Խորանաշատի Ավետարան (4823)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավետարան (4823)ից)
Խորանաշատի Ավետարան
Տեսակձեռագիր
ՍտացողՎանենի (դուստր Ջաջւոյ Խազրակենաց)
Տարեթիվ1224 թվական
ՎայրԽորանաշատի վանք
Թերթեր319
Նյութմագաղաթ
Չափս36X26
Լայնություն26 սանտիմետր
Գիրերկսյուն, բոլորագիծ երկաթագիր
Տող19
Կազմկաշեպատ տախտակ, կոստղապատ, խաչով և անկյունազարդերով
Մանրանկարչությունավետարանիչ 4, խորան 10, կիսախորան և լուսանցազարդ
Համար4823[1]
Լեզուհայերեն
ԺողովածուՄատենադարան

Ավետարան (No 4823), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4823 թվի տակ։ Ընդօրինակվել և նկարազարդվել է Ջաջուռ Խաղբակյանի դուստր և Կուկ Սևադյանց իշխանի կին Վանենու պատվերով 1224 թվականին։ Խորանաշատում ընդօրինակված լինելու պատճառով ձեռագիրը կոչվում է «Խորանաշատի» ավետարան։ Գրված է թղթի վրա, որը ունի 36X26 չափս։ Ձեռագիրը կազմված է 319 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորագիծ երկաթագրով, կազմը՝ կաշեպատ տախտակ, կոստղապատ, խաչով և անկյունազարդերով, աստառը՝ վարդագույն մետաքս։ Հիշատակարաններ գրչի՝ 317ա, կազմողի՝ 347ա (1517 թ.), հետագայի՝ 155ա (1236 թ.), 155ա (13-րդ դար), 155ա (14-րդ դար), 247ա (1517 թ.), 318ա (16-րդ դար), 318բ (17-րդ դար)[2]։ 13-րդ դարի հայկական մանրանկարչության նմուշներից մեկն է[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական Վարդապետը 1211-1222 թվականներին Խորանաշատի վանքը կառուցելուց հետո, այստեղ հիմնադրում է իր սեփական դպրոցը։ Վանքում առկա էր նաև դպրոցի և ծիսակատարությունների համար անհրաժեշտ գրականություն - Մատենադարան ստեղծելու նպատակ ունեցող գրչության մեծ արհեստանոց, որտեղ և ընդօրինակվել է Խորանաշատի ավետարանը[4]։ Ընդօրինակվելուց 5 տարի անց՝ 1229 թվականին, խույս տալով Ջալալեդդինի հրոսակների ասպատակություններից Վանականն իր աշակերտների հետ պատսպարվում է Տավուշ բերդի դիմաց գտնվող մի քարայրում։ 1236 թվականին մոնղոլները պաշարում են քարայրը և Վանականին ստիպում դուրս գալ այնտեղից։ Գերեվարելով ուսուցչին, նրա աշակերտներին և այնտեղ ապաստանած շրջակայքի բնակիչներին, մոնղոլները բռնագրավում են նրանց մոտ եղած գույքը, նաև եկեղեցական սպասքը՝ շուրջառներ, անոթներ, արծաթե խաչեր և երկու արծաթակազմ ավետարան, որոնցից մեկը «Խորանաշատի» ավետարանն էր, մյուսը անհայտ է․ ամենայն հավանականությամբ չի պահպանվել[4][5]։

