Արամ Գրիգորյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Յուրայի Գրիգորյան
Ազատամարտիկ, կամավորական
1961-1991
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԲրաջուր(Քյարամլու)
ԳերեզմանՀաթերքի գերեզմանատուն
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1988-1991
Հրամանատարն էրՀաթերքի ինքնապաշտպանական ջոկատի
ԿրթությունՎլադիկավկազի ռազմական ուսումնարան, Ճարտարապետական ինստիտուտ
Պարգևներ«Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշան

Արամ Յուրայի Գրիգորյան ( հոկտեմբերի 14, 1961, Բաքու, Ադրբեջանի ԽՍՀ - 8 դեկտեմբերի, 1991, Արցախ, Քյարամլու),հայ ազատամարտիկ, կամավորական, Արցախյան շարժման մասնակից, Հաթերքի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Յուրայի Գրիգորյանը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ԽՍՀ Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Վլադիկավկազի ռազմական ուսումնարան, հետո մեկուկես տարի ուսանել Ճարտարապետական ինդտիտուտում։ Նա Դոնի-Ռոստովի ժողտնտեսության ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ սկսվել է Արցախյան շարժումը։ Արամը կիսատ է թողել ուսումն ու վերադարձել Արցախ՝ հայրենի Հաթերք գյուղ։ Արամի ծնողները՝ Յուրա և Սվետլանա Գրիգորյանները, թեև հաստատվել են Բաքվում, բայց Հաթերքում տուն են կառուցել, հաճախ եղել գյուղում Արամի հետ։ Հայրենասեր զավակը հոգով կապված է եղել հայրենի բնօրրանին։

Լավ չէ, որ այս գեղեցիկ երկրամասը թողած՝ թափառում ենք ամենուր։ Մենք պետք է ապրենք և աշխատենք այս չքնաղ երկրում՝ Արցախում[1]․․․
- Արամ Գրիգորյան, ազատամարտիկ

Ամուսնացել է, ունեցել մեկ դուստր։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվից բռնագաղթելով՝ Արամի ընտանիքը վերադարձել և հաստատվել է Հաթերքում, սակայն շատ չանցած՝այստեղից էլ գաղթել են Ստեփանակերտ։ Գյուղի ազատագրումից հետո ընտանիքով վերադարձել են և տան տեղում միայն մոխրակույտ գտել։

Արամը գյուղում կազմակերպել է ինքնապաշտպանական ջոկատ, կազմակերպել Հաթերքի պաշտպանությունը[2]։ Տեղյակ լինելով ռազմական գործի նրբություններին՝ նա գիտակցել է, որ զենքի պակասությունը մեծ խնդիրներ է առաջացնելու։ Արամը առաջ է քաշել անջատ ջոկատները միավորելու, կանոնավոր բանակ ստեղծելու և ժամանակակից զենքերով զինվելու հրատապ հարցը։ Զենք ձեռք բերելու և գյուղ տեղափոխելու նպատակով՝ նա անցել է Դոնի-Ռոստով, իր միջոցներով գնել գնդացիր, ինքնաձիգ և այլ տեսակի զենքեր, հնարամտորեն դրանք տեղավորել դագաղում, ապա հասցրել գյուղ։ Այդ զենքերով հսկել են Հաթերքի, Զագլիկի ու Զարդախաչի սահմանները։ Գյուղի երիտասարդները համախմբվել են Արամի շուրջ։ Արամը դարձել է թշնամու ահ ու սարսափը։ Երբ ազերիները փորձել են Հաթերքի պետտնտեսության հողերը բռնի կերպով միացնել Իմերեթ-Քերավենդի հողերին ու հերկել, Արամից ստացել են արժանի հակահարված։ Արամի (Միրուքավորի)գլխի համար թշնամին խոստացել է միլիոններ վճարել։ Երբ թշնամին Մռավա սարի արոտավայրերից քշել է Հաթերքի պետտնտեսության անասունները, Արամը սարում շուրջօրյա հսկողություն է սահմանել իր ջոկատով։ Այդ օրվանից թշնամին չի համարձակվել անասուն թռցնել։ Ամեն անգամ, երբ խորհրդային բանակի զինվորների հետ թուրք օմօնը մտել է գյուղ՝ «անձնագրեր ստուգելու» պատրվակով գյուղում ահ ու սարսափ տարածելով, Արամն իր ջոկատով կանգնած է եղել առաջին գծում։

