Արապյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արապյաններ, Կ. Պոլսի տպագրիչ-հրատարակիչներ, որոնց երեք սերունդը գործել է 1766 թվականից մինչև 1850-ական թվականները։

Ակնա Ապուչեխ գյուղի բնակիչ Աստվածատուր Արապ օղլու որդի Հովհաննեսը (մահացել է մոտ 1810) Կ. Պոլսում Հակոբ Աոխիկ օղլի տպագրիչի ընկերակցությամբ հիմնել է տպարան և մինչև 1769 թվականը հրատարակել Շարակնոց, Բաղդասար Դպրի «Տաղարան»-ը, «Տաղարանիկ»-ը և այլ գրքեր։

1777 թվականին Հովհաննեսն իր որդի Պողոսի հետ հիմնել է նոր տպարան, որին միացրել է Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցու որդի Հովհաննեսի տպարանի կայքը և հրատարակչությունը կոչել Հովհաննես և Պողոս անունով։ Ապա Պողոս Արապյանը տպագրական և գրաձուլական մեծ աշխատանք է ծավալել։ 1822 թվականից Օրթագյուղում (Կ. Պոլիս) Արապյանների ունեցած տպարանում Պողոսին գործակցել են նրա որդիները՝ Աստվածատուրը, Գևորգը, Գալուստը։ Առաջինի երեք որդիները նույնպես իբրև տպագրիչներ են աշխատել։

Գևորգի որդի Խաչիկ Արապյանը երկար տարիներ աշխատել է Օրթագյուղի տպարանում, ձուլել է հայերեն և թուրքերեն մի շարք տառատեսակներ Օսմանյան կայսրության բազմաթիվ տպարանների համար։ Գալուստի որդի Հարությունը (1826-1890) նույնպես երկար տարիներ աշխատել է Արապյանների տոհմական տպարանում։ Օրթագյուղի Արապյան տպարանը 1854 թվականին հրդեհվել է, 1855 թվականին Կ. Պոլսում հիմնվել է Արապյանների նոր տպարան, որ գործել է մի քանի տարի։ Արապյանների տպարանը շուրջ 90 տարվա աշխատանքի ընթացքում լույս է ընծայել ավելի քան 100 անուն հայերեն գրքեր, այդ թվում՝ տաղարաններ, բառարաններ, դասագրքեր, հայ մատենագիրների երկեր, տոնացույցներ, սաղմոսարաններ, ժամագրքեր են։ Այնտեղ է տպագրվել «Սուրհանդակ Բիլզանդեան» պարբերականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 688