Ան-24 ինքնաթիռի առևանգում դեպի Չինաստան
Ան-24 ինքնաթիռի առևանգում դեպի Չինաստան | |
---|---|
Ան-24 օդանավ, որի նմանն առևանգվել է դեպի Չինաստան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | օդահենություն |
Թվական | դեկտեմբերի 19, 1985 |
Վայր | Գաննան, , |
Թռիչքի վայր | Յակուտսկ և Յակուտսկ (օդանավակայան) |
Վերջնական կետ | Իրկուտսկ և Իրկուտսկ |
Զոհվածներ | 0 մարդ |
Օդանավ | |
Մոդել | Անտոնով Ան-24 |
Ավիաընկերություն | Աերոֆլոտ |
Կողային համար | CCCP-42845 |
Կենդանի մնացած | 51 |
Ան-24 ինքնաթիռի առևանգումը դեպի Չինաստան (ռուս.՝ Угон самолёта Ан-24 в Китай), միջադեպ, որը տեղի է ունեցել հինգշաբթի, 1985 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ «Աերոֆլոտի» Ան-24Բ մարդատար ինքնաթիռն առևանգել է օդաչուներից մեկը և ուղղվել դեպի Չինաստան։ Այս միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել։
Առևանգողը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչու 33-ամյա Շամիլ Հաջի օղլի Ալիմուրադովը (ծնված 1952 թվականի դեկտեմբերի 15-ին), ավելի ուշ չինական դատարանի վճռով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, սակայն 1989 թվականին արտահանձնվել է ԽՍՀՄ-ին, որտեղ 1990 թվականին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]17307407 գործարանային և 074-07 սերիական համարով Ան-24Բ օդանավը թողարկվել էր Կիևի ավիացիոն գործարանում 1971 թվականի դեկտեմբերի 24-ին և փոխանցվել էր ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարությանը։ Ինքնաթիռը ստացել էր CCCP-47845 գրանցման համարը (որոշ աղբյուրներում սխալմամբ նշվում է 42845 համարը) և ուղարկվել քաղաքացիական ավիացիայի Յակուտիայի վարչություն, որտեղ սկսել է շահագործվել 1972 թվականի հունվարի 25-ից[1]։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնակազմի հրամանատարը 2-րդ կարգի 36-ամյա օդաչու Վյաչեսլավ Սերգեյի Աբրահամյանն էր։ Ավարտելով Սասովոյի օդաչուական ուսումնարանը՝ նա ստացել էր Ան-2 և Ան-24 օդանավերի հրամանատարի որակավորում, ինչպես նաև ուներ գյուղատնտեսական ավիացիայում աշխատելու փորձ[2]։ Երկրորդ օդաչուն 33-ամյա Շամիլ Հաջի օղլի Ալիմուրադովն էր[3]։ Օդաչուները միասին աշխատում էին արդեն երկու ամիս։ Նրանցից բացի, անձնակազմի կազմում ընդգրկված են եղել ղեկապետը (շտուրման), բորտինժեները և ուղեկցորդուհին[2]։
Առևանգում
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի դեկտեմբերի 19-ին ինքնաթիռն իրականացրել է Յակուտսկ - Ներյունգրի - Չիտա - Իրկուտսկ երթուղով 101/435 ուղևորային չվերթը։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ և 46 ուղևոր (որոշ աղբյուրների համաձայն՝ ուղևորների թիվը 38 էր[4] կամ 44[3])։ Չիտայի մոտակայքում ղեկապետը օդաչուների խցիկից դուրս է եկել զուգարան։ Նրա հետևից սրահ է դուրս եկել երկրորդ օդաչու Ալիմուրադովը, որը շուտով վերադարձել է օդաչուների խցիկ և հայտնել, որ ուղեկցորդուհուն անհրաժեշտ է բորտմեխանիկի օգնությունը։ Երբ բորտմեխանիկը դուրս է եկել խցիկից՝ երկու օդաչուներին թողնելով խցիկում, Ալիմուրադովը