1991 թվականի օգոստոսի 13-ին ռուս զինվորների մի շարասյուն մտել է գյուղ, նրանց սկզբում դիմավորել են գյուղի կանայք, դիմադրել հերոսաբար, ապա շուրջ 400 բնակիչներ՝ Բարմեն Գրիգորյանի ջոկատայինների հետ միասին, մինչ Արամն իր ջոկատով հասել ու շրջապատել է զրահամեքենան ու ավտոմեքենան, բարձրացել մեքենայի թափքը և զինաթափելով՝ գերել 32 ռուս զինվորների։ Պատանդ վերցնելով ամբողջ ստորաբաժանումը՝ զենք ու տեխնիկայով հանդերձ, պահել են շուրջ մեկ ամիս անտառում, և ազատ են արձակել միայն Մոսկվայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքում[3]։ Այս դեպքից հետո ոչ միայն թուրքերը, այլև ռուսներն են սկսել զգուշանալ Արամից ու նրա ջոկատից։ Բանը հասել է նրան, որ Իմերեթ-Քերավենդի թուրքական ստորաբաժանումը նահանջել է և սեպտեմբերի 22-ին գյուղն անցել է ինքնապաշտպանական հայկական ջոկատի ձեռքը։ Սակայն կարճ ժամանակ անց գյուղում բանակել է մի նոր ստորաբաժանում։

Պատերազմ է, սրբազան պատերազմ։ Պատերազմ՝ Արցախի ազատության և անկախության համար։ Հավատացած եմ՝ այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու։ Բայց պատերազմը առանց զոհերի չի լինի և, փույթ չէ, որ ես էլ զոհվեմ այս պատերազմում, բայց երանի նրան, ում անունը հավերժ կհիշվի։
- Միքայել Աղաջանյանի հուշերից[4]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Գրիգորյանը զոհվել է 30 տարեկան հասակում՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին թուրքական Քյարամլու(Բրաջուր) գյուղի մոտ։

Իմերեթ- Քերավենդ գյուղում տեղակայվել է ռուս զինվորականների և օմօնականների ռազմական հենակետ, որը մեծ չարիք է դարձել ենթաշրջանի գյուղերի համար։ Արամին հաջողվել է լեզու գտնել այդ հենակետի ռուս զինվորների հետ՝ զենք ձեռք բերելու նպատակով։ Ըստ պայմանավորվածության՝ 1991 թվականի դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, ռուս զինվորները Արամին խոստացել են փոխանցել 10-15 ինքնաձիգ։ Նախատեսված գիշերը հանդիպումը կայացել է, սակայն ռուսները, դրժելով իրենց խոստումը, ծուղակի մեջ են գցել,Արամին ու նրա ընկեր Ռաֆիկ Կափյանին սպանել են, ավտովարորդ Էդուարդ Ենգիբարյանը վիրավորվել է։ Ազատամարտիկներն ու գյուղի բնակիչները Արամին կոչել են «նորօրյա Անդրանիկ»։ Արամ Գրիգորյանը թաղվել է Հաթերքի գյուղական գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Գրիգորյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ․Բ․Աղաջանյան, Հաթերքի քաջազուն զավակները, երևան, 1999, էջ 8։
  2. Գալյա Առստամյան, ԼՂՀ ազգային-ազատագրական պայքար 1988-2009, էջ 235։
  3. ԼՂ Հանրապետություն թերթ, 5 հոկտ․ 1995, հինգշաբթի, N 172(203)։
  4. Մ․ Աղաջանյան,Հաթերք․պատմույունը հնադարից մինչև մեր օրերը, Ստեփանակերտ, 2012, էջ 471։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ․Բ․Աղաջանյան, Հաթերքի քաջազուն զավակները, Երևան, 1999։
  • Միքայել Աղաջանյան, Հաթերք․պատմությունը հնադարից մինչւ մեր օրերը, Ստեփանակերտ, 2012։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Գրիգորյանի մասին