Արաբական երկրները 20-րդ դարի առաջին կեսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաբական երկրներ, Մեծ Բրի­տանիայի և Ֆրանսիայի միջև 1916 թվականին կնքված Սայքս–Պիկոյի գաղտնի համաձայնագրով Օսմանյան կայսրության կազմում գտնվող արաբական շրջանները պետք է բաժանվեին նրանց միջև։ 1918 թվականի հոկտեմբերին Մերձավոր Արևելքում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Ալ­լենբիի հրամանով Պաղեստինը, Սիրիան, Հորդանանը և Լիբանանը բաժանվեցին ազդեցության երեք գոտիների, որտեղ բարձրագույն իշխանույունը պատկանում էր անգլիական զինվորական հրամանատարությանը։

Արաբական երկրների հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիր Ֆեյսալ

1919 թվականին Փարիզի խորհրդաժողողում արաբական աշխարհի շահերը ներկայացնող էմիր Ֆեյսալի՝ թուրքե­րից ազատագրված շրջաններում միասնական պետություն ստեղծելու առաջարկը մերժվեց։ Անգլիան և Ֆրանսիան ձգտում էին պահպանելու իրենց ռազմականներ կայությունը Մերձավոր Արևելքում։ Նույն թվականի մայիսին կայացան արաբական շրջանների գերագույն մարմնի՝ Սիրիական գլխավոր կոնգրեսի ընտրությունները։ Կոնգրեսի ընդունած ծրագրում ընդգծվում էր արաբների բացասական դիրքորոշումը մանդատային համակարգի նկատմամբ։ Կոնգրեսը դեմ արտահայտվեց նաև Պաղեստինում հրեաների բնակեցման գաղափարին։ Սակայն այդ պահին արաբական խնդիրը լուծվում էր Եվրոպայում։

Սիրիա պետության ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիա

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան եկան համաձայնության։ 1920 թվականի սկզբին Սիրիայի արևմուտքը ռազմակալվեց ֆրանսիական ուժերի կողմից, իսկ անգլիացիները զբաղեցրին նավթաբեր Մոսուլի շրջանը(հետագայի Իրաքում)։ Ի պատասխան դրա՝ 1920 թվականի մարտի 8–ին Ազգային կոնգրեսը հռչակեց իր որոշումը Սիրիայի միասնական անկախ պետություն ստեղծելու մասին։ Ֆեյսալը հայտարարվեց անկախ Սիրիայի «սահմանադրական թագավոր»։ Այդ իրադարձությունից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան որոշեցին արաբական շրջանները բաժանել երկում մանդատային գոտիների։ Սիրիայի և Լիբանանի մանդատը ստացավ Ֆրանսիան, իսկ Պաղեստինի և Միջագետքի մանդատը՝ Մեծ Բրիտանիան։ Ֆրանսիացիները գրավեցին Դամաս­կոսը, Հալեպը, իսկ Ֆեյսալը ստիպված էր հեռանալ երկրից։ Այսպիսով՝ արաբական միասնական պետություն ստեղծելու արաբների փորձն ավարտվեց անհաջողությամբ։ Մանդատի վերաբերյալ Ազգերի լիգայի որոշման համաձայն՝ Ֆրանսիան իրավունք ստացավ Սիրիայում և Լիբանանում պահելու զինուժ,ոստիկանություն և օգտագործելու բոլոր հաղորդակցության ուղիներն ու կապի միջոցները։ Ֆրանսիան իրականացնելու էր մանդատային տարածքի արտաքին քաղաքականությունը։ Պաշտոնական լեզուներ հայտարարվեցին ֆրանսերենը և արաբերենը։

Լիբիա

Մանդատով սահմանված գործառույթներն իրականացնում էր գլխավոր կոմիսարը։ Ֆրանսիան վարում էր մանդատային տարածքի վարչական տրոհման քաղաքականություն։ Արդեն 1920 թվականին առանձին պետություններ հայտարարվեցին Լիբանանը, Դամասկոսը և Հալեպը։ Հաջորդ տարի ինքնավարություն տրվեց Ալեքսանդրետի շրջանին։ Սակայն 1924 թվականին Դամասկոսի ու Հալեպի միավորմամբ ստեղծվեց Սիրիա պետությունը։