կողպել է օդաչուների խցիկի դուռը ներքին կողպեքով, հանել է ինքնաշեն դանակը, որն իր հետ բերել էր օդանավ, և սեղմել հրամանատար Աբրահամյանի կոկորդին՝ պահանջելով թռչել դեպի հարավ՝ Չինաստանի ուղղությամբ։ Հատուկ կոճակի օգնությամբ հրամանատարը կարգավարին ծանուցել է ինքնաթիռի առևանգման մասին, որից հետո փորձել է վայրէջք կատարել ռազմական օդանավակայանում։ Սակայն փորձառու երկրորդ օդաչուն արագ կռահել է հրամանատարի մանյովրը և նրան ստիպել է հետևել իր մատնանշած ուղղությանը, ինչպես նաև դռան հետևից զգուշացրել է բորտինժեներին և ղեկապետին, որ նրանք դադարեցնեն օդաչուների խցիկ մտնելու փորձերը[2]։
Խորհրդա-չինական սահմանին մոտենալիս հրամանատարը կապվել է կարգավարի հետ և զեկուցել իրավիճակի մասին, ինչին ի պատասխան ստացել է ռադիոկողմնացույցի՝ դեպի չինական մոտակա հասանելի օդանավակայան՝ Ցիցիհար, կարգավորման տվյալները։ Շուտով խորհրդային ինքնաթիռը հայտնվել է Չինաստանի տարածքում։ Այդ երկրի սահմանապահ զորքերը այն ուղեկցելու համար կործանիչներ չեն բարձրացրել, սակայն շուտով ռադիոկողմնացույցի սլաքը մի քանի անգամ փոխել է ուղղությունը։ Աբրահամյանի վարկածով՝ Չինաստանի իշխանությունները միտումնավոր սկսել են ինքնաթիռը շեղել ուղեգծից և պտտել լեռնային տեղանքում, որպեսզի վառելիքը սպառվի և այն կործանվի։ Հասկանալով, որ օդանավակայան հասնելն անհնար է, օդաչուն վթարային վայրէջքի համար ընտրել է բրնձի դաշտերից մեկը։ Տեղական ժամանակով մոտավորապես 14:30-ին[4] Ան-24-ը վայրէջք է կատարել Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեյլունցզյան նահանգի Գաննան շրջանում։ Ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի տուժել, իսկ ինքնաթիռը ստացել է միայն փոքր վնասվածքներ[2]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամը 20:00-ին ինքնաթիռի վայրէջքի վայր են ժամանել տեղի իրավապահները, որոնք օդանավի շուրջը տեղադրել են պահակախումբ։ Բանակցություններից հետո առևանգող Ալիմուրադովին տարել են Հարբին՝ հարցաքննության, իսկ ինքնաթիռում մնացած ուղևորներին և անձնակազմին տաք հագուստ են տվել (օդի ջերմաստիճանն իջել է մինչև -25 °C)։ ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչի ժամանումից և վայրէջքից 29 ժամ անց ուղևորներն ու անձնակազմը մեքենաներով տեղափոխվել են Ցիցիհար, իսկ դեկտեմբերի 21-ին՝ Հարբին, որտեղից Տու-134-ով հատուկ չվերթ են իրականացրել դեպի Չիտա[4]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Շամիլ Ալիմուրադովը Հարբինում դատի ժամանակ, 1986 թվական |
Ալիմուրադովի հարցաքննության ժամանակ պարզվել են այն պատճառները, որոնք դրդել են նրան հանցագործության։ Շամիլը վիրավորված էր իր ղեկավարությունից առաջխաղացման բացակայության համար. նրան չէին դարձնում օդանավի հրամանատար։ Այդ մասին նա բազմաթիվ բողոքներ է գրել բարձր ատյաններին, բայց ի վերջո նրան 5 անգամ ուղարկել են նյարդաբանի մոտ հետազոտության և նույնիսկ կարճ ժամանակով զրկել են թռիչքներից։
