Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրաց, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագրերի մանրամասն նկարագրություններով ցուցակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանում ձեռագրերի նկարագրության աշխատանքները կատարվել են պատմության ամբողջ ընթացքում։ 20-րդ դարի 60-ական թվականներին քննարկումների արդյունքում ձեռագրերի պարունակած նյութերը հասարակության համար արագ ճանաչելի և մատչելի դարձնելու համար որոշվել է պատրաստել նաև համառոտ մի ձեռագրացուցակ, որի առաջին հատորը լույս է տեսել 1965 թվականին, իսկ երկրորդը՝ 1970 թվականին։ Այդ հատորները կազմել են Օննիկ Եգանյանը, Անդրանիկ Զեյթունյանը և Փայլակ Անթաբյանը, խմբագրել են Լևոն Խաչիկյանը և Ասատուր Մնացականյանը։ Այս երկհատորյակով և 2007 թվականին տպագրված հավելվածային հատորյակի լրացմամբ հանրությանը մատչելի է դարձել Մատենադարանի մոտ 11 100 ձեռագրերի համառոտ նկարագրությունը։

Համառոտ երկհատորյակի տպագրությունից անմիջապես հետո գիտնականների նույն խումբն սկսել է ձեռագրերի մանրամասն նկարագրության աշխատանքները։ 1984 թվականին լույս է տեսել առաջին աշխատանքը՝ Մայր ցուցակի Ա. հատորը, որին հաջորդել ևս յոթը. Ա. հատոր՝ ձեռագրեր համար 1-300, Բ. հատոր՝ ձեռագրեր համար 301-600, Գ. հատոր՝ ձեռագրեր համար 601-1000, Դ հատոր՝ ձեռագրեր համար 1001-1500, Ե. հատոր՝ ձեռագրեր համար 1501-1800, Զ. հատոր՝ ձեռագրեր համար 1801-2100, Է. հատոր՝ ձեռագրեր համար 2101-2400, Ը. հատոր՝ ձեռագրեր համար 2401-2700։

Ձեռագրերը հատորներում նկարագրվում են Մխիթարյան միաբանության Վիեննայի ճյուղի գիտնական միաբանների քննարկումների արդյունքում դեռևս 1890-ականներին Հակովբոս վարդապետ Տաշյանի մշակած՝ 30 կետ ունեցող հայեցակարգով, որը Մատենադարանում վերամշակվել, վերախմբավորուել և մի փոքր լրացվել է, իսկ հարցերն ու նրանց պատասխանները դասավորվել են կարևորագոյն տեղեկություններն անմիջապես տեսանելի դարձնելու սկզբունքով։ Ձեռագրի նկարագրությունն ունի երեք հիմնական մաս. արտաքին հատկանիշներ, բովանդակության և գրչության ժամանակ ու հետագա հիշատակարաններ։

Հետազոտական-աշխատանքային այս խնդիրն իրագործում է «Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժինը», որը ժամանակին ղեկավարել են Ասատուր Մնացականյանը, ապա՝ Օննիկ Եգանյանը, հետո՝ Փայլակ Անթաբյանը, Հակոբ Քեոսեյանը։ 2007 թվականից ի վեր Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի գլխավորությամբ այս աշխատանքի մեջ ընդգրկված են 25 երիտասարդ մասնագետ։

Զուգահեռաբար նկարագրվում են Մատենադարանի Հայերեն ձեռագրերի հիմնական (11.230 միավոր), Հայերեն պատառիկների (2.200 միավոր) և Հայերեն ժապավենաձև հմայիլների (530 միավոր) հավաքածուները։ Գիտական ընդարձակ նկարագրության են ենթարկվել առաջինի 7 հազարից ավելի ձեռագիր, երկրորդի՝ 100 և երրորդի՝ 150 միավոր։ Սկզբնական նկարագրութեան փուլին հաջորդում է նոյն նկարագրության ստուգում-սրբագրումը, ապա՝ խմբագրումը (վերջին հատորները խմբագրել է Գևորգ Տեր-Վարդանյանը), հատոր առ հատոր հրատարակության պատրաստումը և անվանացանկերի կազմումը, որ այժմ անում է բանասեր Վարդան Դևրիկյանը։ Ցուցակի նախատեսելի ծավալը շուրջ 40 հատոր է[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր հատորների մեջ կան հետևյալ ցանկերը՝

  1. Գրչության ժամանակագրական ցանկ,
  2. Նախագաղափար և հետագա հիշատակարանների ցանկ,
  3. Նյութերի ցանկ,
  4. Տեղանունների ընդհանուր ցանկ,
  5. Անձնանունների ընդհանուր ցանկ,
  6. Գրչության վայրերի ցանկ,
  7. Գրիչների ցանկ,
  8. Ծաղկողների ցանկ,
  9. Կազմողների ցանկ,
  10. Պատվիրատու-ստացողների ցանկ,
  11. Մանրանկարների ցանկ,
  12. Կնքադրոշմների ցանկ,
  13. Գաղտնագրություն ունեցող ձեռագրերի ցանկ,
  14. Ի մի տփի ձեռագրերի ցանկ,
  15. Մետաղե կրկնակազմեր, խաչեր և այլ զարդեր ունեցող ձեռագրերի ցանկ,
  16. Ձեռագրերի ընդհանուր աղյուսակ,
  17. Պատառիկ պահպանակների ընդհանուր աղյուսակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]