Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապաֆի Միքայել Բ (անգլ. ՝ Apaffi Mihaly II ), Տրանսիլվանիայի իշխան (1690—1713)։ Հոր՝ Ապաֆի Միքայել Ա-ի մահից հետո ուներ լոկ անվանական իշխանություն ։ Վիեննայի արքունիքից նրա կախումը ուժեղացել է հատկապես 1699 թվականին , Կարլովիցի պայմանագիրից հետո։ Ապաֆի Միքայել շարունակել է հայերի նկատմամբ իր հոր քաղաքականությունը։ 1696 թվականի փետրվար 7 -ի հրամանագրով Բաշդբալով գյուղում (տես Եղիսաբեթուպոլիս ) հաստատված հայերին թույլատրել է ընտրել իրենց դատավորին , պահպանել իրենց դավանանքը , ազատ առևտուր անել։ Հայերն իրավունք ունեին հարկ եղած դեպքում ուղղակի դիմել իշխանին։ 1700 թվականի հուլիսի 26 -ին Ապաֆի Միքայելի կինը՝ Կատարինե Բետլեն իշխանուհին, իր պաշտոնյաներին կարգադրել է, նկատի ունենալով հայերի ծառայություններրը , նրանց չնեղել և տոնավաճառների ժամանակ թույլ տալ առևտուր անել ցանկացած տեղում։ 1712 թվականին Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ առաջնորդ Օքսենտ Վրզարյան վարդապետը ցանկացել է Բաշդբալովի հայերին տեղափոխել իր հիմնած Գեռլա քաղաքը , որտեղ նրանք պետք է կաթոլիկություն ընդունեին։ Հայերը դիմել են այն ժամանակ Վիեննայում գտնվող Ապաֆի Միքայելին, որը Լեոպոլդ կայսրից խնդրել է թույլ տալ հայերին չտեղաշարժել։ Կայսրը 1712 թվականի նոյեմբերի 25 -ի իր գրությամբ հարգել է այդ խնդրանքը։ Ապաֆի Միքայելի հովանավորությունը նպաստել է, որ հայերը կառուցեն Եղիսաբեթուպոլիս քաղաքը, որտեղ և պահպանել են իրենց դավանանքը մինչև 1731 թվական ։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 508 )։