1986 թվականի մարտի 4-ին Հարբինում տեղի է ունեցել դատ, որը, տեղական օրենսդրության համաձայն, Շամիլ Ալիմուրադովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ 1988 թվականի մարտի 19-ին Ալիմուրադովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Նրան հաջողվել է աշխատանքի անցնել Հարբինի բժշկական ինստիտուտում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, այնուհետև նա դասավանդել է Խաբարովսկի երկրամասի սահմանին մոտ գտնվող Ծյամուսը քաղաքի մանկավարժական ուսումնարանում և օտար լեզուների ինստիտուտում[5]։
1989 թվականին նա արտահանձնվել է Խորհրդային Միությանը, իսկ 1990 թվականի հունիսի 21-ին Յակուտսկում խորհրդային դատարանը առևանգողին դատապարտել է 5 տարվա ազատազրկման[2][4]։
Ալիմուրադովը ռուսական բանտից ազատվելուց անմիջապես հետո ամուսնացել է (առաջին կինը մահացել է ավտովթարից, երբ նա գտնվում էր Չինաստանում)[5], 2004 թվականի դրությամբ նա բնակվում էր Մոսկվայում։
Անձնակազմի հրամանատար Վյաչեսլավ Աբրահամյանը հեռացվել է ավիաջոկատից։ Երկու տարի անց նա կարողացել է վերադառնալ մասնագիտություն։ Օդաչուի կարիերան ավարտել է 1998 թվականին՝ 1-ին կարգի օդաչուի կոչումով։ 2010 թվականի դրությամբ աշխատել է «Յակուտիա» ավիաընկերությունում որպես Մոսկվայում գլխավոր ներկայացուցչի տեղակալ[2]։
Առևանգված Ան-24-ը 1986 թվականի հունվարին տեղափոխվել է Չիտա[4]։ Այլ աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը երկաթուղով հասցվել է Բորզյա[2]։
Վերանորոգումից հետո օդանավը շարունակել է գործել Յակուտսկի քաղաքացիական ավիացիայի վարչությունում, իսկ 1993 թվականից՝ այդ վարչության հիման վրա ստեղծված «ՅակուտԱվիաՏրանս» ավիաընկերությունում, ընդ որում՝ օդանավի համարը փոխվել է RA-47845-ի։ 2000 թվականին օդանավը պահպանման է հանձնվել Յակուտսկի օդանավակայանում։ Ըստ տեղեկությունների՝ այդ ժամանակ օդանավն ընդհանուր առմամբ կատարել է 26200 թռիչք՝ ընդհանուր 39380 ժամ տևողությամբ։ 2009 թվականին թիվ 47845 օդանավը կտրատվել է մետաղի ջարդոնի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Антонов Ан-24Б RA-47845 а/к Саха Авиа НАК (ЯкутАвиаТранс) — карточка борта» (ռուսերեն). russianplanes.net. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Нехамкин, Сергей (2010 թ․ հունվարի 28). «Китайская ничья» (ռուսերեն). Аргументы Недели. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 3,0 3,1 Тарасов, Александр (2009 թ․ դեկտեմբերի 30). «От винта!» (ռուսերեն). Аргументы Недели. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Уфимцев, Юрий (2012 թ․ նոյեմբերի 28). «Из СССР в КНР. По воздуху» (ռուսերեն). Конкурент.Ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 Как советский пилот угнал пассажирский самолёт в Китай
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Антонова, Ирина (2010 թ․ դեկտեմբերի 17). «Как Ан-24 сел на рисовое поле» (ռուսերեն). Ил Тумэн. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- Лена Алексеева (2016 թ․ օգոստոսի 24). «Карьерный взлёт» (ռուսերեն). Meduza. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.