Օտարումից 3 տարի անց (1239թ․) թալանված զանազան իրերի հետ մոնղոլները հիշյալ ավետարանը վաճառքի են հանում Տփխիսում, այդ միջոցին այնտեղ է լինում նաև Վանականը։ Նրա խնդրանքով հայոց Ս․ Քառասունից եկեղեցու քահանաների ու քաղաքի տանուտերերի ջանքերով ավետարանը կրկին վերադարձվում է Խորանաշատ։ 1517 թվականին ձեռագիրը տարվում է Տաթև, ուր Ալեքսանոս աբեղան փոխում է արծաթյա կազմը, նոր կոստղազարդ կաշվե կազմ է դնում՝ մետաղյա անկյունազարդերով և Ա փեղկին մետաղյա մի խաչ։ Ծախսերը կատարում է ոմն Ղասում[6]։ Այդ կազմով էլ ձեռագիրը հասել է մեզ։ Որոշ ժամանակ անց այն կրկին գերվում է, և 16-րդ դարի վերջին այն փրկագնում է Մելիք-Հովասափը և իր, կնոջ, զավակների ու գերդաստանի հիշատակի համար նվիրում Վանի Ս․ Վարդան Զորավար եկեղեցուն։

1915-1916 թվականներին բանասեր Սմբատ Տեր-Ավետիսյանը, մշակութային հուշարձանների նկարագրման և հավաքման նպատակով Վասպուրական կատարած իր այցելության ժամանակ, Վանի նշված եկեղեցում տեսնում է այդ ընտիր ձեռագիրը և քաղաքի նահանգապետ Դիտմենի միջոցով ուղարկում Էջմիածին[7]։

Մանրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խորանաշատի» ավետարանը աչքի է ընկնում եզակի մանրանկարներով։ Ձեռագրի գրիչն ու ծաղկողը հայտնի չեն։ Ավետարանն ունի 4 ավետարանիչների պատկերներ, խորաններ, կիսախորաններ, զանազան լուսանցազարդեր[6]։

Հովհաննես ավետարանիչ և Պրոքորոն, Խորանաշատի ավետարան 1224 թ.

Ավետարանիչները ներկայացված են ոսկու ֆոնի վրա, որը մասամբ թափվել է՝ թողնելով կղմինդրակարմրավուն հատակը։ Կերպարների հոգեկան դրսևորման կենտրոնը դեմքերն են. լայն բացված նշաձև աչքերը, շեշտակիորեն աջ կամ ձախ թեքված բիբերը, իսկ կամարաձև հոնքերից վեր ընդգծված ճակատի աղեղնաձև կնճիռները Արցախի մանրանկարչության ոճատիպային բնորոշ հատկանիշներից են։ Գունաշարը մեղմ է, կարմիրը, մանուշակագույնը, կանաչը, կապույտը, սև-շագանակագույնը թանձր են ու հագեցած, մասամբ սպիտակի խառնուրդներով։ Դրանց հարաբերությունները՝ ոսկու նուրբ ֆոնի վրա, թավշյա փափկություն են հաղորդում, ստեղծում ակնահաճո տպավորություն[3]։

Ավետարանի առաջին զույգ խորանները ընդհանուր միակերպ կառուցվածք ունեն։ Գլխազարդը և քիվից ցած գտնվող սյուների դաշտը հավասար են, սյուների խարիսխներն ու խոյակները կազմված են կրկնագիծ շրջանակներից, որոնց ներսում, ոսկու ֆոնի վրա, կապույտ ու վարդագույն եռատերևիկներ են։ Ընդհանուր պատվանդան ծառայող հիմքը պատում են գորգարվեստից հայտնի «ատամնազարդերը»։ Խորանաշատի ավետարանում յուրաքանչյուր զույգ խորան մյուսից ընդմիջվում է երկու մաքուր էջերով։ Որպես ընդունված կարգ, բոլոր խորաններն ունեն երեք սյուն։ Դրանց խարիսխները և խոյակները կազմված են կիսաշրջան ու եռանկյուն զարդաձևերից, ներսում ոսկու ֆոնի վրա ոճավորված տերևամոտիվներ են։ Սյուները ծածկված են տարբեր գույներով։ Կենտրոնական սյան սև ֆոնի վրա արմավազարդեր են, եզրային սյուներին՝ ատամնազարդեր։ Սևի, մուգ շագանակագույնի և թավշականաչի համակցությունը խորանի կառուցվածքին տալիս է ամրություն։ Հաջորդ 4 խորաններում հիմնականում նույն զարդամոտիվներն են, միայն թե յուրաքանչյուր դեպքում՝ տեղավորված ու դասավորված խորանի տարբեր հատվածներում։ Գունաշարը հիմնականում նույնն է. գերիշխում է թավ կապույտը, որը փայլ է ստանում բաց վարդագույնի ու կանաչի համակցությամբ։ Աչքի են ընկնում նաև անթափանց մուգ-շագանակագույն ֆոնի վրա վառ կարմիրով ու կանաչով արված բուսական հյուսվածքները[3]։

