Առնոլդ Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1935 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2012 (77 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ |
Ամուսին | Լեյլա Ադամյան |
Պարգևներ |
Առնոլդ Արամի Ադամյան (սեպտեմբերի 6, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2012, Մոսկվա, Ռուսաստան), հայազգի պլաստիկ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1989), Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտական վիրաբույժների ռուսական դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնոլդ Ադամյանը ծնվել է 1935 թվականին Երևանում։ Հայրական կողմը եղել է շատ հարուստ։ Տատը ուներ սեփական իջևանատուն Երևանում, գորգերի խանութ, զենքերի վերանորոգման արհեստանոց ու խաղողի այգիներ։ Հայրը՝ Արամ Ադամյանը ավարտել է Երևանի ռուսական գիմնազիան, այնուհետև մեկնել Գերմանիա, շարունակել ուսումը։ 1920 թվականին վերադառնում է Հայաստան և աշխատում իր մասնագիտությամբ՝ էլեկտրոինժեներ։ Որոշ ժամանակ անց հիվանդության պատճառով թողնում է աշխատանքը և դասախոսում ինստիտուտում։ Առնոլդի քույրը՝ Էլեանորան երեք տարով մեծ էր նրանից։ Մասնագիտությամբ դաշնակահար էր, դասավանդում էր կոնսերվատորիայում, իսկ հետո մեկնում է ԱՄՆ։ 1943 թվականին Առնոլդը ընդունվում է կոնսերվատորիային կից հատուկ օժտված երեխաների դասարանը։ 1944 թվականին ընդունվում է Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ 1954 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և 1960 թվականին ավարտել այն։ Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում՝ 1961 թվականին։ 1962 թվականից որպես բժիշկ-օրդինատոր, կլինիկական օրդինատոր, ասպիրանտ, կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի ղեկավար շարունակել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, որտեղ և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները։ 1971 թվականին Ադամյանը ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1989 թվականին՝ պրոֆեսորի։
Նա մշակել և հիմնավորել է պոլիմերային նյութերի օգտագործմամբ կրծքավանդակի օրգանների վերականգնման և պլաստիկ վիրահատությունների ժամանակ վիրաբուժության ռազմավարության մի շարք նոր կանոնակարգեր։ Առնոլդ Ադամյանը մոտ 90 գյուտերի,մոտ 750 գիտական հոդվածների հեղինակ է։ Առնոլդ Ադամյանը առաջիններից մեկն է, ով ուսումնասիրել է լազերային հնարավորությունները բժշկության մեջ և Ռուսաստանում զբաղվել թոքերի փոխպատվաստմամբ։ Նա նաև մշակել և հիմնավորել է ծայրամասային թոքերի քաղցկեղի տնտեսող վիրահատությունների գործառությունները, մշակել մի շարք պլաստիկ վիրաբուժություններ տարաբնույթ իմպլանտների կիրառմամբ, փորձարկել թոքերից ռումբերի բեկորների և մետաղական փամփուշտների հեռացման մեթոդը էլեկտրոնային պատկերի ուժեղացուցիչների վերահսկողությամբ։ Նրա ստեղծված բազմաֆունկցիոնալ կենսաբանորեն ակտիվ վիրակապերի տեսականին ոսկե շքանշանի է արժանացել Ժնևի և Բրյուսելի միջազգային ցուցահանդեսներում և այժմ այն գործածում են Ռուսաստանի զինված ուժերում։ Նա եղել է Ռուսաստանում Հայերի միության հիմնադիրներից մեկը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Լեյլա Ադամյան (հունվարի 20, 1949, Թբիլիսի) մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ, մանկավարժ է։ Ունի երկու աղջիկ` Ասյա Առնոլդի Ստեփանյան (1970) և Ագնեսա Առնոլդի Օսիպովա (1971), երկուսն էլ մանկաբարձներ են։ Ունի 5 թոռ` Միխայիլ, Եկատիրինա, Լեյլա, Էդուարդ, Նատաշա։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վերջին տարիներին Ադամյանն ապրել է միայնակ։ Նա վիրահատության պետք է լիներ Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, սակայն ուշացել է, իսկ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Փրկարարները ջարդել են դուռը և գտել Ադամյանին անկողնում մահացած։
«Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տաղանդավոր վիրաբույժ, գիտնական-վիրաբույժների ռուսական դպրոցի վառ ներկայացուցիչ Առնոլդ Արամի Ադամյանը։ Նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր բժշկի, հայ ժողովրդի հավատարիմ զավակի, հրաշալի մարդու գործընկերներին, հարազատներին և մերձավորներին»,- այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ցավակցական հեռագրի մեջ[1]։ |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ՌԴ վաստակավոր գյուտարար» բժշկագիտության մեջ ներդրած գիտական, մանկավարժական, հանրային գործունեության համար
- «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Ոսկե Խաչ» Ռուսաստանի հայերի միության կողմից
- «Ճանաչում» մրցանակի դափնեկիր
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 2012 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պլաստիկ վիրաբույժներ
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