Jump to content

ԱրՔա (Արմենիան Քարդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱրՔա
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2000
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Արդյունաբերությունeconomics of banking?
Կայքarca.am(հայ.)

Արմենիան Քարդ, (անգլ.՝ Armenian Card (ArCa)) հայկական ազգային, միջբանկային, դրամային հաշվարկային համակարգի պլաստիկ քարտ։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թվականի մարտին, ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից, USAID-ի աջակցությամբ, Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով[1]։

Պրոցեսինգային ծառայություններ մատուցելու լիցենզիան տրվել է 2003 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

2006 թվականի փետրվար ամսից ԱրՔա-ն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ (UNDP), ներդրեց ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների փոխանցման համակարգ, որը թույլ է տալիս քարտապաններին վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի համար, ձեռք բերել ինտերնետ քարտեր ինչպես նաև կատարել բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի հաշիվների համալրում։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի բաժնետերերն են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և հանրապետության 17 խոշորագույն առևտրային բանկերից 15-ը։ Մասնավորապես, մասնակից չեն հանդիսանում Մելլաթ Բանկը և Արմսվիսբանկը[2]։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2017 թվականի հունվարի 1-ին Հայաստանում գործող ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 1 570 758[2]։

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանում գործող ակտիվ վճարային քարտերի ընդհանուր թիվը 2020թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 2 460 333, ինչը 2,9%–ով կամ 70 հազար քարտով ավել է` 2019թ.–ի համեմատ[3]։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱրՔա վճարային համակարգը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝ կանխիկ դրամական փոխանցումներ, ստացված ապրանքի կամ ծառայությունների համար առևտրային և սպասարկման կետերում վճարումներ, բանկոմատներում վճարումներ կոմունալ ծառայությունների համար, ինտերնետում էլեկտրոնային վճարումներ (ներառյալ կոմունալ վճարումները), քարտային հաշվի հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, առցանց առևտուր, գումարի փոխանցում քարտից քարտ։

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA, American Express և Diners Club International քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև Ընկերության մասնագիտական օժանդակությունից[1]։

Ինչպես նաև ԱրՔա-ն առաջարկում է համապարփակ ծառայություններ, որոնք թույլ են տալիս բանկերին թողարկել և սպասարկել հետևյալ տեսակի քարտեր.

  • ArCa Debit - դեբետային քարտ, որը թույլ է տալիս կատարել վճարումներ կամ ստանալ կանխիկ գումար։ ArCa Debit-ը կարող է ծառայել նաև որպես աշխատավարձային քարտ։
  • ArCa Classic - դեբետային քարտ, հնարավոր է օվերդրաֆտի թույլտվություն` կախված թողարկող բանկի կողմից սահմանված պայմաններից։ Օվերդրաֆտի թույլտվության դեպքում քարտապանին տրամադրվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ վարկի տեսքով, որի միջոցով քարտապանը բանկային տոկոսը վճարում է միայն օգտագործված գումարի չափով։ ArCa Classic-ը կարող է ծառայել նաև որպես աշխատավարձային քարտ։
  • ArCa Gold - վարկային քարտ, որը տրվում է բանկի հուսալի հաճախորդներին։ Քարտապաններին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` տրամադրված վարկի ցածր տոկոսադրույք, առևտրի և սպասարկման օբյեկտներում զեղչերի, բոնուսների կիրառում, ապահովագրություն և այլն։
  • ArCa Business - վարկային քարտ, որը կարող են ձեռք բերել միայն կազմակերպությունները։ Կազմակերպության աշխատակիցը, ում անունով քարտը բացվում է, կարող է ստանալ կանխիկ գումար կամ կազմակերպության կողմից ձեռք բերված ապրանքի համար կանխիկ վճարումներ կատարելու և կազմակերպության կողմից նախկինում հաստատված գումարի չափով մատուցվող ծառայությունների համար։ Կազմակերպության աշխատողների անունով, բանկի անունից բացված քարտի հաշվին կարող են կցվել մի քանի քարտեր՝ նախապես սահմանված ծախսային սահմանափակումներով։
  • ArCa Platinum - վարկային քարտը, որի սեփականատիրոջը թողարկող բանկը առաջարկում է ծառայությունների լայն տեսականի։
  • ArCa Affinity - վստահելի հաճախորդներին կամ թողարկող բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող հաճախորդներին տրվող վարկային քարտ։ ArCa Affinity-ն նախատեսված է բացառապես նմանատիպ օբյեկտների (գազալցակայաններ, ավիացիոն գործակալություններ, խանութներ և այլն) անկանխիկ վճարումների համար։ Քարտապանների համար կարող են տրամադրվել զեղչեր, բոնուսներ։
  • ArCa Co-branded - վստահելի հաճախորդներին կամ թողարկող բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող հաճախորդներին տրվող վարկային քարտ։ ArCa Co-branded-ը նախատեսված է տարբեր տեսակի և նմանատիպ օբյեկտներում անկանխիկ վճարումների համար (Sil Group, Multi Group և այլն)։ Քարտապանների համար կարող են տրամադրվել զեղչեր, բոնուսներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «ԱրՔա | Արմենիան Քարդ | www.arca.am». www.arca.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  2. 2,0 2,1 «Հայկական և ռուսական ազգային վճարային համակարգերի` «Արմենիան Քարդ»-ի և «Միր»-ի համատեղելիության պիլոտային նախագիծը նախատեսվում է 2017-ի ամռանը | Finport.am». www.finport.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Հայաստանում առաջին անգամ անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկին. քարտերով շրջանառությունը I եռամսյակում աճել է 22,9%,–ով». ArmBanks.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]