Խորանաշատի ավետարանը հարուստ է արտախորանային հարդարանքով՝ սիրամարգ, աքաղաղ, կաքավ, ճնճղուկ և այլն։ Որոշակի կարգով դասավորված այդ թռչնապատկերները նուրբ մշակման շնորհիվ զանազանվում են իրենց տեսակներով։ Այս Ավետարանում զգացվում է չափավորություն ու նրբության երանգ. դա վերաբերում է նաև խորանների հիմքերի ու քիվերի վրա պատկերված բուսամոտիվներին[3]։

«Խորանաշատի» ավետարանում կան մի քանի նոր զարդամոտիվներ. առաջին հերթին նռնաքարի ձևը։ Յուրաքանչյուր «քար» տրվում է տարբեր գունավորմամբ։ Նռնաքարի նախշազարդերը հայկական մանրանկարչությանը հայտնի են վաղ շրջանի հուշարձաններից՝ դեռևս «Էջմիածնի» 989 թվականի ավետարանից։ Վերջինիս օրինակն այս դեպքում առավել հատկանշական է, քանի որ այն ստեղծվել է Արցախին անմիջապես հարևան Սյունիքում (Բղենո Նորավանք)։ Մշակութային այդ ընդհանուր միջավայրում շատ բան էր փոխպայմանավորված. հենց դրանով է բացատրվում նաև այն, որ նռնաքարից զատ, «Խորանաշատի» ավետարանում հանդիպող մյուս զարդերի մի զգալի մասը ևս ավելի վաղ արտահայտվել է նույն Էջմիածնի ավետարանում՝ արմավենու ոճավորված կիսատերևիկների հյուսվածքները, միմյանց շարունակող ականթատերևները, անտիկ զարդանկարչությունից եկող բուսական ոլորանախշերը[3]։

Խորանաշատի ավետարանն արժեքավոր հուշարձան է նաև հայ գրչության արվեստի և հայերենի կետադրության պատմության ուսումնասիրության համար. ունի կետադրության նշանների մի մասը՝ վերջակետ, ստորակետ, բութ, շեշտ, հարցական նշան, ապաթարց, ենթամնա և այլն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.matenadaran.am/ftp/Hamarot/CucakDzeragracA(hamarot).pdf
  2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1293 — 1636 էջ։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հակոբյան, Հրավարդ (1989). Արցախ-Ուտիքի Մանրանկարչությունը XIII-XIV դդ. Երևան: «Խորհրդային գրող».
  4. 4,0 4,1 Կիրակոս Գանձակեցի «Պատմություն Հայոց». Երևան. 1961.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Մինասյան, Թամարա (2020). Ուտիքի գրչության կենտրոնները. Մատենադարան.
  6. 6,0 6,1 Հակոբյան, Հայկ (2016). Խորանաշատի վանքն որպես Արցախի կրոնաքաղաքական ու մշակութային կյանքի ևս մի վառ վկա. Ստեփանակերտ: Գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու). էջեր 58–62.
  7. 7,0 7,1 Վարդանյան, Յու. (1979 թ. No 5). «Խորանաշատի գրչագրի դեգերումները». «Գրքերի աշխարհ».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Հ. «Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը XIII-XIV դդ.», Երևան, 1989 [1]
  • Մինասյան Թ. «Ուտիքի գրչության կենտրոնները», Երևան, 2020 [2]
  • Գանձակեցի Կ. «Պատմություն Հայոց», Երևան, 1961 [3]
  • Հարությունյան Խ. «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները», Երևան, 2019 [4]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]