Ապրանքային արտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապրանքային արտադրություն, հասարակական արտադրություն, որի արդյունքները փոխանակվում են որպես ապրանք։ «Ապրանքային արտադրություն ասելով հասկացվում է հասարակական տնտեսության այնպիսի կազմակերպություն, երբ ապրանքներն արտադրում են առանձին, անջատ-անջատ արտադրողները, ըստ որում յուրաքանչյուրը մասնագիտանում է մեկ որևէ պրոդուկտ մշակելու մեջ, այնպես որ հասարակական պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ է պրոդուկտների առուծախ (որոնք դրա հետևանքով ապրանք են դառնում) շուկայում»։

Ապրանքային արտադրության զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքային արտադրությունը անցել է զարգացման պարզ ապրանքային, կապիտալիստական և սոցիալիստական փուլերը։ Պարզ ապրանքային արտադրությունը գոյություն է ունեցել ստրկատիրական, և ֆեոդալական արտադրաեղանակներում, սակայն տիրապետող չի եղել։ Այն հիմնված է եղել արտադրության միջոցների մասնավոր սեփականության և ապրանքարտադրողի անձնական աշխատանքի վրա։

Կապիտալիստական արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիստական արտադրությունը ապրանքային արտադրության բարձրագույն ձևն է, որը կրում է համընդհանուր բնույթ, ապրանք է դառնում նաև աշխատուժը։ Ի տարբերություն պարզ ապրանքային արտադրության, կապիտալիստական արտադրությունը հիմնվում է արտադրության միջոցներից զուրկ վարձու բանվորների աշխատանքի վրա։

Սոցիալիստական արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական ապրանքային արտադրության հիմքում ընկած է արտադրամիջոցների ենթադրյալ հանրային սեփականությունը։ Աշխատուժը դադարում է ապրանք լինելուց, սակայն ապրանքային արտադրության անհրաժեշտությունը պայմանավորվում է արտադրության հանրայնացմամբ և աշխատանքի արդյունքների բաշխման սոցիալիստական բովանդակությամբ։

Ապրանքադրամական հարաբերությունները տնտեսական կապի ձև են պետական ձեռնարկությունների, պետական ձեռնարկությունների ու կոլտնտեսությունների, ինչպես և տարբեր կոլտնտեսությունների միջև, որովհետև սրանցից յուրաքանչյուրը արտադրամիջոցների տարբեր սեփականատեր է համարվում։

Ապրանքային արտադրությունը Հայկական լեռնաշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքային արտադրությունը Հայկական լեռնաշխարհում պատմականորեն ծագել է առնվազն մ. թ. ա. երկրորդ հազարամյակում, երբ արհեստներն անջատվեցին երկրագործությունից։ Դրան հետևել է համայնքի անդամների ունեցվածքային տարբերությունների խորացումը, ապա՝ մասնավոր սեփականության առաջացումը։ Այդ շրջանում արժեձևերի զարգացումը հասցրել է փողային ձևին։

Ապրանքային արտադրությունը Արտաշեսյան ստրկատիրական պետության շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ ապրանքային արտադրությունը Հայաստանում բավականին զարգացավ Արտաշեսյան ստրկատիրական պետության շրջանում։ 10-11-րդ դարերում, Բագրատունիների օրոք, ինչպես նաև Կիլիկիայի հայկական պետությունում (12-13-րդ դարերում), երբ բազարները զարգացան՝ դառնալով արհեստի ու առևտրի կենտրոններ, ապրանքային արտադրությունը ընդունեց ավելի մեծ չափեր։

Միջնադարյան Հայաստանում ապրանքային արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Հայաստանում ապրանքային արտադրությունն առևտուրը ծավալվելու պայմաններում առաջացել է առևտուրը և դրամաշրջանառությունը կարգավորելու անհրաժեշտություն։ Ապրանքային արտադրության զարգացման համար Հայաստանում համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին սկսած 19-րդ դարի երկրորդ քառորդից, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ Սակայն ցարիզմի քաղաքականությունը զգալիորեն կաշկանդում էր կապիտալիստական արդյունաբերության զարգացումը և, հետևաբար, պարզ ապրանքային արտադրությունը կապիտալիստական ապրանքային արտադրության վերածվելու պրոցեսը ամբողջ երկրում և հատկապես՝ ծայրամասերում։

Տնտեսապես քայքայվող հայ գյուղացին իր աշխատուժը հայրենի երկրում վաճառելու սահմանափակ հնարավորություններ ուներ։ Դրանով է բացատրվում Հայաստանից աշխատուժի հոսքը դեպի Բաքու, Թիֆլիս, ռուսական արդյունաբերական կենտրոնները։ Սոցիալիստական արտադրաեղանակի առաջացմամբ Հայաստանում կապիտալիստական ապրանքային արտադրությունը իր տեղը զիջեց սոցիալիստական ապրանքային արտադրությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 514