ․ Աստվածածնի վանքը։ 1433 թվականին կառուցված վանքը կամարակապ էր և գմբեթավոր։ Վանքն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի տարիներին։ Վանքում արտագրված մի քանի ձեռագրեր պահպանվել են մինչև մեր օրերը։

Արկնիի մոտ էր համանուն բերդը, որը հայ մատենագիրները կոչել են «Ամուրն Արղնոյ»։ Այն ավերվել է դեռևս հին ժամանակներում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 456
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 77