Պողոս Արապյան
Պողոս Արապյան | |
---|---|
Ծնվել է | 1742 |
Ծննդավայր | Ապուչեխ, Ակն |
Մահացել է | 1835 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տպագրիչ |
Պողոս Հովհաննեսի Արապյան (1742, Ապուչեխ, Ակն - 1835, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ տպագրիչ և գրաձուլիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ակնի գավառակի Ապուչեխ գյուղում։ Պատանի հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, ուր 70 տարի աշխատել է տպագրության ասպարեզում՝ դառնալով Թուրքիայում ժամանակին ամենաճանաչված տպագրիչը։ Աշակերտել է հորը` տպագրիչ Հովհաննես Ածատուրեանին, սերտել և ուսումնասիրել է ժամանակի տպագրական գործը։ Կատարելագործելով և լրացնելով հոր ստեղծած հայերեն տառաձևերը և զարգացնելով տպագրական աշխատանքի ոլորտում ունեցած կարողությունները՝ Պողոս Արապյանը ձեռնարկել է նաև վրացական և թուրքական տպագրության հիմք դարձած առաջին տառաձուլվածքների ստեղծումը։
Նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Աշխատել է «Հովհաննես և Հակոբ» տպարանում (1766-1769)։ 1777 թվականին հոր հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, իսկ 1820 թվականին հիմնել է նոր տպարան իր անունով։ Արապյանի մահից հետո տպագրական գործը մինչև 1853 շարունակել են որդիները։ Արապյանների տպարանում լույս է տեսել շուրջ 150 անուն գիրք և պարբերական։ Արապյան փորագրել և ձուլել է հայերեն տարբեր տպատառեր, ստեղծել է թուրքերենի «նեսիհ» և «թալիգ» տառատեսակները (նրա անունով կոչվում են «Արապ օղլու»)։ 1770 թվականին վրաց Հերակլ թագավորի հրավերով եղել է Թիֆլիսում, պատրաստել վրացական տպատառեր, սարքավորել տպարանը և տպագրել վրացերեն գրքեր, ապա այցելել է Էջմիածին և օգնել Հայաստանի նորաստեղծ առաջին տպարանի կատարելագործմանը։
Արապյան մահացել է Կ. Պոլսում։ Թաղված է Օրթաքյոյի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute»։ www.genocide-museum.am։ Վերցված է 2019-05-27
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաբայան Ա., Հայկական գիրք և գրատպություն, Երևան, 1956։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 688)։ ![]() |