Իրաքի ծաղկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի սկզբին Ֆրանսիայի պարտության հետևանքով նրա մանդատային տարածքները հայտնվեցին ծայրաստիճան ծանր տնտեսական իրավիճակում։ Ինչ վերաբերում է անգլիական մանդատային տարածք համարվող Իրա­քին, ապա 1921 թվականի մարտին Կահիրեում Մեծ Բրիտանիայի գաղութների նախարար Ուիլյամ Չերչիլի նախագահությամբ տեղի ունեցած կոնֆերանսում որոշվեց Իրաքի կարգավիճակի հարցը։ Ըստ դրա՝ Իրաքում պետք է հաստատվեր էմիր Ֆեյսալի ժառանգական թագավորությունը։ Նույն թվականի օգոստոսի 2–ին Ֆեյսալը թագադրվեց, և Իրաքում հաստատվեց Հաշիմյան արքայատոհ­մի տիրապետությունը՝ անգլիական հովանու ներքո։ Փաստացի Իրաքում իրական իշխանությունը գտնվում էր անգլիական զինվորական կոմիսարի ձեռքում, երկրում տեղակայված էին անգլիական զորքերը։ Անգլիական տիրապետությունը Իրաքում ավարտվեց միայն 1932 թվականին՝ պարբերաբար ընթացող ապստամբությունների արդյունքում։ Նույն թվականին Իրաքը դարձավ Ազգերի լիգայի անդամ։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական կազմակերպմանը զուգընթաց դրվեցին այս ընդարձակ տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմքերը։ Արաբական աշխարհի բնակչության գերակշիռ մասը դեռևս ապրում էր միջնադարյան տոհմատիրական–ավատատիրական կենցաղավարման պայմաններում։ Մասնավորապես, Սիրիայում բնակչության շուրջ 75%–ը ապրում էր գյուղական շրջաններում և զբաղվում պարզունակ երկրագործությամբ։ Ֆրանսիական մանդատային իշխանությունները ձգտում էին Սիրիան վերածելու գյուղատնտեսական մթերքների արտադրության և սեփական արդյունաբերության հումքային բազայի, ինչպես նաև արտադրանքի իրացման շուկայի։

Հորդանան

Ընդորում՝ ֆրանսիացիները արմատական փոփոխություններ չմտցրին ագրարային հարաբերություններում։ Նրանք պահպանեցին ավատատիրական հարաբերությունները, խրախուսում էին խոշոր հողատիրությունը՝ ձգտելով տեղական ժառանգական հողատերերի նվերածելու իրենց սոցիալական հենարանի։ Պետական, ինչպես նաև նախկինում օսմանյան սուլթանին պատկանող հողերի զգալի մասը տրվեց ավատատերերին։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա այստեղ այդպես էլ չստեղծվեցին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ՝ մեքենա­շինական, քիմիական և այլն։ Ֆրանսիացիներն աջակցում էին միայն թեթև արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծմանը (տեքստիլ, սննդի, գյուղատնտեսական հումքի վերամշակման)։ Ենթամանդատային Իրաքում Անգ­լիան ձգտում էր ամրապնդելու իր տնտեսական դիրքերը։ Մասնավորապես, նրա համար առաջնակարգ նշանակություն ուներ Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլի հարուստ նավթաբեր շրջանների նկատմամբ վերահսկողության խնդիրը։ 1926 թվականին ԱՄՆ–ի և Ֆրանսիայի աջակցությամբ Անգլիային հաջողվեց հարկադրել Թուրքիային հրաժարվելու Մոսուլի նկատմամբ հավակնություններից։ Այսպիսով՝ Մերձավոր Արևելքի արաբաբնակ շրջանների նկատմամբ Անգլիայի և Ֆրանսիայի շուրջ երկու տասնամյակ տևած մանդատային տիրապետության ժամանակաշրջանը վերոհիշյալ տարածքների քաղաքական և տնտեսական զարգացման համար ունեցավ զգալի դրական հետևանքներ։ Առաջին հերթին ձևավորվեցին քաղաքական սահմանները, որոնք որոշ փոփոխություններով գոյություն ունեն նաև այսօր։ Այդ սահմանների ներսում 20-րդ դարի ընթացքում ընդհանուր արաբական հոգևոր–մշակութային հիմքի վրա կազմավորվեցին իրաքյան, սիրիական, լիբանանյան և մյուս արաբական ժողովուրդները, ինչը հնարավոր չէր Օսմանյան տերության գոյության շրջանում։ Ժամանակի ընթացքում առաջ եկան քաղաքական կուսակցություններ և խմբավորումներ, մտավոր և տնտեսական վերնախավ, որոնք արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո դարձան սուվերեն արաբական պետությունների գլխավոր շարժիչ ուժերը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք

Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան